HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Եթե գազը թանկանա, հայ ֆերմերներն իրենց ջերմոցները ստիպված կտեղափոխեն Վրաստան

Երբ գազի գինը մեկ խորանարդ մետրի համար 35 դրամ էր, Արարատյան դաշտավայրում տնամերձ ջերմոցներ կառուցող գյուղացիները վարկ վերցրին այն հույսով, որ իրենց սպասելիք եկամուտների հաշվին կկարողանան մարել վարկը և շարունակել զբաղվել ջերմոցային տնտեսությամբ: Ջերմոցային տնտեսությունը վերջին շրջանում միտում ուներ դառնալու գյուղատնտեսության արդյունավետ զարգացող ճյուղ Հայաստանում:

Այժմ բացի նրանից, որ բարձրացել է գազի գինը, ընկել է գյուղմթերքի գինը: Ջերմոցային տնտեսությամբ զբաղվել սկսած ֆերմերները, չկարողանալով մարել բանկից վերցրած վարկը, ստիպված են եղել ավելի խոշոր տոկոսադրույքներով երկրորդ վարկը վերցնել՝ նախկինը մարելու նպատակով, սակայն դրա հետևանքով հայտնվել են սնանկացման եզրին:

Ջերմոցային տնտեսության տնօրեն, ֆերմեր Գագիկ Բաբախանյանի համոզմամբ՝ ստեղծված իրավիճակում այլ ելք չի մնում, քան ապամոնտաժել ջերմոցները և տնտեսությունը տեղափոխել Վրաստան, օրինակ՝ Աջարիա, որտեղ գազի գինը նորմալ է, կլիման էլ առավել նպաստավոր:

Ջերմոցային տնտեսությամբ զբաղվողների համար մտահոգության առարկա է նաև այն, որ պետությունը ոչ մի կերպ չի խրախուսում տեղական արտադրողին, իսկ մինչ այդ Թուրքիայից Հայաստան է ներմուծվում անորոշ ծագման պինդ, անհամ և առողջության համար վտանգավոր լոլիկ, որը մրցակցությունից դուրս է մղում Արարատյան դաշտավայրում աճեցված մաքուր ծագման, կալորիականությամբ հարուստ լոլիկին:

Այսպիսի իրավիճակ եղել է դեռևս խորհրդային տարիներին, երբ Հայաստանի տարածքից ծաղկային ջերմոցները տեղափոխվեցին Ադրբեջանի կազմի մեջ մտնող Նախիջևան, և Ադրբեջանը դարձավ միակ խոշոր ծաղիկ արտահանող երկիրը տարածաշրջանում:

Ֆերմերը իրավիճակից դուրս գալու միջոց է դիտարկում գազի համար սահմանված ավելացված արժեքի հարկն իրենց տնտեսություններից չհարկելը, ինչն արվում է, օրինակ, Հոլանդիայում, որպեսզի գյուղատնտեսության այս ճյուղը վերջնականապես չկործանվի Հայաստանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter