HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Չախալյանը՝ Վիրահայոց թեմում

Հունվարի 24-ին, կալանավայրից ազատվեց ջավախքահայ քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը: Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխության և 2012 թվականի դեկտեմբերին Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված համաներման մասին օրենքի համաձայն, վերստին ազատության մեջ է հայ մեծանուն և նվիրյալ գործիչը, արդարության համար անվեհեր մարտիկը, ով 2001 թվականից նվիրվելով հասարակական կյանքին, գործել է Ջավախքում հայոց եկեղեցիների պահպանության, դպրոցներում մայրենի լեզվի դասավանդման, ջավախքահայերի իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

Հարազատների և ընկերների ուղեկցությամբ, ովքեր գտնվում էին ք. Ռուսթավի թիվ 1 կալանավայրի բակում, քաղբանտարկյալը ուղևորվեց Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի, որտեղ նրան դիմավորեցին Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը՝ հոգևոր դասի և պաշտոնեության, վիրահայ համանքի և հասարակայնության ներկայացուցիչների հետ: Վահագն Չախալյանին ջերմորեն դիմավորեցին ընդամենը 10 օր առաջ կալանավայրից ազատված հայազգի քաղբանտարկյալներ Արմեն Գևորգյանը և Ռուբեն Շեկոյանը:

Սրբազան Հայրը Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, հոգևոր դասի հետ միասին աղոթք բարձրացրեց և օրհնեց ազատություն վերադարձած Վահագն Չախալյանին: Թեմակալ Առաջնորդն իր խոսքում բարձր գնահատեց նոր իշխանությունների արդար և մարդասիրական դրսևորումները: Նա շնորհավորեց և իր հոգևոր խոսքով բարեմաղթեց երիտասարդին, ով ինչ-որ մարդկանց քմահաճույքով և կեղծ մեղադրանքներով 4 ու կես տարի կորցրեց ազատությունը, կտրվեց հարազատներից ու ընտանիքից, գտնվելով կալանավայրում: Բազմաթիվ անգամ կենաց և մահու օրեր ապրած Չախալյանը, սակայն, ամուր մնաց՝ կռիվ տալով կյանքի և ապրելու համար, ապրելու՝ հանուն այն գաղափարների, որոնք կիսատ էին մնացել: Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը արժևորեց այն, որ Վահագն Չախալյանի արդար գործի համար պայքարում էին ոչ միայն Ջավախքում, Վրաստանում և Մայր Հայրենիքում, այլև ողջ Սփյուռքում, Չախալյանին գնահատելով որպես հոգևոր նահատակ, ով պատիժ է կրում ճշմարտության համար:

Հեռախոսով Վահագն Չախալյանին իր Հայրապետական օրհնությունը հղեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Չախալյանն իր երախտագիտությունը հայտնեց Վեհափառ Հայրապետին, նրա հայրական խնամքի և ուշադրության համար:

Վահագն Չախալյանն երախտագիտության խոսքեր ուղղեց Վեհափառ Հայրապետին, Վիրահայոց թեմի առաջնորդին, հոգևոր դասին, կալանավայրերի հետ տարվող աշխատանքների պատասխանատու Տեր Հուսիկ քահանա Հարությունյանին և առաջնորդի օգնական Միքայել Ավագյանին, բոլոր նվիրյալ հայորդիներին, ովքեր մշտապես այցելել են նրան կալանավայրում գտնված ժամանակահատվածում, քաջալերել են և հուսադրել: Նա նաև իր շնորհակալությունը հայտնեց Վրաստանի նոր իշխանություններին, խորհրդարանին, Մայր Հայրենիքին և միջազգային հանրության, ովքեր ջանք ու եռանդ չխնայեցին նրա ազատման գործում: «Իմ պայքարը եղել է հանուն արդարության, մեր պարտքն է մնալ մեր Եկեղեցուն հավատարիմ, մեր լեզվին և մեր ժողովրդին նվիրված և այդ գաղափարները փոխանցել մեր սերունդներին»,-ասաց Վահագն Չախալյանը:

Այնուհետև Վահագն Չախալյանն ուղևորվեց Վրաստանում ՀՀ դեսպանություն, որտեղ նրան հյուրընկալեց Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը:

Ավելացնենք, որ Վահագն Չախալյանի ձերբակալության խնդրով փոքրամասնությունների իրավունքների հարցով համաշխարհային ճանաչում ունեցող փորձագետ Ֆերդինանդ դե Վարեն պատրաստել է զեկուցում ՝ “The Perils of Being a National Minority: Human Rights and Chakhalyan v. Georgia”, որը հասանելի է այստեղ:  

Վիրահայոց թեմի մամլո դիվան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter