
«Հնարավոր է և՝ շնողցիները չմասնակցեն նախագահական ընտրություններին»,- ասում է գյուղապետը
ՀՀ նախագահական ընտրությունների քարոզչության հենց առաջին օրերին լարվածություն է ստեղծվել Շնող գյուղում: «Լարվածության այս պայմաններում հնարավոր է և՝ շնողցիները չմասնակցեն նախագահական ընտրություններին»,- ասում է գյուղապետ Հովիկ Սահակյանը:
Գյուղացիների վրդովմունքի շարժառիթը Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան Հայկազ Քոչինյանի ներկայացրած հայցն է, որով նախկին գյուղապետը պահանջում է կասեցնել «Հետքի» «Բացահայտվում են Հայկազ Քոչինյանի ապօրինությունները» հոդվածի նյութերով Լոռու մարզային դատախազության կողմից իր դեմ հարուցված քրեական գործը:
Հ.Քոչինյանի հայցի քննությունը դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ նշանակված է հունվարի 24-ին Վանաձորի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում: Շնողցիները անհանգստանում են, որ Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի նախկին գյուղապետ եղբայրը Շնող համայնքի բյուջեից յուրացրած գումարները կօգտագործի դատախազության որոշումը կասեցնելուն:
Մինչդեռ գյուղացիները ակնկալում էին, որ մարզային դատախազության քննությունների արդյունքում Հայկազ Քոչինյանն իրենց կվերադարձնի «Շնողի բժշկական ամբուլատորիա» ՓԲԸ-ի շենքի 2-րդ հարկի 400 ք.մ. ապօրինի զավթած տարածքը, կվերականգնի «Արճիս-Շնող» ջրատարից սնվող 500 մետր ջրագիծը, որը Քոչինյանն ապամոնտաժել է Շնող գետի վրա իր համար հէկ կառուցելու նպատակով, ինչպես նաև համայնքի բյուջե կվերադարձնի իր յուրացրած գումարները:
Գյուղապետ Հովիկ Սահակյանն ասաց, որ Հայկազ Քոչինյանը դատախազությունում հայտարարել է, թե վճարել է բժշկական ամբուլատորիայի 2-րդ հարկի 400 ք.մ. տարածքի պայմանագրով սահմանված 600 հազար դրամ գումարը: «Արդեն երկու օր է, գյուղապետարանի և ամբուլատորիայի բանկային հաշիվներում փնտրում ենք այդ գումարը, սակայն չկա»,- հայտնեց գյուղապետը:
Շնողնեցիները վրդովված են նաև նրանից, որ նախկին գյուղապետը իր որդուն համայնքի բյուջեից 937.0 հազար դրամ, իսկ որդու ընկեր Կարեն Հախվերդյանին 891, 0 հազար դրամ աշխատավարձ է վճարել գյուղացիների ուժերով անվճար կատարված ներհամայնքային ճանապարհների բետոնապատման աշխատանքների համար:
«Բետոնապատման աշխատանքները ավարտելուց հետո գյուղացիները գառ են մորթել ու Հայկազի հետ հաց կերել: Հայկազը այսքանից հետո գոնե գառի փողը տար»,- ասում է շնողցի Սամվելը:
Հովիկ Սահակյանը կարծում է, որ շնողցիներին կողոպտելը Հայկազ Քոչինյանի համար ապրելակերպ է եղել: «2010թ. համայնքի բյուջեից 62,5մլն դրամ է հատկացրել ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման համար: Լրացուցիչ 3մլն 120 հազար դրամ էլ ծախսել է վերանորոգման ենթակա ճանապարհիների նախագծանախահաշվային փաստաթղթերի համար: Գյուղապետարանում նախագծանախահաշվային փաստաթղթեր գոյություն չունեն: Չկան նաև կատարողական ակտեր, թերությունների և հանձնման ընդունման ակտեր: Դրա արդյունքում չեն հիմնավորվում և հայտնի չեն համայնքի բյուջեի 62,5 մլն դրամի կատարած աշխատանքների ծավալն ու որակը»,- ասում է Հ.Սահակյանը:
Այդ գումարների վճարման վերաբերյալ Շնողի գյուղապետարանի գլխավոր հաշվապահ Սվետլանա Ջավախյանը «Հետքին» ասաց, որ շինարարական աշխատանքների բոլոր գումարները կապալառու կազմակերպություններին ինքը փոխանցել է միայն կնքված պայմանագրերի հիման վրա:
Հովիկ Սահակյանը նաև հայտնեց, որ 2010 թ. նախկին գյուղապետը 5,2 մլն դրամ է հատկացրել կառուցելու համար կոյուղու կեղտաջրերի հեռացման կանավ, որով գյուղի ամբուլատորիայի, մշակույթի պալատի, խորհրդային տարիներին կառուցված գյուղի միակ բնակելի շենքի և մի շարք սեփական տների կոյուղու ջրերը պետք է թափվեին Շնող գետը:
Կանավի նախագծանախահաշվային փաստաթղթերի համար Հայկազ Քոչինյանը բյուջեից ծախսել է ևս 1,2 մլն դրամ: «Երկու տարի է անցել բյուջեի 6,4 մլն դրամի փոշիացումից, նախկին գյուղապետի կառուցած կանավը ամբողջությամբ ծածկված է հողով: Ամբուլատորիայի 2-րդ հարկում Հայկազ Քոչինյանի կառուցած, իր աղջկա բնականարանի կոյուղու ջրերը թափվում են ամբուլատորիայի շենքի տակը: Գյուղի 2 տարի առաջ վերանորոգված կուլտուրայի պալատը զուգարան և կոյուղի, իսկ բնակելի շենքն ու սեփական տները չունեն կոյուղի»,- հայտնեց Հովիկ Սահակյանը:
Նա չի ուզում հավատալ, որ Հայկազ Քոչինյանի ակնհայտ յուրացումների պայմաններում դատարանը կբավարարի նրա հայցը և կկասեցնի նրա դեմ Լոռու մարզային դատախազության հարուցած քրեական գործը:
«Հակառակ դեպքում ես գործը կներկայացնեմ Լոռու մարզային դատախազությանը: Այնտեղ հաջողություն չունենալու դեպքում կդիմեմ Սահմանադրական դատարան և անգամ Եվրադատարան: Դա առաջին հերթին շնողցիների պահանջն է»,- ասում է գյուղապետը:
Մեկնաբանություններ (25)
Մեկնաբանել