HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԿ-ները՝ ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին

Ազատ և արդար ընտրությունները ժողովրդավարության հիմքն են, սակայն ինչպես Հայաստանի բնակչության, այնպես էլ միջազգային կազմակերպությունների ընկալմամբ, Հայաստանի իշխանությունները պարբերաբար ձախողում են ազատ և արդար ընտրությունների իրականացումը: Ընտրական համակարգի նկատմամբ վստահության բացակայությունն արտացոլված է 2012 թ. խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության զեկույցում:

Գելափ կազմակերպության` վերջերս հրապարակված սոցիոլոգիական հարցման տվյալներով Հայաստանում ընտրությունների ազնվությանը հավատում է հարցման ենթարկված տղամարդկանց և կանանց ոչ ավել քան 13 տոկոսը, ընդ որում, Հայաստանը ընտրությունների արդյունքներին թերահավատորեն վերաբերվող քաղաքացիների թվաքանակով 125 երկրների շարքում զբաղեցնում է վերջից երրորդ տեղը: ԱՄՆ-ում գործող Policy Forum Armenia (PFA)-ի զեկույցի վերլուծությունները վեր են հանել ընտրակեղծիքների լայն տարածվածությունը Հայաստանում:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի մոնիտորինգը բացահայտել է ընտրական թվերի և ընտրողների «ծայրահեղ ակտիվ» մասնակցության մասին հակասական տվյալների հազարավոր անհամապատասխանություններ: Այս ամենին զուգահեռ, հասարակության հավատը ընտրությունների նկատմամբ սասանում են վարչական ռեսուրսի համատարած չարաշահումը իշխանության ղեկը զբաղեցնող կուսակցության կողմից, այդ թվում` ընտրողների ահաբեկումն ու կաշառումը, ընտրացուցակների ուռճացումը երկրից բացակայող քաղաքացիների հաշվին ու նրանց անունների հնարավոր օգտագործման հետ կապված կասկածները, ինչպես նաև ընտրատեղամասերում ընտրական գործընթացների անօրինականությունների՝ սովորական դարձած անպատժելիության բազմաթիվ դեպքերը:

Հայաստանի մի խումբ հասարակական կազմակերպությունների` «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի», «Իրավունքի Եվրոպա միավորման», «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության, «Իրավունքի գերակայություն» կազմակերպության և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի»,  հետազոտության և մոնիտորինգի արդյունքում բացահայտվել է, որ ազատ և արդար ընտրությունների անցկացումն ու լեգիտիմությունը հարցականի տակ դնող բազմաթիվ հիմնախնդիրներ պայմանավորված են հենց ՀՀ ընտրական օրենսգրքով: 2012 թ. նոյեմբերին վերոնշյալ ՀԿ-ները ՀՀ ազգային ժողով են ներկայացրել ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունների փաթեթ, ինչը պատշաճ կերպով քննության չի առնվել: Իշխող կուսակցությունն ակնհայտորեն շահագրգիռ չէր վերանայելու հակասական օրենսդրությունը, ինչի մասին է վկայում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հանձնարարականների կատարման թերացումը և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացրած առաջարկների դիտարկման նպատակով հրավիրված ազգային ժողովի նիստի վիժեցումը:

Որոշ պաշտոնյաների արդարացումը, թե միջազգային լավագույն փորձը չի խրախուսում ընտրական օրենսդրության փոփոխությունները ընտրություններին անմիջապես նախորդող ժամանակահատվածում, միանգամայն անտեղի է ընտրություններից հանրության համատարած հիասթափության պարագայում: Առաջարկվող փոփոխությունների մի մասը չէր խաթարի ընտրությունների անցկացումը, այլ հնարավորություն կընձեռեր ապահովելու քաղաքացիների ազատ կամարտահայտումը և կվերականգներ ընտրությունների նկատմամբ հանրային վստահությունը: Մինչդեռ, հասարակության համատարած անվստահության և անտարբերության, ինչպես նաև լուրջ քաղաքական մրցակցության բացակայության պարագայում հարցականի տակ է դրվում ոչ արժանահավատ ընտրական գործընթացների արդյունքում իշխանության եկած ցանկացած անձի լեգիտիմությունը:

Հաշվի առնելով այն, որ կարճ ժամանակ է մնացել բարձրացված մյուս խնդիրներին անդրադառնալու համար, ՀԿ-ներն այդուհանդերձ պնդում են, որ անհրաժեշտ է ձեռք առնել միջոցներ առնվազն փարատելու ընտրացուցակների չարաշահումների հետ կապված կասկածները: Ս. թ. հունվարի 11-ին ՀԿ-ները դարձյալ դիմել են ՀՀ ազգային ժողովում ներկայացված խմբակցություններին և որոշ պատգամավորների` կոչ անելով ցուցաբերել քաղաքական կամք և պատասխանատվություն իրենց ընտրողների առջև և հրավիրել արտահերթ նստաշրջան` ՀՀ ընտրական օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելու նպատակով` հրապարակելու ստորագրված ընտրացուցակները:

ՀԿ-ների կողմից ներկայացվող առաջարկություները նախատեսում են կատարել փոփոխություններ ՀՀ ընտրական օրենսգրքի  հոդված 11-ի 1-ին մասում (ապահովել ընտրողների ցուցակների հրապարակումը համապատասխան տեղամասերում և ինտերնետի միջոցով` ներառյալ գրանցումից դուրս եկածներինը և լրացուցիչ ցուցակները), հոդված 13-ում (կազմել և հրապարակել ցուցակներ և՛´ իրենց նախկին հասցեից դուրս գրված, և՛´նոր հասցեում գրանցված ընտրողների համար), հոդված 31-ի 1-ին մասում (դիտորդների և լրատվամիջոցների համար ապահովել ընտրողների ստորագրած ցուցակների մատչելիությունը) և 33-րդ հոդվածի 1-ին մասում (վստահված անձանց համար ապահովել ընտրողների ստորագրած ցուցակների մատչելիությունը): Սույն միջոցառումները չեն պահանջում նախապատրաստական մեծածավալ աշխատանք և չեն կարող առաջացնել ցնցումներ ընտրական գործընթացներում: Դրանք ընդամենը պահանջում են քաղաքական կամքի դրսևորում՝ վերականգնելու ընտրական գործընթացների նկատմամբ խաթարված վստահությունը Հայաստանում:   

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Իրավունքի Եվրոպա միավորում

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների

Իրավունքի գերակայություն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter