
Մշակութային խմիչք գինին ընդդեմ քաղաքական խմիչք օղու. բայց ինչու է հայտնի հայկական հենց կոնյակը
Աշխարհում տարեկան վաճառվում է մոտ 10 մլրդ շիշ գինի: Հայաստանը տարեկան վաճառում է ընդամենը 500-700 հազար շիշ գինի, այն էլ ռուսական շուկայում, որտեղ տարեկան վաճառվում է 1,2-1,3 մլրդ շիշ գինի: Ռուսաստանում սպառվում է նաև հայկական կոնյակի 93 տոկոսը:
«Դա շատ վտանգավոր երևույթ է. ամեն պահի, երբ մենք հանկարծ փորձենք մտածել, որ ռուսները մեր ամենամեծ եղբայրը չեն, կպարզվի, որ հայկական կոնյակը չի համապատասխանում ոչ մի չափանիշի: Դրա քաղաքական հետևանքները գիտեք»,- այսօրվա մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:
Ռուսական շուկայում վաճառվող հայկական կոնյակի 5 տոկոսն է բարձրաստիճան խավի համար, իսկ 92-93 տոկոսը միջին և ցածր խավի համար է, քանի որ վաճառվում է ընդամենը 250-300 ռուբլով՝ այնքան, որքան արժե ռուսական գինին: Բացառություն են հայկական տեսակավոր կոնյակները, որոնց գինը սկսվում է 1000 ռուբլուց:
Ավագ Հարությունյանի խոսքով՝ այսօր Հայաստանում կոնյակագործության և արտադրությունը, և արտահանումը 10 տոկոսով ավելի են, քան անցյալ տարի, և 30 տոկոսով ավելի, քան խորհրդային ամենառեկորդային սպառման ժամանակներում:
«Շատ թե քիչ հայտնի է աշխարհում հայկական կոնյակը: Չի ընկալվում հայկական գինի հասկացությունը»,- ասում է Ավագ Հարությունյանը: Հայաստանում գինեգործության ոլորտում անկում կա: Պատճառն այն է, որ ներուժն ուղղվում է դեպի կոնյակ, և Հայաստանը ներկայացված չէ գինու միջազգային շուկաներում:
Բանախոսը դա բացատրում է նրանով, որ 150 տարի անընդմեջ նախ Ցարական Ռուսաստանը, հետո Խորհրդային Միությունը լավագույն գինեգործական տեխնոլոգիաներն ուղղորդել են Վրաստան ու Բեսարաբիա, իսկ լավագույն կոնյակագործական տեխնոլոգիաները՝ Հայաստան, քանի որ Հայաստանը նախորդ դարերում թուրք սելջուկների և պարսիկների տիրապետության տակ կորցրել էր խաղողի իր գոնեֆոնդի մեծ մասը, հայերի լավագույն այգիները զավթիչների ձեռքում էին:
«Վրացիները ունեին անկախ պետականություն 17-18 դարում և թույլ չտվեցին՝ իրենց խաղողը ոչնչանա: Դրա համար երբ 1828-ին Հայաստանը հայտնվեց Ցարական Ռուսաստանի կազմում, մենք ունեինք խաղող, որը պիտանի էր միայն օղու արտադրության համար: Երբ 1860-70-ական թթ. եվրոպական տեխնոլոգիաները եկան Հայաստան, շատ հեշտ էր խաղողի օղուց անցնել կոնյակի, և այդպես էլ եղավ»,- ասում է Ավագ Հարությունյանը: Հայաստանը Ցարական Ռուսաստանում 1-ին տեղում էր կոնյակի արտադրությամբ:
Վերջին 3 տարում Հայաստանում նվազել է գինու սպառումը, որը 2002-2003թթ.-ից սկսած՝ անընդհատ աճում էր: 2010թ. Հայաստանում գրանցվել է տեղական գինու ռեկորդային սպառում՝ մոտ 4,2 մլն լիտր: Ընդամենը 10 տարի առաջ այդ ցուցանիշը 3 մլն լիտր էր: Այսօր Հայաստանում տեղական գինու տարեկան սպառումը 3,5 մլն լիտր է: 2012-ին Հայաստանում սպառվել է 3,6 մլն լիտր տեղական արտադրության գինի: Վերջին 12 տարում 10 անգամ մեծացել է ներկրված գինու քանակը:
Հայաստանում տարեկան մեկ մարդու հաշվով սպառվում է ընդամենը 1 լիտր գինի: Եվրոպայում մեկ մարդը տարեկան խմում է 50 լիտր գինի: Ավագ Հարությունյանի խոսքով՝ եթե Հայաստանը կարողանար հասնել եվրոպական ցուցանիշի կեսին, ապա երկրի այգիները չէին հերիքի:
«Հայաստանը պետք է մտցնի գինու սպառման մշակույթ: Ընդհանրապես հայ ժողովուրդը սկսել է առհասարակ գինի քիչ խմել: Սա վատ միտում է: Գինին դեղ է, մշակութային խմիչք է և արվեստի աշխարհի պրոդուկտ է: Դրա համար գինին զարգացած երկրների ատրիբուտ է: Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, որ տղամարդը պետք է օրական գոնե 400 գրամ կարմիր դառը գինի խմի, իսկ կինը՝ մոտավորապես նվազագույնը 200 գրամ, որովհետև օրգանիզմը պահանջում է շատ նյութեր, որոնք այդքան քանակի գինիների մեջ կան»,- ասում է Ավագ Հարությունյանը:
Նա Հայաստանում տեղական գինու սպառման նվազումը պայմանավորում է բնակչության արտագաղթով, նաև օտար մշակույթին խոնարհվելու, հայրենական արտադրանքն արհամարհելու շատ տարօրինակ պահվածքով, որին ականատես է լինում նաև գինու իր սեփական խանութի գնորդների հետ շփվելիս:
«Այսօր 3-4 ընկերություն կա Հայաստանում, որ շատ լուրջ որակական շեմի է հայտնվել: Այն հայկական գինիները, որ այսօր 2000-3000 դրամային նիշում են, չեն զիջում իրենց որակական հատկանիշներով այն գինիներին, որոնք արտասահմանում գտնվում են 1-1,5 եվրոյանոց նիշում, և այդ գինիները, որ հասնում են Հայաստան, վաճառվում են 4000-5000 դրամով»,- ասում է Ավագ Հարությունյանը: Միաժամանակ նա նշում է, որ հայաստանյան շուկայում առկա գինիների 10 տոկոսն է, որի որակի հարցում կարելի է վստահ լինել:
Գինեգործների միության նախագահը դրական է համարում, որ Հայաստանում սկսել են օղի ավելի քիչ խմել: Օղու սպառմանը հանգեցնում է աղքատությունը, և ի տարբերություն մշակութային խմիչք գինու՝ օղին քաղաքական խմիչք է: Վերջին 12 տարում Հայաստանում օղու տարեկան սպառումը ռեկորդային է եղել է 2005-ին. այդ տարի սպառվել է տեղական արտադրության մոտ 16 մլն լիտր օղի, փոքր-ինչ ավելի քիչ էլ ներմուծվել է: Գումարելով տեղական և ներմուծված օղին՝ Հայաստանը մեկ շնչի հաշվով խմված օղու քանակով աշխարհում 1-3-րդ տեղերում էր Ռուսաստանի ու Մոլդովայի հետ:
Օղու սպառման ցուցանիշը Հայաստանում 2007-ին սկսեց նվազել, իսկ 2008-2009-ին տնտեսական ճգնաժամի պատճառով նորից բարձրացավ: 2010-ից Հայաստանում օղու սպառման ցուցանիշն անշեղորեն նվազում է: 2012թ. Հայաստանում սպառվել է տեղական արտադրության 9,7 մլն լիտր օղի, ինչը մոտ 2 անգամ քիչ է, քան նախաճգնաժամային տարիներին: 2008-2012թթ. արձանագրել է նաև ներկրված օղու ծավալների նվազում: Ավելի շատ նվազել է ներկրված էժան (մինչև 2200-2300 դրամ արժողությամբ) օղին, իսկ թանկ օղու ծավալները չեն նվազել:
«Պետական մտածելակերպի կամ պետական քաղաքականության իսպառ բացակայության պատճառով մենք խմում ենք օղի: Մենք գինի խմող ազգ չենք»,- ասում է Ավագ Հարությունյանը: Նրանում, որ հայկական գինին չի գովազդվում ներքին ու արտաքին շուկաներում, նա տեսնում է գինեգործների մեղավորությունը: Ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում յուրաքանչյուր գինեգործ կարծում է, թե իր գինին է լավագույնը:
«Գինին նման է մարդու: Յուրաքանչյուր մոր համար իր զավակը ամենալավն է: Եվ շատ դժվար է այդ «մայրերին» միավորել: 2013թ.-ին լուրջ աշխատանքներ կան. կառավարությունը 1-ին անգամ կանգնում է մեր կողքին որպես գործընկեր, այլ ոչ թե որպես հակառակորդ, որովհետև վերջիվերջո մենք կարողացանք հասնել նրան, որ կառավարությունը մշակեց գինեգործության, արտահանման խթանման շատ լուրջ ծրագիր»,- ասում է Ավագ Հարությունյանը:
Ծրագրի արժեքը մոտ 120 մլն դրամ է, որը 2013-15 թթ. պետք է ուղղվի Հայաստանի մասնակցությանը ցուցահանդեսների, ներքին շուկայում գինու իմիջային, գովազդային հոլովակների պատրաստմանը, հատուկ հաղորդումների թողարկմանը և այլն:
Հունվարի 25-ին Հայաստանում արտասահմանյան CBI ընկերության ներկայացուցիչները ժողով են անցկացրել խոշոր գինեգործների հետ: Ընկերությունը կընտրի հայաստանյան մոտ 10 գինեգործական ընկերություն, որոնց առաջիկայում 10-15 հազարական եվրոյի չափով դրամաշնորհներ կտրամադրի՝ արտադրանքը եվրոպական շուկայում ներկայացնելու համար: Ավագ Հարությունյանի խոսքով՝ վրացական գինին համաշխարհային շուկայում լուրջ ճանաչում ունի արտասահմանյան խորհրդատվական ընկերությունների հետ աշխատանքի և հենց այդպիսի ներդրումների շնորհիվ:
Հայաստանում միշտ եղել է հայկական խաղողի սորտերի ոչնչացման քաղաքականություն
«Գինեգործության մեջ հաջողության 99 տոկոսը գալիս է խաղողի սորտից: Մնացած բոլորը սուտ է. և տեխնոլոգիաները կարող ես գնել, և գործարանները կարող ես կառուցել, և ռեկլամային հեղափոխություններ կատարել շուկաներում: Դրանք միայն ֆինանսի և ցանկության խնդիրներ են: Այ, որակը, որ գալիս է խաղողից, հողի պատմության, երկար ժամանակվա խնդիր է: Առնվազն 100-200 տարի է հարկավոր»,- ասում է Ավագ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ անցյալում Հայաստանն ունեցել է խաղողի տեսակների շատ մեծ գենոֆոնդ, որը թույլ է տվել աշխարհի գիտնականներին դեռ 100 տարի առաջ ասել, որ խաղողը ծագել է Հայկական լեռնաշխարհում: Աշխարհում կա խաղողի 6-7 հազար սորտ, որից 600-ը՝ Հայկական լեռնաշխարհում: Գենետիկական անալիզները ցույց են տվել, որ այդ 6-7 հազար սորտի գերակշիռ մասը ևս ծագել է Հայկական լեռնաշխարհից: Վանա լճի շրջակայքում հայտնաբերվել են գինեգործության զարգացման մասին վկայող ուրարտական և նախաուրարտական ապացույցներ: Հայ գյուղացին ամեն տարի իր այգուց վերացնում էր վատ խաղողը և փորձում լավ մշակել լավ խաղողը: Պրոցեսն ընթացել է 7000 տարի, որի ընթացքում հայ գյուղացին տասնյակ հազարավոր սորտերի միջից դուրս է բերել լավագույնները:
«Եվ այսօր ծիծաղելի վիճակում ենք մենք: Երբ մարդիկ հարցնում են՝ խաղողի ի՞նչ սորտեր ունեք, մենք մատների վրա 2-3 սորտ ենք թվում: Այսինքն՝ անընդհատ ընթացել է սորտերի ոչնչացման քաղաքականություն»,- ասում է Գինեգործների միության նախագահը:
Այժմ Արևմտյան Հայաստանում կա խաղողի 1200 սորտ, որից 300-ի հայկական անունները թուրքերը դեռ չեն հասցրել փոխել: Ադրբեջանում կա գինեբեր խաղողի 140 սորտ, որոնք հայերն են բերել ու հասցրել այդ երկիր, որովհետև մինչև 1930թ. Թուրքիայում և մինչև 1918թ. Ցարական Ռուսաստանում մուսուլմաններին արգելված էր գինեբեր խաղող աճեցնել իրենց այգիներում: Ավագ Հարությունյանի խոսքով՝ այս տարածաշրջանում գինեբեր խաղող տնկելը մուսուլմաններին արգելվեց տարածաշրջանում իսլամի հայտնվելու հետ՝ 8-րդ դարում. արգելքը խախտող մուսուլմանները ենթարկվում էին մահապատժի: Այս պատճառով մահմեդականները, որոնք գրավում էին Հայաստանը, վերացնում էին գինեբեր խաղողի այգիները և փոխում սորտերը:
ԽՍՀՄ-ի ժամանակ Հայաստանում ստեղծվեցին խաղողի սելեկցիոն նոր սորտեր, որոնք պետք է արտացոլեին խորհրդային քաղաքականությունը՝ տային անորակ, բայց մեծ քանակությամբ բերք: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո քանդվեցին խաղողի և հին, և սելեկցիոն սորտերի այգիները:
«Մենք ունեցել ենք 600 աբորիգեն (տեղածին - հեղ.) սորտեր: Այդ 600 աբորիգեն սորտերից մենք այսօր չգիտենք՝ ինչ ունենք: Գուցե մի 100-120-ը պահպանվել է: Այդ 120-ի լեզուն էլ մենք չենք հասկանում: Այսօր աշխատում ենք կարմիր խաղողներից միայն արենու և կախեթի հետ և 3-4 սպիտակ խաղողներ: Այդ աբորիգեն սորտերից պետք է ընտրել լավագույն 5-10, դրանց հետ աշխատել, դրանք բազմացնել ու ամբողջ աշխարհին ցույց տալ մեր եզակիությունը, որովհետև այդ սորտերը միայն Հայաստանում են: Հիմա մենք շատ լուրջ մրցակիցներ ունենք՝ Վրաստան, Թուրքիա ու Ադրբեջան, որոնք ամեն ինչ վերագրում են իրենց»,- ասում է Ավագ Հարությունյանը:
Նա վտանգավոր է համարում այն, որ Հայաստանն ընտրել է հայկական խաղողի տեսակներն արհամարհելու և արտասահմանյան սորտեր տնկելու ճանապարհը: «Դա կործանարար է Հայաստանի համար»,- ասում է Ավագ Հարությունյանը:
Այսօր Հայաստանում խաղողի հին այգիները քանդվում են, օրինակ, ֆիլոքսերայից և այլ վնասատուներից: Երկրում այգիների 99 տոկոսը գյուղացիներինն է, որոնք հնարավորություն չունեն վերակառուցել այգիները: Ամենաերիտասարդ այգիները տնկվել են 1970-ականներին, և 10 տարի հետո արդեն չեն լինի:
«Երբ ժողովուրդը ասում է արենի, հասկանում է մի 10-15 սորտերի խառնուրդ: Իրականում բուն արենին 100 կամ 200 հա է: Արենի ասելով՝ ժողովուրդը հասկանում է ևս մի 1000 հա: Խաղողագործության և գինեգործության զարգացման ռազմավարությունը հիմա ենթադրում է՝ լրացուցիչ 4000 հա այգիներ տնկեն, բայց ի՞նչ սորտ, որտեղի՞ց վերցնեն այդ բազմացման ելանյութը՝ անհայտ է»,- ասում է Ավագ Հարությունյանը:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել