Ալավերդու քառամյա ծրագրի համար պահանջվող ֆինանսական միջոցները դեռևս թվեր են թղթի վրա
Ալավերդու 2013-2016թթ. զարգացման քառամյա ծրագրում 70-ից ավելի ծրագիր է ընդգրկված: Քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը քառամյա ծրագիրը ռիսկային է համարում ծրագրերի մեծ քանակի պատճառով: Ռիսկային լինելն Ա. Վարոսյանը բացատրում է այն հանգամանքով, որ քաղաքապետարանը 4 տարի անց պետք է հաշվետու լինի իր կատարած աշխատանքների համար, և այդ դեպքում ինքն ավելի տրամաբանական է համարում ռիսկի չդիմելը և շատ հավակնոտ ծրագրեր չնախատեսելը:
Մյուս կողմից` քաղաքապետը կարծում է, որ համայնքի զարգացման քառամյա ծրագրում խնդիրները չընդգրկելու դեպքում, հնարավոր է՝ բաց թողնվի ֆինանսական միջոցներ ներգրավելու հնարավորությունը: Այդ մտահոգությունից ելնելով` Ա. Վարոսյանը գերադասել է բոլոր այն խնդիրները, որոնք, ըստ քննարկումների արդյունքների, դիտվել են առաջնահերթ, ներգրավել քառամյա ծրագրում:
Ալավերդու քաղաքապետը դժվար կանխատեսելի համարեց քառամյա ծրագրի ֆինանսական և դրանից բխող նախատեսված ծրագրերի իրականացման հնարավորությունները: «Դրանով գոնե հիմք է դրվում, որ հետագայում ֆինանսական աղբյուրներ առաջանալու դեպքում չզրկվենք այն իրականացնելու հնարավորությունից»,- ասում է քաղաքապետը: Վերջինս հունվարի 22-ին քառամյա ծրագիրը համակարգող հանձնաժողովի հետ քննարկեց քաղաքի զարգացման 10 ոլորտով նախատեսված ծրագրերը, որոնք արժանացան հանձնաժողովի անդամների հավանությանը:
Քառամյա ծրագիրը նախատեսում է Ալավերդու բոլոր, այդ թվում նաև Ակներ և Սանահին գյուղական թաղամասերի համամասնական զարգացումը: Ուշագրավ ծրագրերից պետք է դիտել քաղաքի մոռացության մատնված Էնգելս թաղամասի զբոսայգու վերակառուցման ու բարեկարգման, զբոսաշրջիկների երթուղիներում բիոզուգարանների տեղադրման, Սանահինի եկեղեցական համալիրի վերականգնման, գյուղական թաղամասերի հողի մշակության գործում գյուղատնտեսական արդյունավետ տեխնոլոգիաներ կիրառելու, պարարտանյութեր և վառելիք ձեռք բերելու գործում աջակցելու, գյուղերի խմելու ջրի խնդիրը լուծելու, Ալավերդիում երիտասարդական թատերական ստուդիա ստեղծելու, քաղաքի բժշկական կենտրոնի 2-րդ մասնաշենքի կապիտալ վերանորոգումն ավարտելու և զարգացման այլ կենսական խնդիրներ:
Բնապահպանության ոլորտում նախատեսված ծրագրերից կարևոր է Ալավերդու նախկին լեռնամետալուրգիական կոմբինատի արտադրության հետևանքով առաջացած, քաղաքի Մադան թաղամաս տանող ճանապարհի եզրին տեղավորված մկնդեղի գերեզմանոցի կապիտալ վերակառուցման խնդիրը, որի համար քառամյա ծրագրում նախատեսված է 300 մլն դրամ: Արտավազդ Վարոսյանն ասաց, որ մկնդեղի գերեզմանոցի վերակառուցման ֆինանսական միջոցներն, ամենայն հավանականությամբ, կտրամադրվեն պետբյուջեից:
Քառամյա ծրագրում տեղ էին գտել նաև լրատվամիջոցների թիրախում հայտնված, Ալավերդու առանձին թաղամասերի մայթերի վերանորոգման, Ակներ գյուղական թաղամասի ակումբի և գյուղ գնացող ճանապարհի վերանորոգման խնդիրները: Ծրագիրը նախատեսում է մայթերի ընթացիկ նորոգման աշխատանքների իրականացում Էնգելս, Թումանյանի միջնամաս, Երիտասարդական, Զորավար Անդրանիկ փողոցներում: Ակներ թաղամասի ակումբի վերանորոգման խնդիրը կլուծվի գյուղի համայնքային կենտրոնի վերանորոգման հետ:
Քառամյա ծրագիրը նախատեսում է նաև քաղաքաշինության, ենթակառուցվածքների և սպասարկման, կոմունալ տնտեսության, մշակույթի և առողջապահության ոլորտի կարևոր ծրագրեր: Քննարկման ընթացքում Հյուսիսային համալսարանի Ալավերդու մասնաճյուղի տնօրեն Վոլոդյա Բեկթաշյանն առաջարկեց ռիսկային գործոնի հաշվին Սանահին/Սարահարթ թաղամասի Թուրքմենական փողոցի անավարտ շենքերից մեկն ավարտին հասցնել: «Դրա արդյունքում այդ թաղամասը կունենա ավարտուն տեսք, մյուս կողմից` բնակարանի կարիքավոր ալավերդցիները բնակարաններ գնելու հնարավորություն կունենան»,- ասաց Վ. Բեկթաշյանը:
Արտավազդ Վարոսյանը պատասխանեց, որ դեռ 2012թ.-ից քաղաքապետարանը Հայաստանի բնակարանային սոցիալական ասոցիացիայի մասնագետների հետ վերլուծություններ է կատարել առաջարկված ծրագրի շրջանակներում: Վերջինիս փոխանցմամբ` կատարված հաշվարկները ցույց են տվել, որ թուրքմենական թաղամասի շենքերն ավարտին հասցնելու և վարձակալական հիմունքներով քաղաքացիներին բաշխելու համար պահանջվող ներդրումները համահունչ չեն Ալավերդու բնակարանային շուկայում ձևավորված վարձակալության գներին. դրանք կազմում են ամսական 40-50 հազարական դրամ:
«Այդ դեպքում ներդրողի համար սպառնալիք է դառնում վարկի վերադարձման խնդիրը, այլ բան է, եթե դա կատարվի պետական միջոցներով և բնակարանային հերթի համաձայն՝ բաշխվի, սակայն առայժմ մենք այդ հեռանկարը չենք տեսնում նույնիսկ ռիսկային գոտում»,- ասաց քաղաքապետը:
Հաձնաժողովը քննարկեց նաև, Դեբեդ գետի էկոլոգիական վիճակից ելնելով, Ալավերդու կոյուղու կեղտաջրերի մաքրման կայանի վերակառուցման անհրաժեշտության հարցը: Հանձնաժողովի անդամները եկան այն հետևության, որ խնդիրը համալիր լուծելու համար պետք է ներկայացնել Լոռու մարզպետարանի քննարկմանը: Այսուհանդերձ, Ալավերդու զարգացման 2013-2016թթ. քառամյա ծրագիրը կյանքի կոչելու համար կարևոր են նախատեսվող ֆինանսական միջոցները, որոնք դեռևս թվեր են թղթի վրա:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել