Հմայակ Հովհաննիսյան. «Միասնական շտաբը անցավ պատմության գիրկը՝ որպես բռնաբարված վերջին հույս»
«Այս քարոզարշավը ծայրից ծայր մեծագույն կեղծիք է: Այդ իսկ պատճառով քվեարկությունը կարող է և հաստատ կանցնի առանց շոշափելի կեղծիքների: Բայց միայն քվեարկությունը, որովհետև ընտրարշավը կեղծ է ի սկզբանե: Ինչպե՞ս կարելի է շինծու գործընթացի առանձին փուլի մասին դատողություններ անել՝ կե՞ղծ է այն, թե՞ ոչ, եթե դա ամբողջական գործընթաց է»,- «Հետքի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ անցյալ տարի, նախաձեռնելով ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբի ստեղծումը, ինքը վերջին ճիգն է գործադրել՝ ճեղքելու անվստահության այդ շրջանակը: Ըստ նրա' այսօր իշխանությունները իրեն նստացրել են ամբաստանյալի աթոռին, իսկ Միասնական շտաբը, արժանանալով Կռիլովի հայտնի առակի հերոսների ճակատագրին, անցավ պատմության գիրկը՝ «որպես բռնաբարված վերջին հույս»:
Հմայակ Հովհաննիսյանը նշեց, որ իր դեմ քարոզարշավի սկսելուն պես սկսվեց «շինծու, սուտ քրեական մեղադրանքով մի խայտառակ դատավարություն», որը բացահայտելու է դատաիրավական համակարգի բոլոր խոցերը:
«Իհարկե, այդ խոցերը քաջ հայտնի են Սերժ Սարգսյանին, ով անցած տարվա վերջում ինքն է դրանք մատնանշել իրավապահ համակարգի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ: Բայց մի բան է իմացությունը և մի այլ բան՝ արատները արմատախիլ անելու քաղաքական կամքը: Ինչպես հին հույներն էին ասում, գիտեն՝ որն է ճշմարիտը և բարին, սակայն երկրպագում են չարին»,- ասում է Հմայակ Հովհաննիսյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել