Արմեն Աշոտյան. հայկական կողմը շահագրգիռ է հայկական բուհերում իրանցի ուսանողների թվի ավելացմամբ
Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ռեիսին:
Արմեն Աշոտյանը Մուհամմադ Ռեիսին տեղեկացրել է, որ հայկական կողմը շահագրգիռ է հայկական բուհերում իրանցի ուսանողների թվի ավելացմամբ, և երկրի իշխանությունների ուշադրության կենտրոնում է օտարերկրյա ուսանողների համար համապատասխան պայմաններ ստեղծելու գործընթացը:
Մուհամմադ Ռեիսիի խոսքով՝ վերջին շրջանում իրանցի ուսանողների դժգոհությունների բացակայությունը վկայում է, որ Հայաստանի բուհական ոլորտում իրականացվում է լուրջ և հետևողական աշխատանք: Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ իշխանություններին՝ իրանցի ուսանողներին օժանդակելու և նրանց խնդիրներին լավագույնս արձագանքելու համար:
Դեսպանը նաև հայտնել է, որ Իրանը պատրաստակամ է գիտական պատվիրակությունների փոխանակում իրականացնել՝ գիտության և տեխնիկայի բնագավառում իր ձեռքբերումներին բարեկամ Հայաստանին հաղորդակից դարձնելու, ինչպես նաև ուսանողների փոխանակում իրականացնելու համար:
Արմեն Աշոտյանն արձագանքել է, որ վերջին տարիներին բուհական ոլորտում իրականացվել է հսկայական աշխատանք, մասնավորապես օտարերկրյա ուսանողների ավարտական փաստաթուղթ ստանալու գործընթացում սահմանվել են խիստ չափանիշեր՝ հաշվի առնելով ժամանակին հնչած մի շարք ահազանգեր, որոնք այսօր լուծվել են:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև հանրապետության մի շարք ավագ դպրոցներում պարսկերենի ուսուցման ծրագիր իրականացնելու և այդ համատեքստում համապատասխան դասագրքերի և ուսուցիչների վերապատրաստում իրականացնելու անհրաժեշտությանը:
Կողմերը քննարկել են նաև Հայաստանի տարածքում Իրանի Շարիֆ արդյունաբերական համալսարանի մասնաճյուղ կամ նշված համալսարանի հետ կրկնակի դիպլոմների իրականացման կրթական ծրագրի հնարավորությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել