
Կանայք՝ բանակի օրվա առիթով
Զարուհի Շամյան՝ Դուշման Վարդանի մայրը:
«Եթե ես զոհվեմ, բայց ազգս բանակ ունենա, կհաղորդես ինձ…: Հիշում եմ որդուս խոսքերը: Այժմ ես ամեն անգամ Եռաբլուր այցելելիս որդուս հաղորդում եմ այն մասին, որ նա զոհվեց, բայց մենք ունեցանք ազգային բանակ. ես սգավոր մայր չեմ, ես հերոսի մայր եմ»:
Արմենուհի Ստեփանյան՝ Գ. Նժդեհի անվան թիվ 161 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, բ. գ. թ.:
«Ես վստահ եմ, որ եթե վտանգ սպառնա հայոց հողին, այսօրվա երիտասարդները պատրաստ են ավելի ամուր կանգնել այդ հողի վրա, քան կանգնել են մեր եղբայրները, որովհետև նրանք շատ լավ գիտեն՝ ինչ է նշանակում հայոց երկիր, որովհետև տեսնում են, թե ինչ դժվար պայմաններում են իրենց ծնողներն ապրում, արարում:
Սակայն այսօրվա երիտասարդի համար ավելի դժվար է. մենք գաղափարախոսություն ենք ունեցել, մենք ակամայից տեղյակ ենք եղել, որ սա մեր երկիրն է ու պիտի պահենք այն, իսկ այս հակասական ժամանակաշրջանում, ծայրահեղ բևեռացված հասարակության մեջ, երբ երիտասարդը կարողանում է վեր կանգնել նյութական դժվարություններից և մտածել իր երկրի մասին, դա արդեն հերոսություն է:
Հարկավոր է հպարտանալ այն ընտանիքներով, որտեղ արժեքը են ոչ թե բրենդային իրերն ու շորերը, այլ գրքերը:
Հեռուստաալիքներին կոչ եմ անում ցույց տալ այնպիսի ընտանիքներ, որտեղ գիրքն է առաջնային արժեք, որովհետև մենք գրքերով և հեռուստատեսային ֆիլմերով ենք դաստիարակվել»:
Աիդա Սերոբյան՝ Արցախյան ազատամարտի մասնակից, Կանանց ՀԿ-ի հիմնադիր նախագահ, փոխգնդապետ:
«Հայրենասիրական ֆիլմերն են ինձ մղել վտանգի պահին լինել երկրի սահմանները պաշտպանողի դերում:
Դասավանդում եմ «Ռազմագիտություն» առարկան և աշխատում եմ հնարավորին չափ հայրենասիրություն սերմանել երեխաների մեջ: Դրա համար միշտ պատմություններ եմ պատմում ռազմի դաշտից՝ անկախ այն բանից՝ դա ուրա՞խ դեպքի մասին լինի, թե՞ տխուր:
Ճիշտ է՝ բանակում խնդիրներ կան, բայց, հավատացեք, այդ խնդիրները ընտանիքից են գալիս. երեխաներին ժամանակին ճիշտ չեն դաստիարակում, հայրենասեր չեն դաստիարակում, երեխաներն իրար չեն սիրում: Հենց երկու օր առաջ դիրքերում մի զինվոր մյուսին էր կրակել, այդ դեպքում բանակն ի ՞նչ անի: Զորամասում կարգապահական վիճակը լրիվ այլ է, դիրքերում՝ այլ»:
Լուսանկարում (ձախից աջ)՝ Արմենուհի Ստեփանյանը, Աիդա Սերոբյանը եւ Զարուհի Շամյանը
Մեկնաբանել