Կառավարությունը մերժեց հուշարձանները տեղափոխելու դեպքում հասարակական կարծիքը հաշվի առնելու մեխանիզմ առաջարկող օրինագիծը
Կառավարությունը վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ անցկացված այսօրվա նիստում բացասական եզրակացություն է տվել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծի փաթեթին:
Փաթեթով առաջարկվում է նշված հուշարձանները տեղափոխելու կամ դրանք փոփոխելու ժամանակ հասարակական կարծիքը հաշվի առնելու մեխանիզմ: Փաթեթն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Հիշեցնենք, որ կառավարությունը 2012թ. սեպտեմբերի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման մասին» իր որոշմամբ թույլատրել էր մարզերից Երևան տեղափոխվել մի շարք հուշարձաններ բեկորներ: Հուշարձանների տեղափոխումն առաջացրել էր բազմաթիվ մարդկանց, այդ թվում նաև մասնագետների խիստ դժգոհությունը: Նրանք հուշարձանների տեղափոխումը համարում էին անընդունելի և պահանջում Երևան բերված նմուշները վերադարձնել իրենց տեղը:
Եթե Էդմոն Մարուքյանի առաջարկած օրենսդրական փոփոխություններն արժանանային կառավարության հավանությանը, հուշարձանները հնարավոր չէր լինի տեղափոխել՝ առանց հասարակության կարծիքը հաշվի առնելու:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել