HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՍԴ խորհրդականը հիշում է իր բանակային կյանքը եւ անդրադառնում այսօրվա բանակին

ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական, Սահմանադրական իրավունքի կենտրոնի խորհրդի նախագահ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը «Հետքին» պատմեց իր բանակային կյանքի մասին: 

Նա ծառայել է խորհրդային բանակում` 1977-79թթ.: Այդ ժամանակ իրավաբանական ֆակուլտետի ցերեկային բաժին ընդունվելու համար առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժ էր հարկավոր: Ցերեկային բաժին ընդունվողներին բանակ չէին տանում եւ միակ հնարավոր տարբերակը երեկոյան բաժին ընդունվելն էր, որտեղից 18 տարին լրանալուն պես զորակոչում էին բանակ: 

Գեւորգ Դանիելյանը հիշում է, որ նույնիսկ այդ տարիներին որոշ «շուստրիներ» իրենց  զավակների համար հայթայթում էին գրադարանավարի, կոլտնտեսությունում պահակի կեղծ տեղեկանքներ, իրեն էլ խոստացել էին առաջադիմության համար տեղափոխել ցերեկային բաժին, սակայն այդ խոստումն իրագործվել է բոլորովին այլ անձի` մի դասախոսի տղայի պարագայում: 

Գ. Դանիելյանն ասում է, որ չկա չարիք, առանց բարիքի: Նրա կարծիքով, սովորելու բնականոն ընթացքը կասեցնելը միշտ չէ, որ արդարացի է, սակայն զինվորական ծառայությունը, իր բոլոր զրկանքներով հանդերձ, կյանքի անփոխարինելի դպրոց է: 

«Ինքս զորամասում լուրջ հաջողությունների եմ հասել, արդեն մեկ տարի անց ճանաչվել եմ զորամասի լավագույն զինվորը, ինչին նպաստել են ֆիզիկական պատրաստվածությունս ու բուհում ձեռք բերված գիտելիքներս: Դեռ այն ժամանակ նկատում էինք, որ զինծառայություն անցած անձինք հասարակական եւ անձնական կյանքում ակնհայտ ավելի ինքնուրույն էին, մարդկային, ինքնասիրության զգացումով ու համեստ: Ընդհանրապես, ինձ համար այսօր էլ անհասկանալի է, երբ զինծառայության, այդ թվում` զինվորական դատախազության եւ այդ ոլորտին առնչվող այլ կարեւոր կառույցների պատասխանատու պաշտոններում հայտնվում են զինվորական ծառայություն չանցած, կամ որ պակաս անընդունելի չէ` ձեւական ծառայության (օրինակ, շտաբներում կամ տարաբնույթ գրասենյակներում) մեջ գտնված անձինք: Դա շահեկան չէ եւ բանակի եւ հենց այդ մարդկանց համար»,- ասում է Գեւորգ Դանիելյանը:  

Նա հիշում է, որ խորհրդային բանակը զերծ չէր անընդունելի ավանդույթներից, օրինակ` «դեդովշչինա», ազգային խտրականություն, կամայականություններ եւ այլն, սակայն Գ. Դանիելյանը չի զգացել, որ այն միտված լիներ կամ գոնե գործնականում հանգեցներ երիտասարդների ինքնասիրությունը կոտրելուն, նրանց կամակատարներ դարձնելուն: 

«1200 հոգուց բաղկացած մեր զորամասը գտնվում էր ԳԴՀ-ի տարածքում: Իսկ այդ տարիներին նշված երկրում զինծառայություն անցած իմ բոլոր ընկերները կվկայեն, որ կարգապահությունն անհամեմատ բարձր է եղել: Երկու տարվա ծառայության ընթացքում այդ գերհսկա զորամասում ոչ մի մահվան կամ ծանր հիվանդության հիմքով ծառայությունից ազատելու դեպք չարձանագրվեց: Դասալքության խիստ հազվադեպ դեպքեր էին լինում` տարին 1-2: Ընդ որում, մեր «խելոքները» ոչ թե փախչում էին եվրոպական որեւէ երկիր, այլ`բացառապես ձգտում էին տուն վերադառնալ եւ օր առաջ անցնել «մամայի փեշի» տակ»,- ասում է ՍԴ խորհրդականը: 

Գեւորգ Դանիելյանը հիշում է, որ 1978թ. ձմռանը ռուս տղաներից մեկը արդեն 2-րդ օրն է բացակայել է, ընդ որում, փախուստի է դիմել «պոլիգոնից», որտեղից մոտակա բնակավայրն առնվազն 40 կմ հեռու է եղել: Որոնման մասնակիցների մի խումբ մեկ օր անց մոլորվել ու հայտնվել է Լեհաստանում, ինչն ինքնին այն ժամանակների համատեքստում միջազգային սկանդալի կարող էր հասնել, իսկ դասալիքը, կորցնելով տուն հասնելու հույսը, Պոտսդանում բարեհաջող հանձնվել է զինվորական պարետատուն: 

«Սպաներն առանձնապես դաժանություն չէին ցուցաբերում, հակառակը փորձում էին զինծառայողների վրա ազդեցություն ձեռք բերել նրանց սերն ու հարգանքը վայելելով: Ընդ որում, այդ նկատառումով նրանց համար հատուկ հոգեբանական դասընթացներ էին կազմակերպվում, որոնցից մեկին պատահաբար ներկա գտնվեցի ու իսկապես ապշել էի հոգեբանների բարձր արհեստավարժությամբ: Սակայն հրամանատարներից մեկը հետեւողականորեն նախապատվությունը տալիս էր վիրավորանքներին ու այլ նվաստացումներին, ինչին վերջ դրվեց շատ յուրօրինակ դեպքով: Այդ սպան հերթապահության օրերին գիշերում էր զինծառայողների համար հատկացված ննջասենյակում, որից օգտվելով մի շարք համարձակ զինվորներ վերջինիս` իր իսկ մահճակալով, զգուշորեն հանել եւ տեղավորել էին հրապարակի մեջտեղում: Բնակաբար, զինվորները պատժվեցին այդ արարքի համար, սակայն սպան եւս անպատիժ չմնաց ու ընդմիշտ լքեց զորամասը»,- հիողությունները թարմացնում է Գեւորգ Դանիելյանը:   

Անդրադառնալով հայոց բանակին, Գեւորգ Դանիելյանը նշում է, որ այն, բնականաբար, չէր կարող զերծ մնալ խորհրդային բանակի արատավոր ավանդույթներից, վերջին հաշվով, սպաների մի ստվար հատվածն անցել է խորհրդային դպրոցը եւ նրանց մի մասը, կարծում է, նույնիսկ հոգու խորքում չի էլ դատապարտում այդ ավանդույթները: 

«Որո՞նք են դրական լիցքերը: Դա, նախ, զինվորի ու հասարակության միջև ձևավորված աննախադեպ ջերմությունն է: Խորհրդային զինվորը չէր կարող ակնկալել, որ ոչ միայն Գերմանիայում, այլեւ, ասենք` Ուկրաինայում իրեն ջերմությամբ կընդունեն, կաջակցեն եւ այլն: Այնուհետեւ, հանրությունն իրազեկված է եւ բացահայտ քննարկում ու քննադատում է հոռի երեւույթները, գրեթե չկան փակ թեմաներ: Զինվորները ծառայում են կոնկրետ իրենց հայրենիքը պաշտպանելու գերնպատակով, մինչդեռ մտացածին ու այլ արհեստական գաղափարները երկարատեւ ու արժեքավոր չեն»,- նշում է Գեւորգ Դանիելյանը:

Նա համոզված է, որ այսօրվա արատների հիմքում կոռուպցիոն երեւույթներն են. «Սկսած զորամասի ճաշարանից, սպասարկման ցանկացած այլ հատվածից մինչև զինվոր-սպա հարաբերությունները արմատական, խորքային վերանայումների կարիք ունեն: Կարծում եմ, մենք դրա եւ ժամանակը, եւ հնարավորությունը եւ պետական կամքն ունենք: Այլ կերպ լինել չի կարող»: 

Լուսանկարը՝ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter