HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդյոք կուժեղացնե՞ն գիտահետազոտական բաղադրիչը

Վա՞յ…

Գործող նախագահի նախընտրական շտաբը Ակադեմիայի շենքու՞մ չի…Ա՛յ քեզ բա՜ն… Ավանդույթները փոխվու՞մ են…Հիմա էս ո՞նց հասկանանք…

Что бы это значило?

Հիմա սա լա՞վ է, թե՞ վատ…

Այս հարցով դիմեցի մի քանի ծանոթ-անծանոթների ու այսպիսի ընդհանրական պատասխան ստացա.

- էդ ո՜չ մեկ չգիտի…

Անորոշությունը լավ բան չի՝ մտածել է պետք: Առաջին հայացքից 2 տարբերակ է երեւում՝ ա) եւ բ)…

ա) Գիտնականներին հարգում է: Մտածում է, որ նրանց չխանգարելու, նրանց նորմալ աշխատանքային ռիթմը չխաթարելու համար թող ուրիշ տեղ լինի նախընտրական շտաբը:

բ) Գիտնականներին էլ բանի տեղ չի դնում: Մտածում է, որ հերիք եղավ, ինչքան լսեց նրանց գանգատները, որ իրենից ձեռ քաշեն ու, քանի որ նույնիսկ ՅՈւՆԵՍԿՕ-ն ասում է, որ խելոք են՝ լավ կանեն, իրենց գլխի ճարը իրենք տեսնեն… 

Բայց չէ, այսքան պարզունակ դժվար թե լիներ…Մեր նախագահը մի բան անելիս միշտ մի քանի քայլ առաջ է մտածում: Ոչ մեկը գլուխ չի հանում՝ հակառակորդները մեկ էլ տեսնում են, որ իշխանությունների համար «անշառ» մակարդակի իրենց մաքսիմումն են ստացել, կողմնակիցներն էլ, իրենցից գոհ, հանկարծ տեսնում են, որ ամբողջությամբ դաշտի տերերն իրենք են: Վիրտուոզ կերպով անցկացրած ԱԺ ընտրությունները ձեզ օրինակ, էլ չեմ ասում ավելի վիրտուոզ կերպով նախագահական ընտրությունների ինտրիգը չեզոքացնելը: Շատերը դժգոհ են, բայց առարկայական փաստարկներ չունեն… Դե երկար տարիներ շախմատի ֆեդերացիայի նախագահն էլ է համատեղության կարգով, քայլերն էլ շախմատին հատուկ մտածվածությամբ ու հեռատեսությամբ է անում՝ վերլուծելը ամեն մարդու բան չէ… 

Լա՜վ, իմացա, ումից կարելի է խորհուրդ հարցնել: Մեզ հուզող հարցի պատասխանը կարող են հուշել Լեւոնը կամ Գագիկը… 

Ի՞նչ…Ո՜նց էի մոռացել, որ Լեւոն Արոնյանը հիմա Վեյկ Ան Զեե քաղաքում Tata Steel Chess մրցաշարին է մասնակցում, Գագիկ Հովհաննիսյանն էլ նման մրցաշարի ընթացքում անհնար է, որ մեր հարցում խորանա… Լավ չէ, լավ չէ…Միակ լավ բանն այն է, որ Արոնյանն սկսել է հաղթանակներ տանել՝ վատ էր սկսել: Երեւի վերջը գլխի է ընկել, որ այդ մրցաշարում հաջողություն ունենալու համար պետք է Թաթայի ստիլի գործողություններ անի… 

Բա ի՞նչ անենք…

Մի րոպե… հիշեցի…Մի անգամ պիոներական ճամբարում շախմատից 2-րդ տեղ եմ գրավել՝ ե՛ս ինչու՞ չեմ փորձում վերլուծել, թե գիտության գլխին ինչ է գալու: Բայց հլա տեսեք է՜՝ գիտությունն ու սպորտը էլի խառնեցի իրար… 

Որպեսզի շատ դես ու դեն չընկնենք՝ վերլուծության համար բացենք նախագահի նախընտրական ծրագիրը: Ըհը՛, Կրթություն եւ գիտություն բաժինն ենք նայում: Սկիզբը խոստումնալից է.

21-րդ դարում մրցունակ պետություն նշանակում է մրցունակ կրթական համակարգ, որը պետք է ապահովի ոչ միայն գիտելիքի հաղորդումը, այլև գիտելիքի հետ աշխատելու, գիտելիք ստեղծելու ունակությունը: 

Այնուհետեւ գալիս են՝ 12-ամյա կրթություն, սոցիալապես անապահով խավերի համար անվճար բարձրագույն կրթություն…Հետո՝ օ՜, մարզերում կառուցելու ենք մանկապարտեզներ՝ հիանալի է: 

Յուրաքանչյուր առաջին դասարանցու անվճար տրամադրելու ենք համակարգիչ: Ինչպե՞ս: Անհատու՞յց: Կարող են տուն տանե՞լ… 

Բարելավելու ենք դասագրքերի և ուսուցչական ձեռնարկների բովանդակությունը: Մինչեւ Ավետիք Գրիգորյանի «Դարերի խորքից դեպի տիեզերք» գիրքը չտպագրեն ու որպես օժանդակ ձեռնարկ ներդնեն դպրոցներում, այս կետին չեմ հավատա: Բայց եթե մի անգամ կարգին բարելավեն՝ շտեմարանն էլ հետը, լավ կլինի: Ամոթ է՝ ամեն տարի տարբեր հեղինակներ իրար միս են ուտում: 

Դպրոցներում ապահովելու ենք համացանցի ամբողջական և որակյալ սփռում: Մենակ թե Wi-Fi չգործարկեն՝ էլ դաս լսող չի լինի… 

Վերանայելու ենք ընդունելության քննությունների համակարգը՝ հեշտացնելով դիմորդների մուտքը բուհ… Պահոո՜, դեռ հեշտացնելու տեղ կա՞: Հիմա էլ, ով չի ալարում ու վճարի գումար ունի՝ բուհ-երում են էլի…Լավ, հասկացա՝ վճարները… 

Էս գիտության մասին բան չկա՞ գրված: Մի քիչ թռչենք առաջ: Կա՛…

Բուհերում ուժեղացնելու ենք գիտահետազոտական բաղադրիչը, ներդնելու ենք գիտության ֆինանսավորման ժամանակակից մեթոդներ… Էս ի՞նչ ծանոթ ձեւակերպում էր… 

Բուհերը պետք է դառնան ժամանակակից հասարակության հենքը՝ միավորելով գիտությունը, դասավանդումը և նորարարական արտադրությունը: Բա ԳԱԱ ինստիտուտնե՞րը…Փակվելու՞ են…

Հետևողականորեն աջակցելու ենք վերջին տարիներին մեր գիտնականների գրանցած հաջողությունների հետագա խորացմանը:  Լավ է…

Իրավական ամուր հիմք ենք ստեղծել ակադեմիական գիտության զարգացման համար: Նոր նախաձեռնություններով ենք հանդես գալու գիտնականների սոցիալական պաշտպանվածության բարձրացման ուղղությամբ: Հա, ուրեմն ԳԱԱ ինստիտուտները չեն փակվելու:

Շարունակելու ենք տարեցտարի ավելացնել գիտությանը պետական բյուջեով հատկացվող միջոցները: Գիտական հիմնարկները ստանալու են գործունեության առավել մեծ ազատություն: Ընդլայնվելու են երիտասարդ գիտնականներին աջակցության ծրագրի ծավալները: Ստեղծվելու են նպաստավոր պայմաններ գիտական հիմնարկների և մասնավոր հատվածի առավել սերտ ու փոխշահավետ համագործակցության համար: Շնորհակալություն: 

Բայց այն ծանոթ ձեւակերպումը որտե՞ղ է հանդիպել: Հիշեցի՝ ԱԺ ընտրությունների ՀՀԿ նախընտրական ծրագրից է: Ես էլ այդ խնդրին ժամանակին, «հարիր» ձեւով անդրադարձել եմ «Գիտությու՞ն, թե «գիդ»-ություն» հոդվածում: Հլա կրկին թերթեմ այն ծրագիրը: Վա՛հ, այն ծրագրի մեջ այս բաժնի վերնագիրը եղել է «ժամանակին հարիր կրթություն եվ գիտություն»: Հիմա «ժամանակին հարիր»-ը հանել են…Անցնենք բովանդակությանը: Որոշ խմբագրումներ կան եւ գիտությանը վերաբերող մասում մի քանի կետ ավելացվել է: 

Է՜է, շատ մտահոգիչ է՝ ՀՀԿ-ն, այդ ծրագրով հանդերձ, այս տարվա բյուջեում գիտության հատկացումների էական բարձրացում չարեց:  Նախագահն էլ, որ էլի նախագահ դառնա այդ նույն հիմքի վրա գրված ծրագրով, ինչու՞ պիտի հանկարծ գիտությանը պատշաճ ուշադրություն դարձնի: 

Բայց կարո՞ղ է լավ լինի… Չէ՞ որ մի քանի կետ ավելացվել է ու «ժամանակին հարիր»-ը հանվել է: Կամ էլ հնարավոր է, որ կրկին շախմատային տրամաբանությամբ մի քանի քայլ առաջ է մտածել ու մի օր շուրջներս նայելու ենք ու տեսնենք, որ լավ է…

Կարող է… 

Չէ, Էս վերլուծությունը ճիշտ կանեմ՝ դադարեցնեմ: Դժվար թե լուծումը գտնեմ, մանավանդ, որ շատ հավանական է մի գ) կամ դ) տարբերակ էլ ի հայտ գա…

Հ.Գ. Կարեւորն ու հուսադրողն այն է, որ 2 ծրագրերում էլ գրված է՝ «ուժեղացնելու ենք գիտահետազոտական բաղադրիչը»…

Հ.Գ.2 Բայց հավատս չի գալիս…

Ստեփան Գյոզալյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter