HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարգեւներ՝ մի խումբ զինծառայողների եւ ազատամարտիկների

Բանակի օրվա առթիվ, բանակաշինության և զորքերի մարտական պատրաստության ապահովման գործում մատուցած ակնառու ծառայությունների, հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած արիության և անձնական խիզախության համար, նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ զինված ուժերի մի խումբ զինծառայողներ և ազատամարտիկներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության մեդալներով ու շքանշանով, շնորհվել են կոչումներ:

Նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցած պարգևատրման արարողության ժամանակ Սերժ Սարգսյանը շնորհավորել է զինծառայողներին և ազատամարտիկներին, հանձնել պետական բարձր պարգևները:

Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը

Հարգելի՛ պարգևատրվածներ, 
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Շնորհավորում եմ ձեզ բանակի օրվա և հայրենիքի բարձր պարգևներին ու կոչումներին արժանանալու կապակցությամբ:

Ձեր ծառայությունը բարձր է գնահատվում մեր ժողովրդի կողմից: Ձեր արձանագրած հաջողությունները և՛ նման են մյուս ոլորտներում մեր լավագույն մասնագետների արձանագրած հաջողություններին, և՛ սկզբունքորեն տարբեր են: Նման են, որովհետև հայոց հողի վրա մի քայլով առաջ են տանում մեր երկիրն ու հասարակությունը: Տարբեր են, որովհետև զինվորականի ու բանակի առաքելությունը խիստ առանձնահատուկ է. մանավանդ՝ այն աշխարհաքաղաքական պայմաններում, որտեղ մենք ապրում և աշխատում ենք:

Խաղաղության և անվտանգության պահպանման առաջին գծում եք դուք, և պատվով ու մասնագիտական բարձր ունակություններով իրականացնում եք ձեր առաքելությունը: Շնորհակալ եմ ձեզ դրա համար, նաև այն ինքնավստահության համար, որ ձեր գործով ու կեցվածքով ներշնչում եք մեզ, մեր ողջ հասարակությանն ու համայն հայությանը:

Մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին առողջություն և երջանկություն: Ձեզ և ձեր գործընկերներին մաղթում եմ նոր հաջողություններ՝ ձեր հայրենանվեր ծառայության մեջ: Համոզված եղեք, որ բոլորիս համար դուք ունեք բացառիկ կարևորություն:

Մեկնաբանություններ (1)

Վ. Առաքելյան
Համոզված եմ, բացառիկ կարևորություն ունեն բանակը թալանող ավազակները, իսկ հեռավոր մարտական դիրքերում ծառայող պարգևի արժանի զինծառայողներին անհայտ ծագումով մսով և թալանչիների մատուցած այլ էժանագին սննդով են բավարարում: Իսկ մեծ հարգանքի արժանի ազատամարտիկներից շատերի մարդու տարրական իրավունքները մինչ օրս լուծում չեն ստանում: Նման պայմաններում արժեզրկվում են մեդալները և անիմաստ գիտական կոչումները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter