HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը՝ պատմաազգագրական թանգարանում

ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանի Էջմիածնի նախընտրական շտաբներից գլխավորը գործում է քաղաքի պատմաազգագրական թանգարանի շենքում:

Մեր այցելության պահին թանգարանի ներսում՝ ցուցանմուշների կողքին, շարված էին նախագահի թեկնածուի նախընտրական քարոզչանյութերը, իսկ թանգարանի տնօրենի ընդունարանում մի քանի երիտասարդ համակարգչի առջև նստած շտաբի աշխատանքներով էին զբաղված: Նրանց աշխատանքը հսկում էր մի քանի հանրապետական, որոնք ելումուտ էին անում և ցուցումներ տալիս:

Թանգարանի տնօրեն Հասմիկ Հակոբյանը տեղում չէր: Ասացին, որ նա ձեռքը կոտրել է և աշխատանքի չի գալիս: Թանգարանի տարածքում այդպես էլ ոչ մի աշխատակցի չգտանք. տարածքն ամբողջությամբ ՀՀԿ-ականների «տիրապետության» տակ էր: Շարքային ՀՀԿ-ականները չէին ցանկանում որևէ մեկնաբանություն անել, թե ինչպես է նախընտրական շտաբը հայտնվել համայնքային ենթակայության տակ գործող թանգարանում:

Թեկնածուները, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն ընտրություն նշանակվելուց հետո կարող են կազմավորել ընտրական շտաբներ: Ընտրական շտաբները չեն կարող տեղակայվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերում (բացառությամբ այն դեպքերի, երբ շտաբները զբաղեցնում են այդ մարմիններին չպատկանող տարածք), ինչպես նաև այն շենքերում, որտեղ գործում են ընտրական հանձնաժողովները:

ՀՀ ընտրական օրենսգիրք, հոդված 18. կետ 5

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ այս տարածքը միշտ եղել է նախընտրական շտաբ՝ սկսած 1990-ականներից, և թանգարանն է այլ վայրից տեղափոխվել այդ տարածք:

Նշենք, որ ՀՀԿ-ականները նույն տարածքում նախընտրական շտաբ բացել էին նաև 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter