Աշոտ Գաբրիելյան. բանաստեղծությունը տեքստ է, որը պետք է կարդալ ու զգալ և ոչ թե փորձել վերածել այն թատրոնի
Նարեկացի արվեստների միությունում ամիսը մեկ անգամ կազմակերպվում են հանդիպումներ ժամանակակից գրողների հետ: Արդեն տասը ամիս է, ինչ անցկացվում են նմանատիպ հանդիպումներ: Կազմակերպիչը Նանոր Պետրոսյանն է:
Այս երեկոների ընթացքում գրողներն ընթերցում են իրենց ստեղծագործություններից հատվածներ, հաջորդում է քննարկումը՝ հարց ու պատասխանի ձևով: Հանդիսատեսի կոնկրետ տարիքային խումբ չկա, բայց ամենաակտիվները մեծահասակներն են, ովքեր ավելի պահպանողական են հայ գրականության հարցում:
Վերջին հանդիպումը բանաստեղծ Աշոտ Գաբրիելյանի հետ էր: Նա հրապարակել է իր երրորդ գիրքը: Մասնագիտությամբ բանասեր է և սկսել է գրել դեռևս մանկուց՝ արձակագրից վերափոխվելով բանաստեղծի: Առաջին գիրքը հրատարակվել է 2001 թ.:
«Իմ բանաստեղծությունները կարելի է երկու ճյուղի բաժանել, որտեղ շատ խիստ ձևով ընթերցվում է առաջինը՝ քաղաքացիական դիրքորոշումը, կեցվածքը, իսկ մյուս կողմով փորձում եմ գեղագիտական, էսթետիկական հարցեր լուծել: Իմ հիմնական խնդիրն է, այս երկու ճյուղերը փորձեմ միասին ներկայացնել»,- ասում է Աշոտ Գաբրիելյանը:
Նա նշում է, որ վերջին գրքի բանաստեղծությունները ժամանակից դուրս են, չեն շոշափում ժամանակի խնդիրները, և եթե լեզվավերլուծության չենթարկել, ապա շատ բանաստեղծություններում դժվար կլինի որոշել գրվածքի ժամանակը: Գաբրիելյանը կարծում է, որ բանաստեղծությունը տեքստ է, որը պետք է կարդալ ու զգալ և ոչ թե փորձել վերածել այն թատրոնի:
Սոնա Սիմոնյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել