
Հայաստանի զբոսաշրջության վայրերում կտեղադրվի 150 ուղղորդիչ նշան և 110 տեղեկատվական վահանակ
Հունվարի 24-ին ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը («Ի-Դի-Էմ-Սի») դրամաշնորհի համաձայնագիր ստորագրեց «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր» (ՀՀՃԾ) հասարակական կազմակերպության հետ, որն իրականացնելու է Սևծովյան տարածաշրջանի մետաքսի ճանապարհի միջանցքի ծրագիրը (ՍՏՄՃՄ):
ՍՏՄՃՄ-ն, որը համատեղ ֆինանսավորվում է Եվրամիության, ՀՀՃԾ-ի և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից, երկամյա ծրագիր է, որը կխթանի միջսահմանային համագործակցությունը և տնտեսական զարգացումը սևծովյան տարածաշրջանի 4 երկրի՝ Հունաստանի, Թուրքիայի, Վրաստանի և Հայաստանի 100 համայնքում: Ծրագիրը, որի գլխավոր իրականացնողը Հայաստանում ՀՀՃԾ-ն է, նաև կնպաստի գյուղական բնակավայրերի մեկուսացման նվազեցմանը և էկոտուրիզմի խթանման միջոցով տեղական համայնքների զարգացմանը՝ նպատակ ունենալով հարստացնել այցելուների փորձը և պահպանել մշակութային հուշարձաններն ու կենսաբազմազանությունը:
Ծրագիրը Հայաստանում բաղկացած է 3 հիմնական բաղադրիչից:
Առաջին. պատմամշակութային և բնական զբոսաշրջության 43 վայրում 148 ուղղորդիչ նշանի և 114 տեղեկատվական վահանակի, 77 հետիոտն շրջայցի և արշավային ցուցանակի, ինչպես նաև 55 հուշախեցի տեղադրում:
Երկրորդ. ճանապարհի վիրտուալ էլեկտրոնային տարբերակ, որը կներառի ինտերնետային կայք և սմարթֆոնների 5 հավելված՝ մուլտիմեդիա և բազմալեզու բովանդակությամբ և սոցիալական ցանցերին ինտեգրվելու հնարավորությամբ: Ծրագրին մասնակից երկրների կոնսորցիումը համաձայնել է, որ ծրագրի տեխնիկական սպասարկումն իրականացնեն հայ մասնագետները: Այսպիսով, Հայաստանում մշակված կայքն ու հավելվածները կօգտագործվեն բոլոր 4 երկրում:
Ուղեցույցը զբոսաշրջային ծառայություններ մատուցող տեղական տնտեսվարողներին հնարավորություն կտա ընդգրկել իրենց ծառայությունները (կացարան, սնունդ, տեղական արհեստագործություն, հուշանվերներ, ուղեցույցներ և այլն) ճանապարհային ցուցակում և այդպիսով դրանք հասանելի դարձնել գլոբալ համայնքին:
Երրորդ. զբոսաշրջության ծառայություն մատուցող տեղական, մարզային և ազգային հաստատությունների համար վերապատրաստման դասընթացների կազմակերպում զբոսաշրջության ծառայությունները սոցիալական ցանցերի միջոցով հասանելի դարձնելու վերաբերյալ:
Եվրամիությունն աջակցում է ծրագրին իր Սևծովյան ավազանի համատեղ գործողությունների ծրագրի միջոցով՝ որպես Եվրոպական հարևանություն և գործընկերության, ինչպես նաև Եվրամիությանն անդամակցելու աջակցության գործիքների բաղկացուցիչ:
Հայաստանում ծրագրի իրականացմանն աջակցում են էկոնոմիկայի, մշակույթի, տրանսպորտի և կապի, բնապահպանության նախարարությունները, Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը, Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհուրդը, ինչպես նաև Հայաստանի ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, Հայաստանի թռչունների պահպանման միությունը և «Ժողովրդավարությունն այսօր» ՀԿ-ն:
Մեկնաբանել