
Տօն անւանակոչութեան Լիլաիայի Ս. Սարգիս եկեղեցու
Թաւրիզ, Ազգային Առաջնորդարան – Ս. Սարգիս Զօրավարի տօնը, Թաւրիզի Ս. Սարգիս Եկեղեցու անւանակոչութեան օրը լինելով, Ուրբաթ 25 Յունւար 2013-ի երեկոյեան ժամը 6-ին եկեղեցում կատարւեց Նախատօնակի արարողութիւն:
Ատրպատականի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Գերպ. Տ. Գրիգոր Ծ. Վրդ. Չիֆթճեանի հանդիսապետութեամբ կատարւեց երեկոյեան ժամերգութիւնը: Երգեցողութեան մասնակցեց «Կոմիտաս» երգչախումբը, ղեկավարութեամբ Պրն. Վարդան Վահրամեանի: Իսկ եկեղեցու կրտսերների դպրաց դասը փոխասացութեան ու մո-մակրութեան պաշտօններով յաւելեալ փայլ բերաւ եկեղեցական արարողութեանը:
Երեկոյեան ժամերգութեան յաջորդեց նախատօնակի արարողութիւնը, որու աւարտին Թեմակալ Առաջնորդը տւեց յաւուր պատշաճի քարոզ: Նա սրբերի կեանքից ու մասնաւորաբար Ս. Սարգսի կեանքից վերցնելով օրինակը, ցոյց տւեց քրիստոնեաների դիմադրողական ուժը եւ կեանքի տառապանքներին տոկալու երկնային կարողութիւնը: Հայր Սուրբը անդրադարձաւ ժողովրդի դժւարութիւններին, կեանքի պայմաններից բխած մտահոգութիւններին, եւ գօտեպնդեց նրանց, միշտ օրինակ բերելով սրբերը, որոնք դիմադրեցին կեանքի մարտահրաւէրներին:
Այս առիթով, Թեմակալ Առաջնորդը բարձր գնահատեց Եկեղեցու Խնամա¬կալ Մարմնի կանանց գործունէութիւնը, որոնք եկեղեցիների մաքրութեան, բարե-զարդման, զգեստների կանոնաւորման, մաս ու նշխարհի պատրաստութեան եւ այլ գործնական աշխատանքները անյապաղ իրականացնում են, ի պայծառութիւն հայ եկեղեցու: Նա գնահատեց նաեւ եկեղեցու ՙԿոմիտաս՚ երգչախմբին եւ նրա խմբավարին, ինչպէս նաեւ եկեղեցու սարկաւագ Պրն. Վարդան Տէր Մարտիրոսեա-նին ու կրտսեր դպիրներին, իրենց ջանասիրութեան համար:
Նախատօնակի աւարտին տրւեց Սուրբ Հաղորդութիւն, եւ բոլոր նրանք ովքեր ծոմապահութեամբ կամ պահեցողութեամբ Ս. Սարգիս Զօրավարի տօնի աւանդութիւնը պահել էին, մօտեցան Ս.Խորանին, ստանալու Քրիստոսի Ս. Մար-մինը եւ Արիւնը:
Յայտնենք, որ Լիլաւայի Ս. Սարգիս Եկեղեցին կառուցւել է 1845 թւին: Նրա մայր դրան ճակատին կայ հետեւեալ արձանագրութիւնը. «Շինեցաւ Ս[ուր]բ Սարգիս եկեղեցիս / ի 5 Մարտի 1845 ամի եւ ի թուին / Հայոց ՌՄՂԲ ÿի հայրա¬պետութե[ան] / Տեառն Ներսիսի Ե.ի, աշխա/ տութեամբ Զաքարիա Աւագ քա-/ հանայի Տէր Զաքարեանց / արդեամբ բարեպաշտ / հայազգի ժողովրդականաց»: Հիւսիսային զանգակատան վրայ կարդում ենք. «ՇԻՆՈՒԵՑ. ՅԻՇԱ/ ՏԱԿ. ՏԷՐ. ՅԱ¬ՐՈՒԹ/ ԻՒՆԻ. ՏԷՐ ՕՀԱՆ/ ԵԱՆ»: Իսկ Հիւսիսային դրան վրայ զետեղւած շատ հին եւ հազիւ ընթեռնելի արձանագրութեան վրայ յիշւում է 1821 Ապրիլ ամիսը, ինչը ցոյց է տալիս, թէ եկեղեցին աւելի հին մի կառոյց է ունեցել, որը 1845-ին վերանորոգւել է: Իսկ նոյն քարի վրայ «ՏՐ ԱԾ ՅՍ ՔՐ», ինչպէս նաեւ «Յ.Ն.Թ.Հ.» սղագրութիւնները եւ գեղաքանդակ խաչը բացայայտում են, թէ այդ նախապէս եղել է եկեղեցու մայր դրան արձանագրութիւնը:
Եկեղեցու հարաւային զանգակատան ներքեւ կայ մի արձանագրութիւն. «Ի ՅԻՇԱՏԱԿ ՎԱՂԱՄԵՌԻԿ/ ԲԱԲԳԷՆ ՍՏԵՓԱՆԵԱՆԻ / ԾՆ. 10 ՀՈԿՏ. 1920 ԹԻՒ / ԿԱՌՈՒՑԵՑԱՒ / ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆՍ / ԾԱԽԻՒՔ ՀՕՐ ՆՈՐԱ / ՍՄԲԱՏ ՍՏԵՓԱՆԵԱՆԻ / ԹԱՒՐԻԶ 24 ՕԳՈՍՏՈՍ / 1938»:
1967 թւին դարձեալ վերանորոգւելով, եկեղեցին նախագաւիթ է ունեցել, բարերարութեամբ Սալմաստեցի Աբգար Ենովքեանի, ի յիշատակ իր կնոջ՝ Ռոզայի: Սոյն նախագաւթում է գտնւում Խնամակալ Մարմնի մոմավաճառութեան սենեակը, եւ մոմավառութեան խորանները: 2003 Թւին, ի յիշատակ Գնդ. Էմիլ Յակոբեանի, սոյն նախագաւիթը օժտւել է երկաթեայ գեղակերտ դուռով ու յարակից պատուհաններով, որոնք խաչքարային արւեստով յագեցւած են:
Մեկնաբանել