
Չախալյանին Ախալքալաքում դիմավորեցին հրավառությամբ
Ախալաքալաքի Սուրբ Խաչ եկեղեցին բազմամարդ էր, մարդիկ հավաքվել էին դիմավորելու Վահագն Չախալյանին, նրան դիմավորեցին ծափերով և հրավառությամբ:
Եկեղեցու բակում հնչում էր «Կարմիր կակաչները» երգը: Եկեղեցում հավաքված բազմությունը՝ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Հայր Բաբգեն աբեղա Սալբիյանի գլխավորությամբ, վառված մոմերով ու աղոթքով դիմավորեց նրան:
Այնուհետև միասնական գոհաբանական աղոթք բարձրացրին առ Աստված։ Հայր Բաբգենը ժողովրդին շնորհավորեց` նշելով, որ Վահագնի ազատ արձակմանը իրենց նպաստն են բերել նաև Վեհափառ Տերն ու Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը։
Այնուհետև ներկաներին եկեղեցու բակում մատուցվեց մատաղ:
Հիշեցնենք, որ հունվարի 24-ի երեկոյան, 4,5 տարի բանտարկությունից հետո ազատ արձակվեց Ջավախքի քաղաքական-հասարակական գործիչ Վահագն Չախալյանը:
Աղունիկ Այվազյան
«Հարավային դարպաս»
Մեկնաբանել