Սարգիս Հայոցյան. «Շատ կուզենայի, որ ԵԳԱԾ-ը գիտության համալիր բարեփոխումների ընդամենը մի փոքրիկ մասը լիներ»
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Հարցազրույց Սարգիս Հայոցյան հետ
Սարգիս, Դուք, որպես նախագահի հատկացրած 100 մլն գումարով իրականացվող «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» ղեկավար մարմնի անդամ, կարո՞ղ եք թվարկել ծրագրի իրականացման հիմնական արդյունքները. ինչպիսի՞ ձեռքբերումներ կան, իսկ կա՞ն բացթողումներ, ձախողումներ, ինչպիսի՞ն են ծրագրի գործունեության լավացման ու հետագա զարգացման ուղիները։
Ծրագրի շրջանակներում մինչ այս պահը իրականացվել են մի շարք միջոցառումներ.
ա) համաֆինանսավորվել են մի քանի տասնյակ երիտասարդական գիտական գիտաժողովներ, դպրոցներ և այլ տիպի գիտական միջոցառումներ,
բ) մի շարք երիտասարդ գիտնականներ ստացել են միջազգային գիտաժողովների մասնակցելու համար ֆինանսական աջակցություն (կրկին համաֆինանսավորման սկզբունքով),
գ) ԳԱՏԱՀ-ի հետ համատեղ հայտարարվել է «Երիտասարդ գիտնականների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2013»-ը որի շնորհիվ ներգրավվել է արտաբյուջետային ևս 20.000.000 ՀՀ դրամ` ԳԱՏԱՀ և ՔՀՄՀ Գլոբալ-ի խողովակներով: ԳՊԿ-ի հետ համատեղ իրականացվել է «Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիր–2012»-ը, որտեղ ԵԳԱԾ-ը ֆինանսավորել է 2 հայտ,
դ) հայտարարվել է Երիտասարդ գիտնականների մրցանակաբաշխությունը, որին մասնակցության հայտ են ներկայացրել 100-ից ավել երիտասարդ գիտնականներ,
ե) հայտարարվել է նաև գիտական լրագրության մրցույթ, որի վերջնաժամկետը ս.թ. փետրվարի 1-ն է,
զ) համաֆինանսավորվել է Ավետիք Գրիգորյանի «Դարերի խորքից դեպի Տիեզերք» գրքի տպագրությունը, որը, իմ կարծիքով, մեր քայլերի մեջ ամենից ֆունդամենտալը կլինի գիտության զարգացմանն օժանդակելու տեսակետից, քանի որ միտված է ոչ թե արդեն գիտության ուղին բռնած երիտասարդությանը, այլ տակավին նոր գիտության հետ շփվող աշակերտների մեջ դրա հանդեպ սեր և ըմբռնում սերմանելուն:
Որպես ձեռքբերում կարելի է նշել լիովին նոր որակի մոտեցումը գիտությանը հատկացված գումարների ուղղորդման պրոցեսին, քանի որ իրոք սա աննախադեպ պրոցես է, երբ 9 երիտասարդ լիովին (կամ մասամբ), անտեսելով սեփական շահերը և մի մեծ ժամանակ սեփական գործերից հատկացնելով այս ծրագրին, կարողանում են շատ լավ և թափանցիկ կազմակերպել միջոցների բաշխումը: Կողքից միգուցե քիչ երևա, սակայն տարվում է բավական ծանր աշխատանք, և ես անձամբ շատ ուրախ եմ, որ դեռևս կան սկզբունքային անհատականություններ, ովքեր կարող են, եսապաշտական ձգտումները մի կողմ դրած, աշխատել ընդհանուրի համար:
Բացթողումներից և թերություններից կցանկանայի հատկապես նշել միջազգային գիտաժողովներին մասնակցության հայտերի պայմանների մի հանգամանք, այն է՝ բացառապես բանավոր զեկույցների ֆինանսավորումը, ինչի պատճառով էապես ընկնում է ներկայացված գիտաժողովների որակը, քանի որ երիտասարդ գիտնականին դժվար է բանավոր զեկույցի համաձայնություն ստանալ բարձրակարգ գիտաժողովների դեպքում (խոսքը հատկապես բնական գիտությունների մասին է):
Խնդիրը բարդ է այնքանով, որ դեռևս հստակ չափորոշիչներ հնարավոր չի լինում մշակել՝ գիտաժողովի մակարդակը գնահատելու համար, սակայն այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, և, հուսով եմ, որ ծրագրի շարունակական լինելու դեպքում կկարողանանք նոր չափորոշիչների կիրառությամբ քննարկել նաև ոչ բանավոր զեկույցներ ենթադրող հայտերը: Ընդհանուր առմամբ, ծրագիրը բավական ճկուն է իրականացվում, և շատ բացթողումներ կամ թերություններ արագորեն շտկվում են:
Որքանո՞վ է հավանական, որ ծրագիրը շարունակական կլինի, ինչո՞ւ եք այդպես կարծում, և լինելու դեպքում՝ արդյոք կավելանա՞ն գումարները, ինչպես խոստացել էր նախագահը, եթե ծրագիրը հաջողությամբ իրականացվի:
Նախագահի թեկնածու Ս.Ա. Սարգսյանի նախընտրական ծրագրում տեղ է գտել երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի մասին հիշատակում, ուստի, կարծում եմ, որ ընտրություններից հետո շատ հնարավոր է, որ ԵԳԱԾ-ը ստանա երկրորդ տարվա կյանքի իրավունք: Սակայն, որպես երիտասարդ գիտնական, շատ կուզենայի, որ ԵԳԱԾ-ը գիտության համալիր բարեփոխումների ընդամենը մի փոքրիկ մասը լիներ:
Մանե Հակոբյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել