HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդարադատության այս աստիճանի անարդարությունն անիրական է. նամակ նախագահ Սարգսյանին

Երբեմն ինձ թվում է՝ մղձավանջի մեջ եմ, քանի որ անհասկանալի, անիրական է արդարադատության այս աստիճանի անարդարությունը, որով խախտվում են օրենքի բազմաթիվ կետեր, ինչպես դա արեցին նախաքննական մարմինն ու առաջին ատյանի դատարանը... Եվ աններելի անտարբերությամբ, ինչպես դա արեց պաշտպանի խոսքը լսելու փոխարեն եռագույնի տակ կես քուն, կես արթուն աթոռին ճոճվող վերաքննիչ դատարանի դատավոր Ս.Համբարձումյանը: «Հանուն Հայաստանի Հանրապետության» քավության նոխազ են դարձնում անմեղ մարդուն:

Որդուս՝ Հայկ Մաղաքյանի ծառայությունն ավարտվել էր, և պետք է տուն վերադառնար, բայց շինծու մեղադրանքով ազատազրկվեց և արդեն երկու տարի ութ ամիս է՝ մարող հավատով սպասում է արդարության հաղթանակին, ավելի ճիշտ՝ սպասում է, թե էլ ինչ են սարքելու իր գլխին «արդարադատները» մի երկրի, որին զինվորական պարտքը տալու համար վերադարձել էր ՌԴ-ից:

Նրա վրա բարդել են համածառայող Վ. Շոնովին ինքնասպանության դրդելու մեղադրանք՝ ազատազրկելով հենց դեպքի օրը՝ 10.06.11թ. և պահելով մինչև 18.06.11թ., մինչև որ ստեղծագործել են մեղադրանքը: Իսկ ձերբակալման ամսաթիվը նշել են որպես հունիսի 18, ու սկզբում ազատազրկեցին վեց տարի ժամանակով, այնուհետեւ վերաքննիչ դատարանի որոշմամբ գործը ետ ուղարկվեց, և նոր քննության արդյունքում վեց տարին դարձավ չորս:

Որդիս մեղադրյալ է դարձել միայն այն բանի համար, որ դեպքից քսան օր առաջ իրենից գողացված գումարը փնտրելիս հայհոյանք է ուղղել վերցնողի հասցեին, իսկ տասնյակ օրեր անց, երբ Շոնովի հետ վերակարգ մեկնող Գ. Ղարիբյանը տղայիս ասել է. «Շոնովն ամեն անգամ վերակարգ գնալիս կլուբնիկ է առնում, բայց նրան փող որտեղի՞ց, աղքատ մեռնում են», որդիս դիմել է Շոնովին՝ ասելով, որ եթե ինքն է վերցրել՝ ոչինչ, ինչքան ծախսել է՝ ծախսել, մնացածը թող թաքուն դնի տեղը. ոչ ոք չի իմանա… Ըստ մեղադրանքի՝ սրանով իսկ որդիս «վիրավորել է Շոնովի պատիվն ու արժանապատվությունը», իբր թե՝ նա քսան օր առաջ տրված հայհոյանքը վերագրել է իրեն և ինքնասպան եղել:

Եթե նույնիսկ հավատանք այս անհեթեթ վարկածին, որն «արդարադատները», իրենց կարծիքով, համոզիչ են դարձրել՝ դեպքի վայրի զննման արդյունքներին օբյեկտիվ գնահատական տալու փոխարեն փաստերն ու անառարկելի ճշմարտությունները խեղաթյուրելով: Բանն այն է, որ ժամը 17:30-ին, երբ «որդիս ստորացնում էր Շոնովին», ըստ քրեական գործով ձեռք բերված տվյալների, նա պարետատանը չի եղել, այլ Ղարիբյանի հետ գտնվելիս է եղել ծառայության մեջ: Ոչ թե «պարբերաբար ստորացրել է… », այլ մեկ անգամ, սկսված խոսակցությունը երկու անգամ ընդհատվելու պատճառով, պարզապես ավարտել է կեսգիշերին, երբ որդիս ժամապահ է եղել, իսկ Շոնովը Ղարիբյանի հետ մեկնելիս է եղել վերակարգ: Այնուամենայնիվ, որդուս 359 հոդվածի երրորդ մասով դատելու իրավունք չունեին, քանի որ, ըստ ՀՀ քր. օր.-ի՝ նշված հոդվածին վերաբերվող հանցավոր արարքները կարող են կատարվել միայն ուղղակի դիտավորությամբ, երեք պարտադիր հանցակազմի առկայությամբ՝ ցանկանալ, գիտակցել,նպաստել, և սրանցից եթե մեկն էլ բացակայի, հոդվածի կիրառությունը սխալ է, իսկ տվյալ դեպքում բացակայում են երեքն էլ:

Հաշվի առնելով, որ ըստ օրենքի, եթե զինծառայողների միջև ծագած ու ծանր հետևանքներ առաջացրած կոնֆլիկտն անձնական բնույթի է, կարելի է դատել 110-րդ հոդվածի հատկանիշներով: Տրաբանորեն պետք էր կանգ առնել այդ հոդվածի վրա: Բայց դա դեռ այն դեպքում, երբ կատարվածը, իրոք, ինքնասպանություն է, ու որդիս է մեղավոր, որովհետև ոչ մի ապացույց չկա, ոչ մի հանցակազմ չկա:

Ապացույցները միայն քննիչ Ա. Մովսիսյանի ստեղծագործած ու որոշ զինվորների ստորագրած ցուցմունքներն են, որոնք բոլորն էլ փոխվել են տղաների զորացրվելուց, հետևաբար՝ ճնշման տակից դուրս գալուց հետո (վերաքննիչ դատարանի որոշումով նոր քննության ժամանակ):

Ելնելով քրեական գործում եղած տվյալներից՝ մեր պաշտպանը միջնորդություններ էր արել դատարան հրավիրելու և հարցաքննելու դատաբժշկական, համակարգչատեխնիկական և տեսաձայնագրային, դատահոգեբուժական փորձաքննություններ կատարող փորձագետներին՝ պարզելու տեղազննման արդյունքում հայտնաբերված հանգամանքները: Բայց միջնորդությունը դատարանը մերժել էր՝ անգամ հարկ չհամարելով հիմնավորել մերժումը:

Ասածս հաստատելու համար, պրոն նախագահ, Ձեզ կուղարկեմ ձեռքիս տակ եղած նյութերը՝ խնդրելով ուշադրություն դարձնել տեղազննման արդյունքներին, հատկապես այն հանգամանքին, որ փորձագետին պարզաբանման համար հարցեր առաջադրելիս անտեսվել է ամենակարևոր հարցը՝ «Շոնովին ամրակցված զենքի վրա մատնահետքեր կա՞ն, թե՞ ոչ, և եթե կան, ում են պատկանում»:

Ի դեպ, Գ. Ղարիբյանի ցուցմունքի համաձայն՝ Շոնովին ամրակցված զենքից կրակվել է մեկ անգամ, բայց փամփուշտակալի մեջ, որում եղել է 25 փամփուշտ, մնացել է 21-ը: Քննությամբ չի պարզվել՝ եթե Շոնովը կրակել է մեկ անգամ, ապա ինչի՞ հետևանքով է փամփուշտներից մեկը հայտնվել գետնին, մեկը՝ ինքնաձիգի փողում, իսկ մեկն էլ ընդհանրապես չի հայտնաբերվել (այս բոլորը պարզվել է տեղազննմամբ):

Պարոն նախագահ, չէի անհանգստացնի Ձեզ, եթե չտեսնեի, թե ինչպես է մեղադրող կողմն ասում. «Շոնովը ոչ մի պրոբլեմ չուներ, բացի Հայկի հետ վիճաբանությունից, իսկ վերաքննիչ դատարանի դատավոր Համբարձումյանի մտքով անգամ չի անցնում հարցնել. «Եթե ուրիշ պրոբլեմ չուներ, ինչո՞վ եք բացատրում, որ ըստ փորձագետների՝ Շոնովի՝ կենդանության օրոք բութ գործիքով ստացել է մարմնական վնասվածքներ: Ի՞նչ է եղել իրականում, ավելի հավանական չէ՞, որ հենց այդ միջադեպն է դարձել ինքնասպանության պատճառ: Հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ գործում առկա եւ փորձաքննություն անցած ձայնագրությունում Շոնովն ասում է. «Էլ չեմ դիմանում...», «էս մի տարի ա... »...

Հարգարժան նախագահ, համառորեն խնդրում եմ՝ գոնե Վճռաբեկ դատարանում հսկողություն սահմանեք այս գործի նկատմամբ՝ վերականգնելու մարդկային հավատը…

Սոֆյա Ստեփանյան

Մեկնաբանություններ (1)

Աննա
Ոչ ոք իրավունք չունի վերահսկողություն սահմանելու դատարանի, առավել ևս Վճռաբեկ դատարանի նկատմամբ: Հարգելի տիկին, դուք ցուցաբերում եք ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ դիրքորոշում և Ձեր նամակով դրդում օրինազանցության: Դատարանները ԱՆԿԱԽ մարմիններ են և պետք է գործեն բացառապես օրենքի տառի և դատավորի խղճին համաձայն: Փոխարենը Սերժ Սարգսյանին կոչ արեք, որ ՎԵՐԱՑՆԻ ԻՐ ՎԵՐԱՀԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ դատական համակարգի վրայից, որպեսզի Ձեր որդու հարցը քննելու և արդար դատ անելու քաջությունը վերջապես այդ դատարաններն ունենան..

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter