HY RU EN

Վիրահայոց թեմը կոչ է անում նախագահ Սահակաշվիլուն և մյուս լիդերներին ձեռնպահ մնալ սադրիչ հայտարարություններից

Քաղբանտարկյալների և  մյուս  համաներված անձանց, այդ թվում  Վահագն  Չախալյանի, ազատումը կալանավայրից առաջացրեց  բացասական  արձագանք  ընդդիմությունում գտնվող  Միասնական Ազգային  շարժման կողմից,  որի ներկայացուցիչները  վերջին  օրերի և շաբաթվա ընթացքում, մասնավորապես, երեկ ամբողջ օրվա ընթացքում  անում էին  ոչ վայելուչ  հայտարարություններ, փորձելով  նպաստել  հակահայկական տրամադրությունների տարածմանը  Վրաստանի բազմազգ  հասարակության շրջանում:

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին և  ՄԱՇ քաղաքական կուսակցության գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլին  հայտարարեցին, որ քաղաքական բանտարկյալ դարձած  Վահագն Չախալյանը իբր   անջատողական է, արտասահմանյան հատուկ ծառայությունների գործակալ և վրացական պետության  թշնամի:  Նման կարգի  բաց  հայտարարություններով նախագահը և  ներքին գործերի նախկին նախարարը  խոստովանեցին, որ  Միասնական ազգային  շարժման իշխանությունում  գտնվելու ժամանակ, արդարադատությունը փաստորեն  բացակայում էր: Եթե Չախալյանն, իրավամբ անջատողական  էր և  գործակալ, այդ դեպքում ինչու  նա դատված չէր  Քրեական օրենսդրության համապատասխան  հոդվածներով: Այդ առեղծվածի   բացատրությունը  մեկն է.  նախկին իշխանությունը առանձնահատուկ կերպով  օգտագործում էր  արդարադատության  համակարգը  իր  քաղաքական  ընդդիմադիրների  դեմ:

Նախագահ Սահակաշվիլին իրեն թույլ տվեց  նաև հիշատակել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին  Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի անունը, հայտարարելով,  որ  ազատումը  տեղի է ունեցել Նորին  Սրբության խնդրանքով:  Ուզում ենք  հայտարարել,  որ  նախ՝ դիմումը  բխում էր  մարդասիրական  գաղափարներից և  Չախալյանի ծնողների խնդրանքով էր, ինչին չէր կարող  չարձագանքել  Համայն հայության  Հոգևոր  հովիվը: Երկրորդ՝  Չախալյանն այսպես թե այնպես ընկնում էր համաներման տակ, քանզի նա դատապարտված  էր այն հոդվածներով, որոնք համապատասխանում են Վրաստանի 2013 թվականի հունվարի  12-ի «Համաներման մասին» օրենքին:

Վերջին օրերի  ընթացքում  նախագահ Սահակաշվիլու կողմից  բազմիցս  հիշատակվել է նաև քաղաքական այլ բանտարկյալ՝ Արմեն Գևորգյանի անունը, ում  նախագահը  նույնպես  մեղադրել է  լրտեսության մեջ:  Մի՞թե  200 քաղաքական բանտարկյալների  ցուցակից  Սահակաշվիլին  կարողացավ   մտապահել  բացառապես այս ազգանունները և  օգտագործել  դրանք   որոշակի նպատակների համար: Հարկ է նշել, որ  ելնելով  մարդասիրական գաղափարներից, Արմեն Գևորգյանի  ազատման համար,  մեր տվյալներով,  իր ժամանակին  նախագահին  միջնորդել է   Նորին  Սրբություն  Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք  Իլիա Երկրորդը:

Հայ Աոաքելական ուղղափառ սուրբ  եկեղեցու Վիրահայոց  թեմը  դատապարտում է  վերը նշված  գործողությունները և հայտարարում ու  կոչ է  անում առանձին  քաղաքական  գործիչներին՝ կարճատև քաղաքական նպատակների համար  չօգտագործել այնպիսի  հարցեր, որոնք անմիջականորեն  վերաբերում են  ինչպես մեր բազմազգ  հայրենիքի խաղաղությանը և  անդորրին, այնպես էլ  երկու եղբայրական ժողովուրդների՝ հայերի և վրացիների  միջև հարաբերություններին:

Համոզված ենք, որ անկախ որևէ քաղաքական կամ այլ տեղաշարժերից, մեր ժողովուրդները  ապագայում ևս  կամրապնդեն և կխորացնեն  բարիդրացիական և եղբայրական հարաբերությունները, իսկ Վրաստանի քաղաքացի հայերը  եղել  են և կմնան  Վրաստանին   նվիրված  զավակներ:   

Վիրահայոց թեմի մամլո դիվան