
Բողոքի Ցույց՝ Նոր Նորքի կանաչ տարածքում քարի մշակման գործարանի կառուցման դեմ
Հունվարի 24-ին` ժամը 15:00-ին, Նոր Նորքի 7-րդ զանգվածում, տեղի բնակիչները բողոքի ցույց կանցկացնեն քարի մշակման գործարանի կառուցման դեմ: «ԷկոԼուր»-ին ուղղված բնակիչների նամակում նշված է, որ 25 տարվա ընթացքում նրանք բարեկարգել եւ կանաչապատել են տարածքը, որտեղ խորհրդային տարիներին բնակելի մասիվների կառուցումից հետո մեծ քանակությամբ շինարարական աղբ էր կուտակվել: Այդ նույն տարածքում նաեւ մի քանի տուն է կառուցվել:
Բնակիչները բազմիցս դիմել են Երեւանի քաղաքապետարան` խնդրելով օրինականացնել երկար տարիների ընթացքում իրենց կողմից մշակովող հողերի նկատմամբ սեփականության իրավունքը: Երեւանի քաղաքապետարանը, թեպետ ընդունել է բնակիչների կողմից այդ տարածքների սեփականացման առաջնահերթությունը, սակայն մերժման համար տարբեր պատճառներ է բերել: 2011 թ. տարածք է մտել «Ագրոհոլդինգ» ընկերությունը, որը մտադիր է կառուցել քարի մշակման գործարան: Ընկերության ղեկավարները բնակիչներին հայտնել են, որ այդ տարածքն իրենք ձեռք են բերել 2003 թվականին:
«Նման գործարանի կառուցումը իր հետ կբերի աղետալի հետեւանքներ շրջակա միջավայրի եւ տարածքի բնակչության համար, նամանավանդ կվերանան այգիները»,- նշված է հաղորդագրության մեջ: Բնակիչները մտադիր են ակցիային մասնակցելու հրավիրել իրենց վարչական շրջանից ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել ֆարմանյանին եւ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանին:
«ԷկոԼուր»
Մեկնաբանել