Հայաստանի չրերի շուկայի մոտ 50 տոկոսը կազմում է տեղական արտադրանքը
«Բի Էս ՍԻ» բիզնեսի աջակցման կենտրոնը, «Օքսֆամ» բրիտանական կազմակերպության հետ համատեղ 2012 թ. իրականացրել է չրերի արժեշղթայի վերլուծություն:
Վերլուծության արդյունքներն ամփոփող հաշվետվությունը ներկայացնում է չրի արժեշղթայի բոլոր օղակների մանրամասն նկարագրություն, ներառյալ չիր արտադրողներին, թարմ միրգ-բանջարեղենի՝ որպես հումք մատակարարողներին, շղթայի մանրածախ հատվածը, ինչպես նաև միջազգային և տեղական ընկերություններին, որոնք ցուցաբերում են տարբեր տեսակի աջակցություն՝ ուղղված արժեշղթայի զարգացմանը:
Հայաստանում չրերի արտադրությունը բավական հին ավանդույթ է: Տարածաշրջանը ունի բոլոր նախապայմանները չրարտադրության ոլորտի զարգացման համար: Երկրի աշխարհագրական դիրքը, տարեկան արևային օրերի քանակը, թարմ մրգերի՝ որպես հումքի բարձր որակը (ներառյալ քաղցրությունը) բոլոր այն հանգամանքներն են, որոնք անհրաժեշտ են բարձրակարգ չրեր արտադրելու համար:
Չրարտադրությունը ձգվում է երկրի հյուսիս-արևելքից (Տավուշի մարզ) մինչև երկրի հարավային սահման (Մեղրիի մարզ), ներառյալ՝ երկրի միջին հատվածի մարզերը (Արարատ, Արմավիր, Արագածոտն):
Երկրում գործում է չրերի մոտ 5,500 արտադրող, որոնց կարելի է բաժանել 3 խմբի՝ 5400 փոքր արտադրող (տարեկան մինչև 1 տոննա), 100 միջին արտադրող (տարեկան 1-5 տոննա) և 21 խոշոր արտադրող (տարեկան 5 տոննայից ավելի):
Չրարտադրության տեղական շուկայի մոտ 50 %-ը կազմում է տեղական արտադրանքը, իսկ 50 %-ը՝ ներմուծված արտադրանքը: Ըստ հետազոտության տվյալների՝ 2011-ին Հայաստան է ներմուծվել 1078 տոննա չիր/չամիչ: Մինչդեռ, ի տարբերություն ներմուծման խոշոր քանակի՝ արտահանման ծավալները բավական ցածր են եղել, մասնավորապես 2011-ի ընթացքում ընդամենը 42 տոննա չիր է արտահանվել հիմնականում Իրան, Ուկրաինա, Ռուսաստան, փոքր քանակությամբ՝ Շվեյցարիա և Ֆրանսիա:
Հայկական չրերի արժեշղթայի՝ դեպի արտահանում ուղղվածության զարգացման հիմնական արգելքներից է այն, որ մինչ արտասահմանյան շուկային անհրաժեշտ է անդադար մատակարարվող չրային ապրանքների մեծ քանակություն, հայ արտադրողները դեռևս ի վիճակի չեն անհատապես շարունակ մատակարարել պահանջվող մեծ ծավալները: Սակայն էական է այն, որ մեկ միասնական կառույցում համախմբվելով՝ հայկական արտադրողները կկարողանան ապահովել արտասահմանյան շուկաներին անհրաժեշտ մեծ քանակները:
Հետազոտությունը նաև նպատակ ուներ համեմատել չրի տարեկան սպառումը Հայաստանում և այլ երկրներում: Այսպես, Հայաստանում չրի տարեկան միջին սպառումը մեկ անձի համար մոտ 0.8 կգ է, մինչդեռ Իտալիայում այդ ցուցանիշը 25 կգ է, Չեխիայում՝ 16 կգ, իսկ Շվեդիայում՝12 կգ:
Կատարված վերլուծության ընդհանուր արդյունքները վկայում են, որ Հայաստանում, թեկուզ և ոչ պաշտոնական հիմունքներով, գործում է չրերի արժեշղթա, և չնայած այն հիմնականում ուղղված չէ արտահանման՝ ներկայում այն գործում է բավական արդյունավետ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել