
«Միամիտ սփյուռքահայ չեմ, բայց գժվում եմ Հայաստանի համար». Հայկ Բոյաջյան
«Սիրում եմ, որ փողոցում քայլում եմ, կանչում են` Հայկ, շրջվում եմ, տեսնում եմ՝ ուրիշ Հայկի հետ են խոսում: Ուրախանում եմ. ուրեմն իմ երկրում եմ, և օտար անուն չի լսվում: Իմ ժողովուրդն է, իմ հողն է… հարազատ եմ զգում: Մենք ուրիշ երկրի մեջ ենք ծնվել, բայց միշտ հյուր ենք եղել: Էստեղ ինչ էլ լինի, սիրում եմ, որովհետև սա իմն է»,- ասում է ամերիկահայ Հայկ Բոյաջյանը: 1,5 տարի է, ինչ ԱՄՆ-ի Լոս-Անջելես քաղաքից տեղափոխվել է Երևան: Քիչ ժամանակ չէ, ինչ այստեղ է ապրում, բայց չի ափսոսում, որ եկել է, ասում է` «գժվում է Հայաստանի» համար:
Ծնողներն ու եղբայրը Լոս-Անջելեսում են: «Երբ ես հայտարարեցի, որ Հայաստան եմ տեղափոխվում, բոլորը զարմացան Լոս Անջելեսում,- պատմում է Հայկը,- իմ հայաստանցի ընկերներն ասացին` խենթ ես, ինչ ես, մարդակեր ժողովուրդ են, քեզ հում-հում կուտեն: Ընկերներիս մի քանիսն էլ ասացին, թե Հայաստանը մեծ գյուղ է, որտեղ բնավ զարգացում չկա: Զարմացան էնպես, կարծես Աֆրիկայի խուլ ջունգլիների մեջ էի որոշել ապրել»:
Աշխատանք գտնելը Հայաստանում դժվար չէ, եթե լավ ես փնտրում և ունես կրթություն
![]() |
Հայկը սիրում է լուսանկարել Հայաստանը |
Հայաստան տեղափոխվելու առաջին օրերին Հայկը ապրել է ընկերներից մեկի տանը ու սկսել է «ագրեսիվ ձևով» աշխատանք փնտրել: Երեք շաբաթից հետո ընդունվել է երևանյան հայտնի ռեստորանային ցանցերից մեկում որպես մարքեթինգի ղեկավար: «Բախտս բերեց, ոչ ծանոթություն, ոչ բան: Ծանոթներիցս մեկն ասաց, որ ռեստորանային մի համալիրում պահանջվում է մարքեթինգի ղեկավար: Ռեզյումես ուղարկեցի: Հաջորդ օրը զանգեցին, ասացին, որ շատ կուզենային ինձ հետ հանդիպել»: Հարցազրույցից հետո ընդունվել է աշխատանքի: Ութ-ինը ամիս ռեստորանում աշխատելուց հետո որոշել է զբաղվել այնպիսի ընկերության մարքեթինգով, որի շահույթը «կծառայի բարեգործական նպատակների»: Հիմա աշխատում է Հայաստանի մանուկների հիմնադրամում (COAF): «Նույն մարքեթինգը կարող էի անել նաև Ամերիկայում, էստեղ լինելուս նպատակը հիմնականում իմ աշխատանքով ներդրում անելն է: Հիմա ուրախ եմ, որ այդ մուրազիս հասնում եմ»,- ասում է նա:
Հայկը մարքեթինգի և միջազգային հարաբերությունների մասնագետ է, բարձրագույն կրթությունը ստացել է Լոս Անջելեսում: Ընկերությունում նրա աշխատանքը հիմնականում կապեր հաստատելն է սփյուռքահայ ներդրողների և տեղացի բիզնեսմենների հետ: Այս աշխատանքը Հայկին թույլ է տալիս պատասխանել ամեն օր ընկերների նույն «հոգնեցուցիչ» հարցին, թե ինչու է Ամերիկան թողել, ու եկել «էս անտեր» երկիրը:
«Դա ինձ շատ ցավ է պատճառում: Չեմ մեղադրում այն մարդկանց, որ ուզում են արտագաղթել, որովհետև գիտեմ, որ պայմանները, ցավոք, շատ վատ են Հայաստանում, բայց դժվար է ինձ համար հասկանալը, թե ինչու է դիմացինը այդքան զարմացած, որ ես այս կրթությամբ, և երիտասարդ տարիքում եկել եմ հայրենիքում իմ ներդրումը անեմ»,- ասում է նա: Ավելացնում է, որ որպես սփյուռքահայ միամիտ չէ, գիտի որ Հայաստանում «կաշառակերություն, խաբեություն կա», բայց կարծում է՝ դա նորմալ է սոցիալապես անապահով բոլոր երկրների համար:
Դժվար է հայաստանցիների հետ մտերմանալը
«Մի անգամ պաղպաղակի խանութ մտանք ես ու ընկերուհիս,- պատմում է Հայկը,- ընկերուհիս հարցրեց շոկոլադե պաղպաղակ ունեն, թե ոչ. վաճառողը ջղային տոնով պատասխանեց՝ չէ՛: Ընկերուհիս ասաց՝ կներեք, բայց ինչու եք այդքան զայրացած պատասխանում, չեք կարող ասել, կներեք, չունենք, վաղը կամ երկու ժամից կունենանք, կամ ուրիշ բան փորձեք, չէ՞ որ դա բիզնես է, չէ՞: Ինչի՞ էր էդքան ջղային, չհասկացանք»:
Հայաստանում սոցալական հարաբերությունները շատ դժվար են դասավորվում, երկար է տևում ինչ-որ մեկի հետ մտերմանալը` ասում է Հայկը. «Չգիտեմ` կարող է ամաչում են կամ գուցե ռուսական, սովետական ազդեցություն է: Բայց հենց էդ պատը իջավ, շատ հասնող ժողովուրդ են»: Ասում է` սովետական համակարգի ազդեցությունը սոցիալական հարաբերություններում շատ առիթներով է նկատում, որովհետև դրսից է եկել և երբեք այդ մշակույթի մեջ չի ապրել:
«Երբ մեկին հարցնում ես՝ ոնց ես, ասում է՝ ոչինչ, ահավոր է: «Ոչինչ»-ը ի՞նչ է նշանակում: Կամ լավ ես, կամ վատ ես: «Ոչինչ»-ը ոչնչություն է: Եթե ասում ես՝ ոչինչ, ուրեմն ոչ լավ ես, ոչ վատ ես, այսինքն՝ դու էլ չես հասկանում՝ ինչ ես: Չգիտեմ, մի քիչ դժվար է հասկանալը, երբ դու լավատես ես, պոզիտիվ էներգիա ունես: Ինձ բացատրել են, որ սովետի ժամանակ շատերը ոչինչ էին պատասխանում, որովհետև եթե ասեիր՝ լավ եմ, կասեին բայց ինչի էս էդքան լավ դու (ծիծաղում է- Մ. Մ.)»:
Հայաստանում պաշտոնը մեկ օրում փոխում է մարդուն
«Նախկին աշխատածս տեղը՝ ռեստորանում, հիշում եմ, շատ դեպքեր են եղել, որ մատուցողը լավ էր աշխատում, պաշտոնը փոխում էինք, դարձնում էինք մենեջեր, ու ինքը սկսում էր կարծել, թե ինչքան ավելի կոպիտ վարվի, այնքան դուխով է, և հարգանքի արժանի, մեկ օրում փոխվում էր»,- պատմում է Հայկը՝ ավելացնելով, Ամերիկայում հակառակն է. պիտի սիրաշահես աշխատողին, դա գործատուի շահերից է բխում, կոպտությունը հեռավորություն է ստեղծում, աշխատողը «անում է իր մինիմումը»: «Էստեղ եթե ղեկավար ես, ուրեմն պաշտոնդ թույլ է տալիս ուզած ձևով խոսել աշխատակազմի հետ: Դա անհամություն է մտցնում հարաբերությունների մեջ,- ասում է Հայկը,- աշխատողը ասում է` լավ, բայց լավ չի աշխատում: Իսկ եթե ղեկավարիդ սիրում ես, լրիվ փոխվում է աշխատանքային միջավայրդ. ավելի արդյունավետ է դառնում աշխատանքդ»:
Չենք ծնվել միայն ամուսնանալու համար
Հայկին հարցրի՝ քանի տարեկան է: Պատասխանեց, բայց ասաց, որ չի սիրում, երբ իրեն հարցնում են տարիքը: «Ես միշտ տարիքս թաքցնում եմ, որովհետև էստեղի համար ես աննորմալ եմ, որ էս տարիքում ամուսնացած չեմ: Ո՜նց թե. ժամանկս եկել է (ծիծաղում է-Մ.Մ.)»: Աշխատանքը թույլ է տալիս, որ Հայկը հաճախ լինի տարբեր մարզերում, գյուղերում ու նկատել է, որ հայերն իրենց երեխաներին 16 տարեկանում էլ են ամուսնացնում. «Զարմանում եմ, որ երիտասարդ տղային տանը ասում են, որ պիտի ամուսնանաս, բայց էդ երիտասարդը դեռ ոչ մի բանից տեղյակ չէ, ինքը դեռ երեխա է, ոչ կարգին կրթություն ունի, ոչ ապրուստ ունի, ոչ գործ, ու տեսնում ես, որ ընտանիք է կազմում: Մենք չենք ծնվել միայն ամուսնանալու համար»:
![]() |
Հայկը` եղբոր հետ Հայաստանում |
Նկատել է, որ ընտանիք կազմելը հայ երիտասարդների հիմնական նպատակն է՝ հարազատների ճնշմամբ, իսկ Ամերիկայում «էդպես չէ»: Նրան դուր է գալիս երևանյան նոր սերունդը՝ «ռոլիկներով, ականջակալներով, լրիվ իրենց աշխարհի մեջ»: «Ինձ համար շատ հետաքրքիր է, թե այդ սերունդը տասը տարուց հետո ինչ է դառնալու, որովհետև իրենց մտածելակերպը լրիվ ուրիշ է»,- ասում է նա:
Հայերն իրենց երեխաներին «վիզը ծուռ» են մեծացնում
Վերջերս COAF-ի միջոցով Հայկը ծրագրի մասնակից հայաստանցի երեխաներին Նյու Յորք է տարել: Նկատել է, որ երեխաները ուրախանում են, բայց չգիտեն արտահայտվել: «Զարմացած, ժպիտը՝ դժվար, ռեակցիա չկա , հարցնում ես՝ դուրդ գալիս է, հազիվ հա են պատասխանում: Որովհետև էնպես են մեծանում մեր էրեխեքը, որ սա ամոթ է, դա մի ցույց տուր, էս արա, էն արա, մի խոսի, դու գնա, նստի էնտեղ: Չի կարելի. Էդ էրեխեն վիզը ծուռ է մեծանում: Մեզ էդպես չեն դաստիարակել Ամերիկայում: Իհարկե, հարգանքով, կիրթ, բայց ազատ էինք: Չգիտեմ էստեղ շատ ճնշում կա ու դա փոքր տարիքից է սկսվում»,-ասում է Հայկը: Նույն անազատությունը նկատել է նաև մեծերի մեջ, երբ նրանք ամեն քայլափոխի ինչ-որ բան անելիս մտածում են՝ ինչ կմտածի հարևանը, խնամին, աշխատակիցը. «Լրիվ մի կյանք ապրում են ուրիշի հրահանգներով ու ակնկալություններով: Բարոյական թող լինի, բայց ուզածդ արա»:
Հ.Գ. Հայկը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հասցնում է զբաղվել նաև Հայաստանի «մարքեթինգով»: Ասում է՝ հենց մի մարզ է գնում, լուսանկարում է, նկարը տեղադրում է «Ֆեյսբուք»-ում, որ սփյուռքահայերը տեսնեն, ուզենան գալ Հայաստան: Գրեթե բոլոր մարզերում եղել է: Նախորդ ամառ այդպես առաջին անգամ Հայաստան է բերել մորն ու եղբորը: Հիմա էլ ընկերների է սպասում:
Մեկնաբանություններ (11)
Մեկնաբանել