
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը արձագանքում է «Հետքի» հրապարակմանը
Անցած շաբաթ ՄԱԿ-ի Փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Դամթյու Դեսալեյնեն «Հետքի» խմբագրություն նամակ է ուղարկել, խնդրելով այն հրապարակել թերթում: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ:
«Հետաքրքրությամբ կարդացի ձեր կայքում 2011-ի ապրիլի 4-ին տեղադրված «Փախստականներ. նորից սպասումի մեջ» հոդվածը: Մեծ ցավով պիտի նշեմ, որ Քասախի սոցիալական տան համար ընտրված փախստականների ընտանիքներն, իսկապես, դեռեւս չեն տեղափոխվել իրենց բնակարանները: Միեւնույն ժամանակ ցանկանում եմ լույս սփռել առկա իրավիճակի վրա եւ պարզաբանել վերոնշյալ հոդվածում առկա որոշ անճշտություններ:
2009-ին ՄԱԿ-ի 5 գործակալություններ` Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ), Մանկական հիմնադրամը (ՅՈւՆԻՍԵՖ), Փախստականների գծով գերագույն հանձնակատարը (ՄԱԿՓԳՀ), Արդյունաբերության զարգացման միջազգային կազմակերպությունը (ՅՈւՆԻԴՈ) եւ Բնակչության հիմնադրամը (ՄԱԲՀ), Ճապոնիայի կառավարության (ՄԱԿ-ի Մարդկային անվտանգության հիմնադրամի միջոցով) ֆինանսական աջակցությամբ սկսեցին «Սոցիալապես կարիքավոր փախստականների, ներքին տեղահանվածների եւ տեղացի ընտանիքների համար ինքնաբավ կենցաղ» երկամյա ծրագիրը: Ծրագիրն ուներ 2 նպատակ. առաջին` Քասախի ամենակարիքավոր փախստականներին ապահովել հարմարավետ բնակարաններով, երկրորդ` Քասախ, Փամբակ եւ Գեղամասար համայնքների կարիքավոր ընտանիքներին օգնել զարգացնել իրենց կենսապայմանները եկամտաբեր գործունեության միջոցով: Ծրագրի իրականացման բնակարանային բաղկացուցիչի մասով պատասխանատուն ՄԱԿՓԳՀ-ն է:
Ադրբեջանից գաղթած փախստականների համար իրականացվող Քասախի բնակարանային ծրագրի համար նախկին գործարանի շենքը ձեւափոխվել է սոցիալական 45 բնակարանների: «YMCA/Օթեւան» ՀԿ-ի կողմից իրագործվող ծրագրի ժամանակ ՄԱԿՓԳՀ-ն շահել է` համագործակցելով տարածքային կառավարման նախարարության եւ Քասախի համայնքապետարանի հետ: Ձեւափոխման աշխատանքների եւ տեխնիկական պատկան մարմինների կողմից անվտանգության չափանիշների ստուգման ավարտին ՄԱԿՓԳՀ-ն շենքը հանձնել է իշխանության համապատասխան մարմիններին: Հանձնման պահին ֆինանսների պակասի պատճառով առկախված են եղել միայն հատակի աշխատանքները:
Ես լիովին հասկանում ու գնահատում եմ տեղափոխության հետաձգման պատճառով փախստականների հիասթափությունն ու անհանգստությունը: Առաջին հերթին` այս հետաձգումը կապված է իշխանությունների եւ շահառուների միջեւ կնքվող օգտագործման պայմանագրերի փաստաթղթային աշխատանքների հետ: Երկրորդ` մինչ այդ մենք շենքի պատերի վրա նկատեցինք որոշ ճաքեր: Շահառուների անվտանգությունը ՄԱԿՓԳՀ-ի համար ամենակարեւորն է: Այդ պատճառով էլ ստիպված էինք խնդրել նրանց սպասել, մինչեւ որ շենքի տեխնիկական վիճակի մանրամասն գնահատում արվի: Իմ կանոնավոր այցերից մեկի ժամանակ անձամբ զրուցել եմ շահառուների հետ ու բացատրել իրավիճակը:
Տեխնիկական մասնագետներն այժմ եկել են վերջնական եզրակացության: Ընդհանուր եզրահանգումն այն է, որ կառուցվածքային թերությունները շատ չեն, եւ խնդիրները լուծելի են: ՄԱԿՓԳՀ-ն, տարածքային կառավարման նախարարությունը եւ Քասախի համայնքապետարանը քննարկում են այն ուղիները, որոնք կապահովեն փախստականների ընտանիքների ապահով տեղափոխությունը նոր բնակարաններ որքան հնարավոր է շուտ:
Կգնահատեի, եթե այս նամակը տեղադրեիք ձեր կայքում` որպես ապրիլի 4-ի հոդվածի պատասխան:
Անկեղծորեն,
Դամթյու Դեսալեյնե
ՄԱԿ-ի Փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել