HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Րաֆֆի Հովհաննիսյանը մարզային այցելությունները սկսեց Մեծամորից

Այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում Մեծամորի համայնք կատարած այցելությամբ ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը սկսեց մարզային հանդիպումների շարքը: 

Թեեւ հանդիպումը նախատեսված էր անցկացնել Մեծամորի մշակույթի պալատում, սակայն հավաքված մարդկանց թիվն այնքան մեծ էր որ որոշվեց հանդիպումն անցկացնել բացոթյա, հանրահավաքի ձեւով` մշակույթի պալատին հարող հրապարակում: Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես եկավ ելույթով՝ խիստ քննադատության ենթարկելով գործող իշխանություններին եւ ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանին: «Եթե այսպես շարունակվի, ավելանա գործազրկությունը, խորանա աղքատությունը` Հայաստանում մարդ չի մնա. սա մի կործանարար գործընթաց է, որը պետք է միասին, ազգովի կասեցնենք փետրվարի 18-ին»: 

Ապա, խոսելով համայնքային խնդիրներից, նա նշեց. «Արմավիրի մարզը եւ, մասնավորաբար, Մեծամորի քաղաքային համայնքը լավ հնարավորություններ ունի խթանելու գյուղատնտեսական հատվածի զարգացումը, մեծացնելու գյուղմթերքների արտադրության ծավալները: «Անհրաժեշտ է սուբսիդավորել ոռոգման ջրի գինը 70-80%, որոշ դեպքերում, օրինակ` նոր հողերի յուրացման, բարձրարժեք գյուղատնտեսության վարման, նոր այգիների հիմնան դեպքում անգամ 90%: Անընդունելի է, երբ ջրառատ Հայաստանում գյուղացին չի կարողանում լիարժեքորեն օգտվել այդ բնական բարիքից եւ այն անօգուտ հոսում է երկրի սահմաններից դուրս»,- շեշտեց նախագահի թեկնածուն: 

Այնուհետեւ անդրադառնալով Մեծամորի ատոմակայանի խնդիրներին, նա նշեց, որ ատոմակայանի անձնակազմը, այդ թվում՝ տեխնիկական աշխատակիցները, պետք է հավասարապես օգտվեն վնասակար արտադրության համար նախատեսված արտոնություններից, ավելին` այդ արտոնությունները պետք է լինեն շատ ավելի բարձր, քան հիմա են: 

Հովհաննիսյանը նաեւ հիշեցրեց, որ «Ժառանգությունն» անընդհատ պետբյուջեում առաջարկ է ներկայացնում Մեծամորի ավագ դպրոցի վերանորոգման վերաբերյալ, սակայն կառավարությունը նույն հետեւողականությամբ մերժում է: Մինչդեռ, թեկնածուի, խոսքով, թե´ Մեծամորի, թե´ երկրի մյուս մարզերի դպրոցները շուտափույթ վերանորոգման եւ անհրաժեշտ կահավորմամբ, սարքավորումներով ու դիդակտիկ նյութերով հագեցման կարիք ունեն: 

Վերջում պատասխանելով ընտրողների հարցերին, Րաֆֆի Հովհաննիսյանը նրանց կոչ արեց փետրվարի 18-ին ակտիվորեն մասնակցել նախագահի ընտրություններին եւ ազատ ու անկաշկանդ քվեարկել նախընտրելի թեկնածուի օգտին: 

Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter