Սիրիայում 70 հայ ՀՀ անձնագիր է ստացել
2013թ. հունվարի 24-ին Սիրիայի Արաբական Հանրապետությունում՝ ՀՀ դեսպանությունում, տեղի ունեցավ ընդունելություն՝ սիրիահայերին ՀՀ քաղաքացու անձնագրերի հանձնման կապակցությամբ:
Հանձնման պաշտոնական արարողությանը ներկա էին Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Արմաշ Եպիսկոպոս Նալբանդյանը, Դամասկոսի հայ կաթողիկե համայնքի առաջնորդ Հովսեփ Եպիսկոպոս Առնաուտյանը, դամասկոսահայ միությունների ղեկավարներ և այլն:
Հանդիսավոր պայմաններում ՍԱՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանն ավելի քան յոթանասուն նորընծա ՀՀ քաղաքացիներին հանձնեց իրենց անձնագրերը: Դեսպանը հույս հայտնեց, որ նրանք հավատարիմ կմնան իրենց տված երդմանը: Ապա նա ՀՀ նորընծա քաղաքացիներին մաղթեց հաջողություն և խաղաղություն, որի կարիքը այս օրերին մեծապես զգում է սիրիահայ համայնքը:
Հանձնման պաշտոնական արարողությունից հետո ելույթ ունեցան հոգևոր առաջնորդները: Նրանք բարձր գնահատեցին սիրիահայությանը ՀՀ քաղաքացու անձնագրերը տեղում հանձնելու ՀՀ կառավարության որոշումը՝ երախտագիտություն հայտնելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել