HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլայ ցարին նամակը Ուլյանով Լենինին

    (Լեռ Կամսար- 125)                 

 Լենինն ու «Ալին»

                                                                               Հասկացել էր Ալին.
                                                                              «Լենին — բեյուկ խալիֆ»:
                                                                               «Բեյուկ խալիֆ» սակայն,
                                                                              Որ հասկանում է միշտ ֆուխարայի հալից:
                                                                               Ու սիրում էր նրան,
                                                                               Այդ Լենինին հեռու
                                                                               Սիրում է Ալին Լենինին:
                                                                               Իր չարքաշի սիրով տրապիզոնցի Ալին: 

                                                                                                            Չարենց «Լենինն ու Ալին»

«Իր չարքաշի» երգիծանքի «սիրով» վանեցի Լեռ Կամսարն էլ «սիրեց» պրոլետարիատի փրկիչ առաջնորդ «այդ Լենինին հեռու», մանավանդ իր «սիրային զեղումներն» արդեն փորձարկել էր հայրենի Վանի վալիի նկատմամբ,  և առանձնապես ոչինչ սարսափելի: Վալին, երբ թատրոնում տեսել էր երգիծաբանին բացականչել էր.

-Վաղուց այդքան չէի խնդացել, աֆարի՛մ Կամսար, մեծ մարդ կդառնաս:

Սրտապնդված իր ծիծաղի  ներգործող ազդեցությունից նա որոշեց. «Ես սկսել եմ գրել բոլշևիկյան դարաշրջանից տաս տարի առաջ։ Լավ հիշում եմ, առավոտը դուրս էի գալիս մթնով, իրիկունը մի փոքրիկ պակասություն հազիվ էի տուն բերում։ Բանն այնտեղ հասավ, որ բամբասանքն այլևս հաց չէր տալիս ինձ, և ես մտադրվեցի գովասանքի անցնել։ Այս մտադրության մեջ՝ մեկ էլ տեսա Ռուսաստանում փրթավ Հոկտեմբերյան հեղափոխությունը, և Լենինն իր Ռոսսինանտի վրա հեծած հրապարակ եկավ։ Ասացի. ես այս Դոն Քիշոտը Սերվանտեսին չեմ զիջի, սրանով էլ պիտի անմահանամ, խոմ օրե՞նք չէ, որ աշխարհի բոլոր Դոն Քիշոտները Սերվանտեսն երգի։ Կապա՞լ է, ինչ է։ Լենինից այս կողմ, ոչ միայն ես, այլև Ռուսաստանի ողջ ժողովուրդն երգիծաբան դարձավ, ու այսօր չես գտնի մի ռուս մուժիկ, որ քեզ մի անեկդոտ չպատմի Լենինի մասին»։

Իր առաջին պամֆլետ-նամակը Լեռ Կամսարը Լենինին գրեց 1918թ. և տպագրեց «Հորիզոնում»: Բայց Լենինն այդպես էլ թատրոն չեկավ, չհանդիպեց մեր երգիծաբանին ու չբացականչեց իր պատմական ֆրազը. «Մալադե՛ց, տվոյ ատեց՝ դուխով տղա ես»: Անձնապես Լենինը կոնկրետ ինչպես կվարվեր, եթե թարգմանաբար կարդային նրա համար այդ նամակը, չգիտեմ, բայց նրա կռապաշտ մոգերը երգիծաբանի կյանքը դժոխքի վերածեցին:Սակայն Լեռ Կամսարի  որոշումը անսասան էր՝ որոշակի սրբագրմամբ...

« Հիմա պակասությունը ոչ միայն չես փնտրի, այլ պակասությունները խիտ անտառի պես ճանապարհդ փակել են և մեծ դժվարությամբ ես քեզ ճանապարհ բաց անում դրանք չծաղրելու։ Բայց այս էլ ասեմ՝ քննադատությունս ինձ հաց չտվեց, այլ՝ բանտ ու աքսոր։ Հացը ներբող գրողներն էին հնձում։ Ես ստիպված եղա թողնել «արվեստը հացի համար» լոզունգը և ընդունել «արվեստը արվեստի» կամ ավելի ճիշտը՝ «արվեստը ճշմարտության համար» լոզունգը»։ 

                                                                                               Վանուհի Թովմասյան  

 

                              Նիիկոլայ ցարին նամակը Ուլյանով Լենինին

Աքսորական ցարը ընդարձակ նամակ մըն է ուղղեր Լենինին‚ որմե քաղվածաբար կբերենք հետևյալը։

Սիրելի Լենինին‚ գաղափարակից ընկեր իմ․

Սրտի անհուն բերկրությամբ օրը օրին կլսեմ գործերուդ մասին: Իմ կալանավորվելես ի վեր միշտ այն մտահոգությունն ունեցած եմ․թե ինձի հաջորդ մը չթողի աքսոր երթալես առաջ․Հիմա ուրախ եմ‚ որ դուն իմ տեղս անցած գործս կշարունակես ամենայն ճարտարությամբ։ Առանձնապես հաճույք պատճառեց ինձ Բուրցևի ձերբակալությունը։Ամուր բռնե ատոր‚ այդ խլուրդին‚ որու ամբողջ գործը եղած է միապետական գաղտնիքները անքաղաքավարորեն հրապարակելուն մեջ: Եթե հաջողի քեզի Կերենսկիին բռնել‚ լուր տուր ինձի‚ սիրտս բավական պիտի թեթևի իմ ախոյանին կալանավորման ի տես: Անոր կախե անպատճառ։

Ներիր սա հարցմանս․ դուն եթե այդքան մոտիկ էիր իմ գաղափարներուս‚ ինչո՞ւ իմ իշխանությանս օրոք քեզի հեռու կպահեիր ինձմե ու չէիր գործակցեր ինձի: Եթե իմ գահընկեցությանս օրը դուն Ռուսաստան ըլլայիր‚ գիտեմ, որ այս փորձանքը չպիտի գար գլխուս: Ինչևէ‚ ես հիմա երջանիկ եմ անով‚ որ իմ վրեժիս հատուցումը քո վստահելի ձեռներուն է հանձնված: Դուն լիապես կրնաս օգտվել իմ կազմած գաղտնի ոստիկանական կազմեն‚ որք գուցե քայքայված ըլլան քիչ մը‚ բայց եթե վերակազմելու ըլլաս՝ քեզի անգնահատելի ցուցմունքներ կրնան ընել։

Պուրիշկևիչը ո՞ւր է հիմա‚ անոր կամ Մարկով 2-ին գտիր‚ անոնց հետ կրնաս սրտաբաց ըլլալ‚ անոք իմ և‚ հետևաբար‚ քո բարեկամներն են։ Լսածովս դուն հանցավորները կգնդակահարես‚ ես կկախեի սովորաբար։ Միայն սա կետին մեջ ես ու դուն կտարբերվենք իրարմե‚ բայց ատիկա մանր տակտիկական խնդիր մըն է‚ որ չի կրնար մեզի իրարմե բաժանել։ Մեր երկուսին ալ նպատակն է հեղափոխականները ջնջել‚ ըլլա կախաղանով կամ գնդակով՝ միևնույն է։ Դուն քեզի կոմիսարներու նախագահ անունը տված ես։ Պետք է ըսել‚ որ այնքան ալ հարմար անուն մը չէ ատիկա։ Ցար կոչվել ավելի լավ է‚ քան կոմիսար։ Թեև‚ ըսենք‚ քանի որ պաշտոնները միևնույնն են‚ անունը ինչ կուզե թող ըլլա‚ միայն ըսել կուզեմ‚ որ ինձի ցար տիտղոսը ավելի ախորժելի կուգա‚ քան կոմիսար։

Կարդացի Գվոզդևին նամակը։ Որպես թե իմ ատեն յոթն անգամ ձերբակալվեր է ու իմ պատճառած տանջանքները քոնի հետ համեմատած անմեղ կատակներ են եղեր․․․ Առ այս կուգամ հայտնելու‚ որ ատիկա անպատկառ սուտ է‚ որը կուգա իմ պատիվը արատավորելու։ Ես ամեն անգամ քաջաբար պատժած եմ հանցավորները և նույնքան խիստ‚ որքան դուն‚ միայն սա կա‚ որ իրավ է‚ ես բանտին մեջ մարդիկ չէի մերկացներ‚ բայց ատոր փոխարեն ես ալ անանկ բաներ կընեի‚ որ դուն չես ըներ։ Գվոզդև և նմանները կուզեն ցուցնել‚ որ մենք որպես թե տարբեր ուղղությամբ ենք գործեր‚ բայց կուգամ հայտարարելու‚ որ մեր երկուսիս գործունեությանց մեջ մազաչափ տարբերություն անգամ չկա։ Ես Շմիդտը գնդակահարեցի‚ դուն յունկերները‚ ես Սպիրիդոնովան բռնաբարեցի‚ դուն՝ կանանց բատալիոնը։ Ես ալ կամեցա հաշտվել գերմանացոց հետ‚ դուն ալ կուզես նույնը ընել․․․ Ա՜խ‚ ա՜խ․․ սիրելի Ուլյանով‚ սիրտս լեցված է անհուն կսկիծով‚ կուզեմ բանալ առջևդ‚ բայց գրիչս չի զորեր․․․

Որիշ ինտո՞ր ես։ Տիկինդ ինչպե՞ս է։ Եթե Ռասպուտինը ողջ ըլլար‚ անշուշտ կուրախացներ տիկնոջդ‚ ինչպես ժամանակին ուրախացուց կնկաս։

Սրտագին բարևներով՝ քո ՆԻԿՈԼԱ 

ՀԳ Իրավ մոռցա ըսելու․ չէր կարելի հրամայեիր․ որ Պետրոգրադ գայի ես‚ կարծեմ այլևս անձիս համար վտանգ մը չկա‚ քանի որ բոլոր հեղափոխականները բանտն են լեցված։ Համենայն դեպս՝ այս կետը քո ուշադրությանը կհանձնեմ։ Եթե դա վաղաժամ կգտնես՝ հոգ չէ‚ քանի մը օր ալ կսպասեմ։

Լեռ Կամսար, 1918թ.«Հորիզոն»

                                ԺԱՄԱՆԱԿԻ, ԿԱՄ ԱՎԵԼԻ ՃԻՇՏ` ԻՐ ԽԵԼՔԻ ԶՈՀԸ

Սովետ Միությունը, որպեսզի ուղղորդի մտավորականի միտքը, հսկի նրան, կանխարգելի այլախոհությունը, ստեղծեց բազմաթիվ ստեղծագործական եւ գիտական միություններ։ Ամեն մի «իրեն հարգող» միություն ուներ իր կուսկոմը, պրոֆկոմը, ինչպես նաեւ «հատուկ բաժին», ուր նստում էր «հաստիքավոր մատնիչը», որին այն ժամանկներում անվանում էին «ագենտ», իսկ մեր ժամանակներում` «լրտու» (գեթ լավ է որ ոչ «լրաբեր» կամ «ավետաբեր»)։

Մեկ անգամ հեռուստատեսությամբ իմ շատ սիրելի գրողներից մեկը ամենայն անկեղծությամբ հայտարարեց, որ «ժամանակներն էին մեղավոր եւ բոլորն էլ մատնում էին` չի կարելի մեկի՛ն սարքել քավության նոխազ»։ Ափսոս չնշեց այդ հրեշավոր ժամանակի տեւողությունը։ Պետք է ենթադրել, որ նկատի ուներ միայն անհատի պաշտամունքի տարիները։ Դե, ուրեմն, ես բաց կթողնեմ, չեմ պատմի հա, թե ինչպես 1931թ-ին խորհրդային գրողները միահամուռ, համերաշխորեն Լեռ Կամսարի ոտն ու ձեռը կապելով, դրեցին զոհասեղանին, այլ կանցնեմ միանգամից 1956թ., երբ արդեն պաշտվող անհատը գամված էր անարգանքի սյունին։

Մի բանի համար եմ, գիտե՞ք, ցավում, որ իր ամբողջ կյանքում Լեռ Կամսարը չիմացավ իր լավն ու վատը, չըմբռնեց «ժամանակի պարտադրանքը» եւ չօգտվեց դրանից։ Չէ՛, ապրելու եւ հարմարվելու բանաձեւը, որը նույնպես արվեստ է, էդպես էլ չսովորեց։ Չէ~, էլ ո~նց կլիներ, պիտի հեծներ իր «արդարության եւ ճշմարտության ավանակին» եւ համառեր։  Ա~յ մարդ, ոնց բոլորը, մեկն էլ դու։ Հետո կարդարանայիր`  բրդելով ամեն ինչ ժամանակի շալակը։ Եվ ի՞նչի համար, եղբայր, ինչո՞ւ…Է՞ս չի քո գրողի կարգավիճակը…Շեղվեցի, հա, ի՞նչ էի ուզում պատմել…

Վերադառնալով աքսորից` երգիծաբանը, տեսնելով, որ փակ են իր առջեւ բոլոր հրատարակչությունների եւ խմբագրությունների դռները, որոշեց գոնե կենսաթոշակը վերականգնել, որ գոյատեւեր։ Դիմեց գրողների միություն, որն անմիջապես ընդառաջեց իր հանձնարարականով։ Բայց դե, աչալուրջ «լրտուն» հո քնած չէր։ Մինչ Լեռ Կամսարը իր ծերունական քայլերով գրողների միությունից կհասներ համապատասխան մարմիններին, Չեկայի եւ Կենտկոմի սեղաններին դրվեց 1918թ.-ին «Հորիզոնում» լույս տեսած երգիծաբանի մեկ ֆելիետոնը Լենինի մասին։

Զուր էր այդքան չարչարվել «լրտուն»` քրքրելով արխիվները։ Նա ընդամենը կարող էր տալ Թումանյան 15/4 հասցեն, որտեղ  ոչ թե մեկ, այլ հարյուր մեկ այդպիսի պամֆլետներ կարելի էր գտնել։ Ափսո~ս, շատ ափսոս, որ նա այդ չարեց։ Խրուշչովյան հալոցքն էր, չէին սպանի երգիծաբանին, այլ կարտաքսեին երկրից։ Ձեզ եմ թողնում միայն երեւակայել, թե որքան կշահեր հայ ժողովուրդը եթե մեր այլախոհը եւ հավերժ ընդդիմախոսը հայտնվեր արեւմուտքում` իր բոլշեւիկյան գարշանքը պատկերող «Կարմիր օրագրով»։ Մի «լրտուի» ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի պատճառով տեսնում եք ինչ պատեհությունից զրկվեցինք։

Շատ են ականջիս շշնջացել մատնիչի անունը, բայց լրիվ անկեղծ եմ ասում, ոչ խոցվել եմ, ոչ էլ հուզվել։ Եթե «բոլորն էին այդպես», ուրեմն` «բոլորի» հերն էլ անիծած։ Դարդս միայն այն է, որ նրանց ստեղծագործություններով եմ սնվել ու հղկվել, հիմա էլ որդիներիս եմ նրանցով կրթում ու դաստիարակում։ Ահա որն է սարսափելին, որն  է ողբալին…  

Վանուհի Թովմասյան

Հ.Գ. «Ժամանակն է մեղավոր», ո՞րն է, բա՞ խիղճը, մարդ Աստծո’, ամենասովորական մարդկային խիղճը…Տականքը միշտ տականք է, ժամանակը ի՞նչ հող տա գլխին…

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈւԹՅԱՆ ՎԱՐՉՈւԹՅԱՆԸ

ՄԻՈւԹՅԱն ԱՆԴԱՄ ԼԵՌ ԿԱՄՍԱՐԻՑ

                                         Դ Ի Մ Ո ւ Մ 

Հարգելի ընկերնե՛ր,Քառասունհինգ տարվա ստաժով հայ գրող եմ ես, որից քսան տարին` ամենաբեղուն շրջանը իմ կյանքի, զոհ գնաց մի ցավալի թյուրիմացության, որն ափսոսալու համար բառեր չեմ գտնում: Քսան տարի ետ եմ մնացել:Ու այժմս, երբ կորուստը դարմանելու համար կամենում եմ քայլերս արագացնել` տեսնում եմ, որ ոտներիս մեջ ուժ չկա։ Ուժ չկա ոչ նրա համար, որ 70-ի մոտ հիվանդ մարդ եմ, այլ ուժ չկա որովհետեւ…քաղցած եմ:

Հայ գրական ասպարեզում «քաղցածությունը» անսովոր տերմին չէ, եւ շատ գրողներ են քաղցած մեռել: Բայց այդ այն ժամանակ, երբ գրողները չեն ունեցել իրենց մասին հոգացող մի կազմակերպություն: Իսկ ներկայումս, երբ գոյություն ունի հայկական կառավարություն, գրողների միություն եւ այլ բազմաթիվ կազմակերպություններ, որոնք աշխատում են քարից անգամ գրողներ քամել` ասում եմ, այժմս, թույլ տալ, որ մի բազմամյա գրական գործիչ սովամահ լինի` այդ արդեն թողնում եմ ձեզ երեւակայել, թե որքան անթույլատրելի է:

Իմ գրական գործունեության ողջ ընթացքին, ես աջ ձեռքով գրել եմ, ձախով պայքարել կյանքի համար։ Իսկ այն դեպքում , երբ կարիքը վիզս փաթաթած օղակը ավելի է սեղմել, ես գրիչս տվել եմ ձախ ձեռքս եւ աջով պայքարել ու երազել այն ժամանակի մասին, երբ ինձ էլ կհաջողի երկու ձեռքերով գրասեղանիս առաջ նստել` մեկով թուղթը բռնել, որ չսահի, մյուսով գրել ազատ։ Ես ծեր եմ արդեն եւ տրամվայում երիտասարդ ուղեւորները իրենց տեղն են առաջարկում ինձ, բայց ես գլխումս ունեմ ամբարած բազմաթիվ չասված մտքեր, որոնց ափսոսում եմ հետս գերեզման տանել։ Ուզում եմ քամել, մզել իմ էությունը ու մարդկության պիտանի մտքերս աշխարհին թողնել ու հետս գերեզման տանել միայն իմ մահկանացու մասը, որն ոչ ոքի հարկավոր չէ։

Ա՛րդ, Հայաստանի Գրողների հարգելի վարչություն, ձեզանից կխնդրեի սատարել ինձ ամեն կերպ, որ ես այս գերազանցապես հասարակական իղձերս կատարած լինեմ։ Իսկ դրա համար շատ քիչ բան է հարկավոր։ Միջնորդել համապատասխան մարմինների առաջ, որ, ինչպես մյուս գրողներին, ինձ էլ թոշակավորեն ըստ իմ ստաժի եւ գրական արժանիքի, որ ապրեմ ու գրեմ։ Ուրիշ խոսքով մի քանի կաթիլ ձեթ մի մարվող ճրագի մեջ։ Ու ես ամենեւին չեմ տարակուսում, որ դուք այդ կանեք, որի համար հայտնեմ պիտի իմ շնորհակալությունը ձեզ, անխառն երախտագիտությամբ։

Խորին հարգանքներով` Լեռ Կամսար 

        .

Լեռ Կամսարի «Կարմիր օրեր» օրագրից 

Ուրբաթ 20.-  Մի խնդրեմ երեսիս նայեցեք` սպռա՞ծ եմ։ Չեկայից եմ գալիս այս րոպեիս։ Կանչել էին առաջս դնելու երեսունութ տարի առաջ «Հորիզոնում» գրած իմ մեկ ֆելիետոնը Լենինի մասին եւ բացատրություն պահանջելու։ Ես բոլորովին մոռացել էի դրա մասին։ Երբ բացեց թերթն ու կարդաց հոդվածը` մազերս բիզ-բիզ կանգնեցին։ Այնտեղ գահընկեց Նիկոլայ ցարը հետեւյալն է գրում իշխանությունը գրաված  Լենինին. «Մինչեւ օրս ես մտահոգված էի, թե ինձանից հետո չի լինի մեկը, որ շարունակի իմ բռնակալ քաղաքականությունը։ Այսօր, սակայն, տեսնում եմ, որ հանձին քեզ ես ունեմ իմ արժանավոր ժառանգը։

Ես իմ ողջ կյանքում աշխատեցի երկրից արմատախիլ անել բոլոր քաղաքական կուսակցությունները, բոլոր տարբեր մտածողներին, բոլոր ինքնուրույն մարդկանց, ջնջել խղճի, համոզմունքի եւ կրոնի ազատությունները եւ սակայն, այդ ինձ չհաջողվեց, որովհետեւ իմ բռնության միջոցները պրիմիտիվ էին, նախնական, իսկ պատիժներս` տնայնագործական։ Երկու տարին մեկ մարդ էի կախում` այն էլ փտած պարանով, պարանը կտրվում էր եւ, ըստ ընկալյան օրենքի, մահապարտն ազատվում էր։ Երեք տարին մեկ մի տաժանակիր էի ուղարկում Սիբիր` ամենաշատը տասը տարով։ Է՛, երեք տարին մի մարդ ուղարկելուց Սիբի՞ր կտաքանա։ Իհարկե ո՛չ։ Բայց հրճվանքով տեսնում եմ, որ դու պատիժը մեքենայացրել  ու պուլեմյոտով մի րոպեում հարյուր հազարավոր մարդ ես փռում գետնին։ Հետո` այնքան շատ մարդ ես աքսորել Սիբիր, որ «բուղ» է բարձրանում այտեղից, եւ աքսորականները, տաքությանը չդիմանալով, բաց են արել Սիբիրի դուռն ու պատուհանը, որ այրեցյալ գոտուց մի փոքր զովություն ներս թափանցի…

Չէ՛, սիրելի՛ Լենին, դու իմ փնտրած մարդն ես։ Ցարական բոլոր ժանդարմներն ու լրտեսները դնում եմ քո տրամադրության տակ քո կարիքներին գործածելու համար։ Կաթոգին սեղմում եմ ձեռքդ, ցանկանում քեզ հաջողություն եւ… մեռնում»։

Կարդաց  Չեկայի նախագահը այս, ապա հարցական երեսիս նայեց, ասել ուզելով.- Այս գրելուց հետո ինչպե՞ս ես համարձակվել ողջ մնալ ամբողջ երեսունութ տարի։ Ապա հարցրեց.

Զգո՞ւմ ես քեզ հանցավոր։

- Շատ սաստիկ,- պատասխանեցի։

- Հապա ինչպե՞ս է, որ դրանից հետո ապրում ես։

- Ապրում եմ, որովհետեւ շատ եմ հանցավոր։ Այդպիսի հանցանք գործողը, երեսունութ տարի բոլշեւիկյան ռեժիմում ապրելով, չի կարող իր մեղքերը քավել. ինձ նման հանցավորը պետք է հարյուր երեսունութ, երկու հարյուր երեսունութ տարի ապրի այս ռեժիմում, որ կարողանա քավել իր հանցանքը…

- Այսքան անտանել՞ի ես համարում մեր ռեժիմը,- հարցրեց։

 Այո՛,- պատասխանեցի։

Այդ դեպքում դու երբեք չպիտի մեռնես,- ոտը գետին զարնելով` գոռաց Չեկայի նախագահը ու վեր կացավ։ Տուն եմ գալիս սոսկալի ընկճված։ Միշտ ինձ մխիթարել եմ այն հույսով, թե մի օր կմեռնեմ, սրանց ձեռքից կազատվեմ։ Ասացե՛ք խնդրեմ, սրանից հետո ինչո՞վ մխիթարվեմ…      

                                                                                            Հունվար, 1956թ. 

 

ՀՍՍՌ ԳԵՐԱԳՈւՅՆ ՍՈՎԵՏԻ ՆԱԽԱԳԱՀՈւԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԸՆԿ.Շ. ԱՌՈւՇԱՆՅԱՆԻՆ

                              ՆԱՄԱԿ  ԼԵՌ ԿԱՄՍԱՐԻՑ

Հարգելի ընկ. Առուշանյան.

Այն հանրապետության մեջ, որի նախագահն եք Դուք, ապրում է մի շատ դժբախտ քաղաքացի։ Այդ ես եմ։ Արդյոք չէի՞ք ցանկանա լսել նրա պատմությունը, որը հետեւյալն է։ Ուրեմն`

Քսան տարի հալածվելուց հետո Գերագույն դատարանի կողմից ճանաչվում եմ անմեղ, ռեաբիլիտացիայի եմ ենթարկվում եւ որպես իմ նախկին բոլոր իրավունքներում վերականգնված մեկը` գնում եմ անհատական թոշակների հանձնաժողովի նախագահ ընկ. Բալաբեկ Մարտիրոսյանի մոտ ( հետս ունենալով գրողների միության հանձնարարականը) եւ խնդրում վերականգնել  նախկինում ստացածս կենսաթոշակը։ Այստեղ ընկ. Մարտիրոսյանը թե`

-Քո անհատական թոշակը չենք վերականգնում։

-Ինչո՞ւ,- հարցնում եմ։

-Որովհետեւ դու սրանից 40 տարի առաջ Լենինի մասին ֆելիետոն ես գրել։

- Ճիշտ է,- ասում եմ,- գրել եմ, բայց չէ որ Լենինն իր կենդանության ժամանակ ամնիստիա է տվել բոլոր իր դեմ մեղանչածներին։

- Այո՛,- ասում է ընկ. Մամիկոնյանը,- ամնիստիա տվել է, բայց չի ասել, տարեք նրանց կենսաթոշակ տվեք, որ ապրեն։

Երբ նրա մոտից դուրս էի եկել`  հանկարծ մտածեցի.

-  Իսկ, հետաքրքիր է, Լենինն ասե՞լ է, որ նրանց կենսաթոշակը կտրեք, որ մեռնեն…

Անկարելի է որ ասեր։ Ես 40 տարի առաջ Լենինին չէի ճանաչում, բայց հետագային, երբ ճանաչեցի` այժմ հաստատ կարող եմ պնդել, որ նա այդպիսի  բան չէր ասի։ Նա մեծ մարդ էր, սիրում էր հայ ժողովրդին եւ իր մասին գրված մի ինչ-որ ֆելիետոնի համար չէր վերացնի նրա միակ երգիծաբանին։

Հա՛։ Այնուհետեւ, խոսակցության ժամանակ, ես երկար աշխատեցի համոզել ընկ. Բալաբեկին, թե դրանից հետո Հայաստանի ղեկավարությունը այդ հանգամանքին տեղյակ լինելով հանդերձ ինձ արտասահմանից կանչեց Հայաստան  աշխատակցելու այն ժամանակվա կենտրոնական օրաթերթ «Խորհրդային Հայաստանին», որի մշտական աշխատակիցը դարձա ամբողջ 15 տարի, պայքարեցի սովետական խորթ իդեոլոգիայի դեմ ողջ կարողությամբս եւ արժանացա անհատական կենսաթոշակի։ Բայց զուր անցավ ջանքերս, չհամոզվեց նախագահը, եւ դուրս եկա նրա մոտից։ Երբ փոր ու փոշման գնում էի փողոցով, երեւակայությամբ բանտը վերադարձա եւ երանի տվի այն օրվան։

Ասում եմ` այն ժամանակ, երբ փորձեցի հացադուլ հայտարարել` ինձ բռնի կերակրեցին։ Իսկ այսօր, ազատության մեջ, երբ ցանկանում եմ ապրել` բռնի սովամահության են ենթարկում…Մեռնելը ինձ համար դժվար բան չէ, իհարկե, կարելի է եւ մեռնել, մանավանդ հիմա, երբ արդեն 70-ի մոտ մարդ եմ, քայքայված առողջությամբ, անվերջ հալածանքից շշմած, կարիքի մեջ խեղդված։ Ես հե՛չ։ Ես ավելի շատ սովետական իշխանության մասին եմ մտածում։

Ձեզ հայտնի է, որ արտասահմանում դաշնակցությունը ապրում է բացառապես մեր ղեկավարությանը քննադատելով։ Եթե այդպիսի ծանր պայմաններում մեռնեմ` պիտի վեր կենա եւ աշխարհով մեկ հայտարարի թե` տեսե~ք, Լեռ Կամսարն իր ամբողջ կյանքի ընթացքում ծաղրեց մեր բոլոր սրբությունները՝ մենք նրան ներեցինք, իսկ սովետական կառավարությունը ընդամենը մի ֆելիետոնի համար սովամահության ենթարկեց նրան։

                                                           ------

Այստեղ, հարգելի ընկ. Առուշանյան, կարելի է վերջացնել նամակիս առաջին հատորը (առանց նրա երկրորդ հատորով սպառնալու Ձեզ) եւ վերջակետ դնել։ Իմ խնդիրը վճռելիս` նայեցեք Ձեր հարմարությանը։ Եթե կհաստատեք Գերագույն դատարանի վճիռն իմ անմեղության մասին եւ կվերադարձնեք ինձ իմ կենսաթոշակը` խորին շնորհակալությամբ Ձեր երկու ձեռքերը կսեղմեմ, իսկ եթե կգտնեք, որ ոչ, իրոք որ ես իրավունք չունեմ ապրելու, այն ժամանակ, ի նկատի ունենալով, որ սովետական կոդեքսում սովամահության պատիժ նախատեսված չէ` կխնդրեի Ձեզ «ներման կարգով» իմ սովամահությունը գնդակահարությամբ փոխարինեք։ Լավ է միանգամից մեռնել, քան մեռնել ամեն օր 24 ժամ։ Ինքնըստինքյան, ուրեմն, հասկանալի է, թե ինչ անհամբերությամբ եմ սպասում Ձեր պատասխանին։

Խորին հարգանքներով`  Լեռ Կամսար

1956թ. մայիսի 10, Երեւան ,

 

ՀՍՍՌ ԳԵՐԱԳՈւՅՆ ՍՈՎԵՏԻ ՆԱԽԱԳԱՀՈւԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
                                    ԸՆԿ. Շ. ԱՌՈւՇԱՆՅԱՆԻՆ

                                                                     Երկրորդ նամակ` ԼԵՌ ԿԱՄՍԱՐԻՑ

Հարգելի ընկեր Առուշանյան.

Սրանից ուղիղ 22 օր առաջ մի խնդրանքով Ձեր դուռը բախեցի ու մինչեւ օրս դռան վրա կանգնած պատասխանի  եմ սպասում, բայց պատասխան չկա։ Ես Ձեզանից զատ ուրիշ բազմաթիվ տեղեր պիտի դիմեմ։ Երեւակայեցեք եթե ամեն մեկի դռանը 22 օր կանգնեմ` ի՞նչ կլինի իմ վիճակը։ Հետո, նկատի ունեցեք նաեւ այն, որ երբ մի մարդ իր լինել-չլինելու խնդիրը հանձնում է մի ուրիշի հայեցողությանը, ապրում է սպասողական, տագնապալի, դառնում է սնահավատ, հավատում երազների, փռնգտալուն զանազան իմաստներ վերագրում, քնում է խռովահույզ ու հաճախ վատ երազներ տեսնում։           Պատմեմ մեկը դրանցից։ Անցյալ գիշեր երազումս ես մեռա։ Այո, երբ տեսա ապրելու բոլոր ջանքերը զուր անցան` մեռա։ Ու գնում եմ թաղման բյուրո` Շահապունուց տեղ խնդրելու։ Բայց ճանապարհին մտածում եմ։Երբ պետական բոլոր հիմնարկները չուզեցին, որ ես գեթ մի երկու տարի էլ ապրեմ, թաղման բյուրոն ինչո՞ւ պիտի ինձ հավիտյան մեռնելու իրավունք տա։ Չի տա, ուրախացա ես քայլերս արագացնելով։ Մինչեւ դիմումիս վրա մակագրելը ես երկար կապրեմ դեռ։

Բայց… որքան մեծ եղավ զարմանքս, երբ Շահապունին դիմումս կարդալուն պես մակագրեց` այն էլ դրական իմաստով։ Ի՞նչ կարող էի անել։ Օրդերը ձեռքիս, տխուր- տրտում քայլեցի դեպի գերեզմանոց, սակայն մի թաքուն հույս սրտումս, թե գերեզմանոցի դռանը կկարդամ` «ստուգման պատճառով գերեզմանոցը փակ է» ու մի որոշ ժամանակ էլ կապրեմ։ Գերեզմանոցի դռանը, սակայն, ոչինչ չէր գրված։ Ու ես հանգստարան մտնելուց առաջ հետեւյալը մտածեցի։

- Հե~յ աշխարհ,- ասում եմ,- ինչո՞ւ ամեն բան էսպես թարս ես ստեղծել։ Այն հիմնարկները, որոնք ստեղծված են կյանք տալու մարդկանց` անվերջ մերժում են, իսկ այն հիմնարկները, որոնք մահ են մատակարարում, այսպես սիրալիր են վերաբերվում դեպի հաճախորդի կարիքները…

Իսկ որքան լավ կլիներ աշխարհը, եթե ճիշտ դրա հակառակը` մահ տվող հիմնարկները անվերջ մերժեին մեռնողներին, իսկ կյանք տվողները անմիջապես ընդունեին։ Այդ ժամանակ գիտեք ի՞նչ կդառնար մարդկային ցեղը։ Կանմահանար։ Այսինքն այն , ինչ մարդկությունը երազել անգամ չի համարձակվում ներկայիս։

                                                          ------

Մի երկրորդ երազ էլ եմ տեսել` ընկեր Առուշանյան, բայց թողնում եմ երրորդ նամակիս պատմելու։ Ես գիտեմ` Դուք դեռ երկար կուշացնեք դիմումիս պատասխանը, որովհետեւ հարցը ծանրակշիռ է։ Թեեւ ճշմարիտ է, 40 տարի առաջ գործած «հանցանքը» ներված է Լենինի դեկրետով իր ժամանակին, ներված է Հայաստանի կառավարույան կողմից 1921 թվականին, այնուհետեւ ներված է Գերագույն դատարանի կողմից 1956 թվին, բայց կերեւի մի «հանցանքին» երեք ներում քիչ է դեռ։

Միայն, ընկեր Առուշանյան, եթե պատահի այնպես, որ Դուք կամենաք չորրորդ անգամ ներել ինձ, խնդրում եմ տակն ավելացնել` «ներումն վերջնական է եւ անբեկանելի»։

Թե չէ ես այդքան բարի մարդիկ որտեղից ճարեմ, որ ինձ անվերջ ներեն։

Մնամ` նույն հարգանքներով` նույն Լեռ Կամսար

1956թ. հունիսի 2, Երեւան 

 

                Վերջաբան` խորհրդածելու համար    «Կարմիր օրեր» գրքից 

 ( Որպեսզի ընթերցողը տեսնի, որ էս մարդուն թոշակ տան,թե չտան, էլի իր էշն է քշում )                                                                                                                                                                 Լեռ Կամսար

Գիշերս, երբ թոշակառու հանձնաժողովի նախագահ Բալաբեկ Մարտիրոսյանը պաշտոնապես հայտնեց, թե քառասուն տարի առաջ Լենինի մասին ֆելիետոն գրելու համար ինձ թոշակ չի կարող տալ` վեր կացա, երկինք գնացի, ասացի գնամ նախապես ինձ տեղ պատրաստեմ` գամ մեռնեմ, ազատվեմ սրանց ձեռից։ Բարձրանում եմ երկինք եւ ի՞նչ եմ տեսնում. սոսկալի խուճապ։ Վերին Երուսաղեմի գարնիզոնի նաչալնիկի հրամանով պատերազմական դրություն է հայտարարված քաղաքում, ամեն ոք աշխատում է իրեն տուն գցել, փողոցները րոպեապես ամայանում են, խանութները փակվում։ Մի հրեշտակի հարցրի` ի՞նչ է պատահել, ասաց` վերջին դատաստանն է, ու առաջին հերթին դատվելու են այն բոլոր անպատենտ աստվածները, որոնք պաշտվել են մարդկությունից։

Եվ, իրոք, տեսնեմ դժոխքի կողմից գալիս է աստվածների էտապը` շրջապատված սատանաների խիտ շղթայով։ Իսկ աստվածների շարքին վերջ չկար. գալիս, գալիս, գալիս են անհատնում շարքերով։

- Տե~ր աստված, ասում եմ,- մի՞թե մարդիք այսքան աստված են պաշտել։ Կամ` այսքան աստված պաշտելուց հետո մարդիկ ինչպե՞ս են ժամանակ գտել ուրիշ բան էլ անելու… Առջեւից գնում էին կավե աստվածները, նրանց ետեւից տոտեմները, պաշտված նախահայրը, հին հունական աստվածները` Զեւսի գլխավորությամբ, ապա նրա տառացի թարգմանությունը` հայկական աստվածներն Արամազդի առաջնորդությամբ, եգիպտացոց  Ապիս ցուլը` իր սրբազան պոչով, հետո` ո~վ զարմանք… մեր Լենինը, մեր Ստալինը։

Ամենից վերջը գալիս էր Իսրայելի ժամանակավոր աստված, Ահարոնի շինած Ոսկե հորթը` երկու սատանայի օգնությամբ։ Շատ էր փոքր աստվածը, ու ետ մնալու պատճառով մի սատանա քաշում էր նրա վզից կապած թոկը, մյուսը` ետեւից հրում։ Ես հաջողեցի ինձ մի կերպ դատաստանական դահլիճ գցել եւ ապշած դիտում էի շուրջս, սպասելով` ի՞նչ պիտի պատահի։

«Ահեղ» դատավորի աթոռին նստած էր նա ինքը` արարիչը բոլոր արարածների, ամենակալ, ամենակարող, միակ, կենտրոնական  Աստվածը, որը միայն իրավունք ունի մեծատառով գրվելու։ Մի սերովբե աջ կողմում, մի քերովբե էլ ` ձախում։ Աչքերի մեջ բարկության շանթ ու կայծակներ։ Մի կողմում տիեզերական դատախազը, մյուսում` պաշտպանությունը։ Նախքան պրոցեսի սկսելը կարդացվեց պաշտպանության դիմումը, որով խնդրվում էր ազատ արձակել Ոսկե հորթին, որպես 18-ը չլրացած անչափահասի։ Դատական կազմը ընդունեց միջնորդությունը, եւ կապը հորթի վզից արձակելով` բաց թողին անչափահաս աստծուն։ Պետք էր տեսնել, թե ուրախությունից ինչպե~ս էր այդ հորթը տրտինգ տալիս երկնքի բացերում…Առաջ կանչվեց Ապիս ցուլը։

- Ձեր անո՞ւնը, զբաղմու՞նքը,- հարցրեց ամենակարող Աստվածը։

Ապիսը նշանացի հասկացրեց, որ ինքը խոսել չի իմանում եւ իր պաշտպանին ցույց տվեց։ Պաշտպանը հայտնեց, որ իր պաշտպանյալի անունը Ապիս է, իսկ զբաղմունքն է` կովերին բեղմնավորելը։

- Ծո անասու՛ն, - պոռաց Աստվածը,- մի պոզերի՛դ    նայիր, մի պոչի~դ նայիր, դու այդ վիճակով ինչպե~ս հաջողեցիր դարերով պաշտվել եգիպտացիներից։ Սրա վրա պաշտպանը վեր կացավ ու`

- Տե՛ր Ամենակալ,- ասաց,- այս կենդանուն դու ես ստեղծել, եթե վատ բան է պոզ ու պոչ ունենալը, ինչո՞ւ ես տվել։ Ստեղծել ու ծաղրել` դա վայել չէ խելքը գլխին աստծուն։ Իսկ ինչ վերաբերում է նրա պաշտամունքին, երեւակայեցեք, մինչեւ օրս էլ նա չի իմանում, որ ինքը պաշտվել է երբեւիցե…

Դատավարությանը, հունական Զեւսի եւ հայկական Արամազդի խմբակները, որպես զուգահեռ աստվածություններ եւ միեւնույն հանցանքում մեղադրվողներ` մի պաշտպան էին բռնել, որն աշխատում էր արդարացնել իր պաշտպանյալներին, մեղքը երկրի աշխարհագրական կառուցվածքի վրա բարդելով։ Նա ասում էր.

- Եթե չլինեին Օլիմպոսն ու Մասիսը, եւ դրանց դավանող ժողովուրդները ապրեին տափաստանում, այսօր ո՛չ Զեւս գոյություն կունենար, ո՛չ Արամազդ։

Աստված այս խոսքի վրա կանչեց Լենինին եւ Ստալինին ու`

- Ձեր երկրի մակերեւույթը ի՞նչ կազմություն ունի,- հարցրեց։

- Հարթ տափաստան է,- պատասխանեցին նրանք։

- Տեսնո՞ւմ ես,- դարձավ Աստված պաշտպանին,- Ռուսաստանը ոչ թե սար, այլ մի պոպոք կոտրելու քար անգամ չունի եւ, սակայն, աշխարհի ամենադաժան աստվածներին է տվել, հանձինս Լենինի եւ Ստալինի։ Վերջիններիս համեմատել կարելի է միայն Մողոքի հետ. նա  այրում էր զոհերին իր շիկացած գրկում, իսկ սրանք անշնչացնում էին Սիբիրի սառնամանիքներում։

Պրոցեսի վերջում զանազան աստվածներ դատապարտվեցին տարբեր ժամանակներով չգոյության։ Իսկ Լենինին եւ Ստալինին Աստված հանձնեց Գաբրիել հրեշտակապետին, որ տանի երկրորդ անգամ մեռցնի։ Դատարանից դուրս գալիս, Լենինը դարձավ Ստալինին.

- Մենք այնպիսի մի ավանակ երկրում ենք ծնվել, որ ինչքան շատ մեռցնեն մեզ, այնքան ավելի ուժգին կպաշտվենք…

                                                    -------

Կրոնները, ուր պաշտվում են անշահախնդիր, գոյություն չունեցող աստվածները` դա արվեստ է արդեն, եւ տեղի է ունենում իսկական կոմեդիա։ Իսկ Լենինի, Ստալինի նման կերած-խմած աստվածների առկայությամբ կոմեդիան ֆարսի է վերածվում։                                                                                                                                             1957թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter