HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Փոքր ծրագրերից է սկսվում մեծ համագործակցությունը»

Նախկին շրջանային կենտրոն Ախուրյանի բազմաբնակարան շենքերով հագեցած կենտրոնական հատվածը 1988 թ.-ի երկրաշարժից գրեթե լիովին ավերվեց: Ավերածությունը բնակավայրում քանի որ նույն նկարագիրն էր կրում, ինչ Գյումրիում, Կառավարությունը որոշեց երկու բնակավայրն էլ վերականգնել ոչ թե հին վայրում, այլ նրանից դուրս: Այդպես Գյումրին ժառանգեց մի քանի նորակառույց ու կիսակառույց թաղամասեր, իսկ Ախուրյանն իր կազմում ունեցավ 500 բնակչով Նոր Ախուրյան կոչվող թաղամասը: Սարալանջին կառուցված բնակավայրի ստորին հատվածում երկհարկանի առանձնատներ են, ավելի բարձրադիր՝ բազմաբնակարան շենքեր: Ախուրյան գյուղից 5 կմ հեռավորության վրա գտնվող Նոր Ախուրյանում, երբ հարցնում ես բնակիչներին հուզող խնդիրներից, առաջնահերթ մատնանշում են միջհամայնքային ճանապարհի հիմնանորոգումը:

«Էդ ճամփի երեսից նույնիսկ ավտոբուսը չի ուզե նորմալ աշխատել, տաքսիստներն էլ կրկնակի գումար են ուզում,- դժգոհում է Նոր Ախուրյանի բնակիչ Բագրատ Սողոյանը,- շաբաթ-կիրակի օրերին նորախուրյանցիները Գյումրի հասնելու եւ վերադառնալու համար զրկված են տրանսպորտային միջոցից: Շաբաթվա էդ օրերին մեր տները հյուր եկողներն, եթե սեփական մեքենա չունեն, ուրեմն պիտի 1000 դրամ տաքսուն տան՝ գան, 1000 դրամ տան հետ էրթալու համար ու մարդիկ էդքան կծախսվին 5 կմ-ի համար, էն դեպքում, երբ Գյումրիից ավտոբուսի տոմսը 100 դրամ է, Ախուրյանից՝ 50 դրամ»:

Ախուրյան համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանն ասում է, որ միջհամայնքային ուղերթերը շահագործող տրանսպորտային ընկերությունների մրցույթներն անցկացնում է Շիրակի մարզպետարանի տրանսպորտի բաժինը եւ մրցույթը շահած ընկերության աշխատանքի պատասխանատուն էլ նրանք են: Համայնքի ղեկավարը որեւէ միջամտություն անմիջականորեն չի կարող անել: «Մրցույթ է, գին կա նշանակած, շահում են ու սպասարկումն իրականացնում: Դրա արդյունավետությունը սեփական մաշկի վրա զգում է բնականաբար բնակիչը: Նոր Ախուրյանի պարագայում մեզ միայն հաջողվել է հասնել նրան, որ սպասարկումն իրականացվի ոչ թե մրցույթում շահած գնով՝ 150 դրամով, այլ՝ 100, քանի որ այնտեղ ապրում է հիմնականում սոցիալապես խոցելի խավը»,- ասում է Արծրունի Իգիթյանը:

Ախուրյանից Նոր Ախուրյան ձգվող 5 կմ ճանապարհի հարթեցումը կոպճավազային եղանակով չի կարող արդյունավետություն ապահովել: Այն պահպանվում է մինչեւ անձրեւների սեզոնը սկսվելը: «Մի քանի անգամ անձրեւ է գալիս, ավազը լվանում-տանում է, ճանապարհը կրկին գալիս է նույն տեսքին եւ անընդհատ վերանորոգման, մշտական ինչ որ աշխատանքների խնդիր է առաջանում»,- բացատրում է համայնքապետը: Նա հաշվարկով 25 մլն դրամից ավելի կպահանջվի խնդրահարույց այդ 5 կմ ճանապարհը հիմնանորոգելու համար: Համայնքի բյուջեից, եթե տվյալ տարում նման գումար հատկացվի մեկ ծրագրի համար, ապա ամբողջ տարին իրենք հնարավորություն չեն ունենա այլ ծրագիր իրականացնելու:

Ավելի քան 10 հազար բնակիչ ունեցող Ախուրյան համայնքի բյուջեն 160 մլն դրամ է: 2012թ.-ին դոտացիան կազմել է 98 մլն դրամ, իսկ ահա 2013թ.-ին պետբյուջեից կատարվող հատկացումն ավելացել է՝ կազմելով 108 մլն դրամ: Թեպետ Ախուրյանը գյուղական համայնք է, սակայն իր ենթակայության ներքո գտնվող կառույցների թվով կարող է գերազանցել հանրապետության փոքր քաղաքներից շատերին: Համայնքում գործում է 3 մանկապարտեզ, մեկ սպորտդպրոց՝ երկու դահլիճով, արվեստի դպրոց՝ երաժշտական եւ նկարչական բաժիններով, գրադարան, մշակույթի տուն, կոմունալ ծառայություն: Բյուջեից միայն 115 մլն դրամը հատկացվում է համայնքապետարանի եւ համայնքային ենթակայության կառույցների մոտ 150 աշխատակիցների աշխատավարձին:

2012թ.-ին համայնքում գործող երեք մանկապարտեզներին ավելացել է եւս մեկը: Նոր Ախուրյանում գործող միջնակարգ դպրոցը դարձել է համալիր՝ բացվել է մանկապարտեզ մեկ խմբով, որտեղ առայժմ հաճախում է 9 երեխա:

«Դպրոցի շենքը համայնքի սեփականությունն է, քանի որ երկրաշարժից հետո, երբ այս թաղամասը կառուցում էին, նախատեսել էին 40 հազար բնակչության համար, դրա համար էլ բավական մեծ մանկապարտեզ էր կառուցվել՝ բաղկացած 6 մասնաշենքից: Անցած տարի որոշակի ներդրումներ կատարվեց եւ կրթության վարչության հետ համատեղ դպրոցը դարձավ դպրոց-մանկապարտեզ: Տնօրենը նույնն է, մեկ դաստիարակ եւ մեկ դայակ ենք ընդունել աշխատանքի: Երեխաների թիվը քիչ է, բայց ավելանալու միտում կա: Դաստիարակի մեկ տարվա աշխատավարձն առայժմ մենք ենք տալիս, դրանից հետո վճարումը կատարելու է կրթության վարչությունը»,- կատարված աշխատանքներն է ներկայացնում համայնքապետը:

Համայնքի երեք մանկապարտեզներից երկուսը կառուցվել են երկրաշարժից հետո եւ շենքային նորմալ պայմաններ ունեն, գործում են 4 խմբով, ապահովված են գույքով, ձմռաըն եւս ջեռուցվում են, որն էլ ապահովում է հաստատությունների անխափան գործունեությունը:

Նշված երեք մանկապարտեզներից անմխիթար վիճակում «Առաջին քայլեր» նախակրթարանն է, որը գործել է դեռեւս խորհրդային տարիներից եւ վերանորոգման խիստ կարիք ունի: Շենքը կառուցվել է 1974 թ.-ին, երկրաշարժից հետո շարունակել է գործել, սակայն մանկապարտեզի մի հատվածն այնտեղ բնակվող 4 անօթեւան ընտանիքներ սեփականաշնորհել են դեռեւս 90-ականներին: Մանկապարտեզի տնօրեն Շուշանիկ Շիրինյանի խոսքերով, հարեւանները չեն անհանգստացնում, իրենց բավարարում է նաեւ այն հատվածը, որտեղ գործում է մանկապարտեզը:

«Երկու խումբ է, հաճախում է 53 երեխա, մեր ամենամեծ խնդիրը ներքին վերանորոգումն է, որ նախնական հաշվարկներով մոտ 20 մլն դրամ է կազմում: Գույքի խնդիր էլ ունենք: Մեր ունեցածը 80-ականներից պահպանված սեղան-աթոռն է: Ախուրյանի համայնքապետարանից ֆինանսավորումը 2011թ.-ին կազմել է 9 մլն 200 հազար դրամ, իսկ 2012թ.-ին՝ 10 մլն դրամ»,- ասում է մանկապարտեզի տնօրեն Շուշանիկ Շիրինյանը: Մանկապարտեզն ունի 9 աշխատակից՝ մինիմումը 35, մաքսիմումը՝ 65 հազար դրամ աշխատավարձով: Շ. Շիրինյանի ասելով Ախուրյանն այն եզակի համայնքներից է, որտեղ մանկապարտեզները գործել են երկրաշարժից անմիջապես հետո եւ երբեք որեւէ մեկը չի փակվել, ընդհակառակը՝ ավելացել են: Ավագանու որոշմամբ բոլոր մանկապարտեզներում վարձավճարը 3 հազար դրամ է:

«Մանկահասակ երեխաների առօրյան մեր համայնքում վատ չի կազմակերպվում, բայց ահա երիտասարդության համար մի քիչ տխուր է: Համայնքում չկան ժամանցի վայրեր: Երիտասարդությունը չգիտի աշխատանքից դուրս ուր գնա: Իհարկե, առավելություն է, որ Գյումրին այդքան մոտ է, բայց գերադասելի կլիներ, եթե որեւէ սրճարան կամ ժամանցի մեկ այլ վայր գործեր հենց Ախուրյանում»,- նկատում է Շուշանիկ Շիրինյանը:

Ախուրյանում են կենտրոնացված մի շարք պետական հիմնարկություններ` հիվանդանոց, պոլիկլինիկա, ծննդատուն, հարկային կազմակերպություն, սոցծառայություն, կադաստր, գյուղատնտեսական որոշ կազմակերպություններ, շինարարական մի քանի եւ շինանյութերի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններ, շաքարի գործարանը եւ այլն: Համայնքում գործում է 3 միջնակարգ եւ մեկ ավագ դպրոց: 2011թ.-ին 740 մլն դրամի ճանապարհաշինություն է իրականացվել Համաշխարհային բանկի միջոցներով, 104 անօթեւան ընտանիքների համար պետբյուջեի հաշվին 3 բազմաբնակարան շենք է կառուցվում, որը շահագործման կհանձնվի մինչեւ տարեվերջ: 2012թ.-ին ավարտվեց KFW-ի ծրագրով խմելու ջրի ներքին հին ցանցն ամբողջովին նորացնելու աշխատանքները: Սակայն, ինչպես նկատում են ախուրյանցիները, գրեթե բոլոր ոլորտներում համայնքը դեռ անելիքներ ունի:

«Աղբահանությունն ամառը շատ էլ լավ կկատարեին, բայց Նոր տարուց առաջ զիբիլն ելել փողոցներով կերթար:  Էս ձմեռն ինչ մտել ենք, ուշ-ուշ կտանին աղբը: Հենց հմի, ուրդեղ գուզեք նայեք, ուրդեղ զիբիլի աման կա, ընդեղ կեղտոտությունն հասել է փողոց:  Ըբը շները…սաղ Ախուրյանի երեսը թափառող շներ են: Եթե զիբիլը վախտին տանին, էդ շներն էլ չեն էղնի»,- դժգոհում է Սուսաննա Զադոյանը:

Ախուրյանի համայնքապետը խնդրին տեղյակ է, ասում է մասնագիտացված մեքենաների բացակայությունն է, որ համայնքապետարանին կանգնեցրել է նման խնդրի առաջ: Ախուրյանում աղբահանությունը կատարվում է հարմարեցված բեռնատար մեքենայով: «Ձմռանը խնդիր ենք ունենում կապված աղբը աղբավայր հասցնելու հետ,- ասում է Արծրունի Իգիթյանը,- աղբի կուտակման վայրը բարձունքի վրա է եւ այս եղանակներին մեքնենան դժվարությամբ է բարձրանում այդ հատվածը, դրա համար էլ աղբահանությունը ամառվա համեմատությամբ ուշացումներով է կատարվում»:

Աղբահանություն իրականացնող մասնագիտացված մեքենայի միջին արժեքը 20 մլն դրամ է, իսկ առավել թանկարժեքներն արժեն 40-50 մլն դրամ: Սեփական եկամուտների հաշվին համայնքը նման ճոխություն իրեն չի կարող թույլ տալ: Ախուրյանում ճիշտ է, աղբանահության գործընթացը ներկայումս «երկու ոտքով կաղում է», սակայն համայնքը միակն է, որպես գյուղական համայնք, որտեղ արդեն երկրորդ տարին է պլաստիկ շշերի ծրագիր է իրականացվում: Աղբի տեսակավորման այս ծրագիրը համայնքն իրականացնում է «Ուրբան կայուն զարգացման» հիմնադրամի միջոցով: Որպես առավելություն, համայնքապետը նշում է USAD-ի միջոցներով 10 նոր աղբամաններ ձեռք բերելու փաստը: Մնում է այդ աղբամաններից աղբը ժամանակին հեռացնելու գործընթացը կազմակերպել ժամանակին:

Ձմռան ամիսներին ախուրյանցիներին անհանգստացնող խնդիրներից հաջորդը սառցակալած ճանապարհներն են: Ախուրյան-Գյումրի ճանապարհով մշտապես երթեւեկող տաքսու վարորդը դժգոհում է չմաքրվող ճանապարհից: «Մանավանդ հետիոտնի անցումների հատվածը բդի մաքուր էղնի: Մարդը կանցնի, ոտը կսլա, ավտո է, կարող է չկրնանաս տոռմուզ տաս, խո՞ չես կրնա մարդուն տակը քցես: Կանգառների մոտ, մայթերի բերանով սառած է, մարդիկ կկանգնեցնեն, էլի դժվար է ավտոն էդ սառուցի վրա չի էրթա: Մի խոսքով, հնար չկա, ձյունը գուկա, մաքրողը չկա, կրակն ընկել ենք մենք ու հետիոտնը: Ո՛չ աղ կցանեն, ո՛չ ավազ»,- ասում է տաքսու վարորդ Մովսես Սահակյանը:

Արծրունի Իգիթյանն ասում է, որ իրենք ձմռանը 10 կմ ճանապարհի մաքրման աշխատանքներն իրականացնելու համար բյուջեից ընդամենը կարողանում են ամսական 300 հազար դրամ տրամադրել: Ճանապարհաշինարարական կազմակերպությունների հետ կնքվող պայմանագրի ձեւաչափը ճկուն համագործակցության հնարավորություն չի տալիս: «Հանրապետական նորմատիվներով ձմռանը սպասարկելու համար ճանշինը  1 կմ-ի համար 400-500 հազար դրամ է պահանջում: Եթե մենք ուզենանք այդ տարբերակով օգտվել նման ծառայությունից, ուրեմն 1 ամսվա համար պիտի վճարենք 15-20 մլն դրամ: Այդ տարին ձյուն կգա, թե՝ ոչ, գումարը պարտավոր ենք վճարել, որովհետեւ պայմանագիր է կնքվում ասենք 3 ամսվա համար: Քանի որ ճանշիններից երկուսը մեր տարածքում են, մենք կարողացանք պայմանավորվել, որ 300 հազար դրամի դիմաց իրենք ձյունառատ օրերին գոնե մաքրում իրականացնեն: Էդպես 1 ամսվա համար 3 մլն դրամ ենք վճարում նշածս կենտրոնական ճանապարհահատվածը մաքրելու համար»,- բացատրում է համայնքապետը:

Անցած տարի 36 մլն դրամով համայնքը կարողացավ ձեռք բերել ունիվերսալ տրակտոր, որի միջոցով կարողանում են հեռացնել ձյան կուտակումները: Արծրունի Իգիթյանն ասում է, որ սեփական բյուջեի հաշվին ծրագրեր կարող են իրականացնել, սակայն ավելի արդյունավետ են ներդրումային եղանակով, հիմնադրամների կամ կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող ծրագրերը: Անցած տարի 5 մլն դրամի սահմաններում կատարել են փողոցների, շենք-շինությունների ցուցանակների պատրաստման-տեղադրման աշխատանքներ: Բավական ծավալուն աշխատանք էր, քարտեզագրվել է ամբողջ համայնքը, համարակալվել փողոցներն ու տները: Ծրագիրն իրականացնելու համար 3,5 մլն դրամ տրամադրել է «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպությունը:

Նույն կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում իրականացվել են համայնքի գրադարանի եւ արվեստի դպրոցի լոկալ ջեռուցման աշխատանքները: Կազմակերպության աջակցությունը եղել է 1,8 մլն դրամի սահմաններում, գումարի 25%-ը տրամադրել է համայնքը: Ախուրյանի գյուղական հատվածում գտնվող փոքր զբոսայգու համար պահպանման ծրագիր է իրականացվել «Քաունթերփարթ ինթրնեշնլ»-ի աջակցությամբ: Մանկական 3 խաղեր են տեղադրվել 300 հազար դրամի սահմաններում, որից 100 հազարը տրամադրել է «Քաունթերփարթը», 200 հազար դրամը՝ համայնքը: «Փոքր ծրագրեր են, բայց հենց փոքրերից են սկսվում մեծ համագործակցությունները»,- նկատում է համայնքապետը:

Արդեն իսկ հաստատված գլխավոր հատակագծով, Ախուրյանում նախատեսվում է 2 հա 8 հազար քմ-ի վրա ստեղծել կանաչ գոտի: Բավական մեծ գումարների ներդրում պահանջող այս ծրագիրը համայնքապետը հույս ունի իրականացնել կառավարության աջակցությամբ: «Տարածքը կա, ես այնտեղ հատկացումներ չեմ թույլատրում: Այն պիտի մաքրվի տնակների եւ երկրաշարժից հետո շենքերի հիմքերի մնացորդներից, կարգի բերվի, որ կարողանանք կանաչ գոտի ստեղծել, ծառեր տնկել, կարուսելներ դնել եւ այլն: Եթե կարողանանք առաջիկա 5 տարում այս ծրագիրն իրականացնել, համայնքի համար կլինի շատ լուրջ ձեռք բերում»,- ասում է Արծրունի Իգիթյանը:

Հանրապետության ամենամեծ գյուղական համայնքում բնակիչները հիմնականում տեղեկացված չեն, թե ինչ ծրագրեր է տեղական իշխանությունը նախատեսում իրականացնել, որոնք են առաջնայինը կամ, թե իրենք ինչին կուզենային, որ տրվեր առաջնահերթությունը: Բնակիչներից մեկն, ով չուզեց ներկայանալ, նախ՝ զարմացավ հարցից, այնուհետեւ նկատեց՝ «ես կտեսնիմ, օր փողոցները մութ է, գիշերները չի լուսավորվի: Գարուն-աշուն ցեխի մեջ ենք, մայթ ու փողոց չի մաքրվի, ես կտեսնիմ, օր գերեզմանների ճամփեն էն վիճակում է, օր կվախենանք, թե մեռելը տանելուց պառկած տեղից հանկարծ վար չընկնի: Ես կտեսնիմ, օր մեր ծերերը մե տեղմ չունին զբաղմունքի, ամառն էս ծառի տակ կահավաքվին, ձմեռը ժեշտից բուտկի մեջ կսառին: Ես օր ըսքանը կտեսնիմ, ղեկավարը չի տեսնի: Ամեն ինչ տեսնելուց է, օր լավ տեսնին, հերթով-հերթով էլ հարցերը կլուծեն: Ընձի էլ ճիշտն ըսած հեչ մարդ չի հրավիրե, կարծիքս չի հարցնե»:

Համայնքի տարածքում տեղեկատվական ցուցատախտակներ փակցնելը, որով բնակչությանը կիրազեկեն տեղական իշխանության կայացրած որոշումների, միջոցառումների, ավագանու նիստերի ժամանակացույցի վերաբերյալ, Արծրունի Իգիթյանն իրատեսական չի համարում: Ասում է, որ նման ցուցատախտակ ունեն համայնքապետարանի շենքում: Արդեն երկրորդ ամիսն է փորձարկման շրջանում է Akhuryan.am կայքը: «Ես ձեզ հավատացնում եմ, որ ոչ մեկը չի կանգնում ու որեւէ որոշում չի կարդում: 90%-ին իրենց անձնական խնդիրներն են հուզում ու գերադասում են անձնապես դիմել ինձ: Դե, շուտով կայք կունենանք, ամբողջ տեղեկատվությունն այնտեղ կլինի, ով շահագրգիռ է, կարող է ծանոթանալ»,- ասում է Արծրունի Իգիթյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter