HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Մարտյան խաղին ընդառաջ

ՀՖՖ հաղորդագրությունից հայտնի դարձավ ոչ միայն փետրվարի 5-ին Լյուքսեմբուրգի հետ խաղին մասնակցելու հրավեր ստացած 22 ֆուտբոլիստների ցանկը, այլեւ այն, որ մեր ազգային հավաքականը այլ խաղ չի անցկացնելու: Մինչ այդ նշվում էր, որ ընթանում են եւս մեկ հանդիպում կազմակերպելու բանակցություններ, ու որպես մրցակից շոշափվում էր Պերուի հավաքականի անունը: Հիշեցնենք, որ տեղի չի ունենա նաեւ մարտի 22-ին Երեւանում նախատեսված Հայաստան-Թուրքմենստան մրցավեճը, քանի որ այդ ընթացքում Կենտրոնական Ասիայի ներկայացուցիչը մասնակցելու է Ասիայի գավաթի ընտրական խաղերի:

Իհարկե, այնքան էլ լավ չէ, որ մարտի 26-ին չեխերի հետ երեւանյան պաշտոնական խաղից առաջ այլ ընկերական հանդիպումներ, գոնե այս պահի տեղեկությունների համաձայն, չեն կայանա: Լյուքսեմբուրգի եւ չեխերի հետ խաղերի միջեւ մեկուկես ամիս ժամանակ կա, ու դեռ կարելի է նոր հանդիպում կազմակերպել: Դա անհրաժեշտ է նախ կարեւորագույն խաղից առաջ մի վերջին փորձամրցում անցկացնելու, ձմեռային արձակուրդներից հետո ֆուտբոլիստների մարզավիճակին լավագույնս ծանոթանալու տեսանկյունից, քանի որ փետրվարի սկզբին ու մարտի վերջին տղաները լինելու են տարբեր պայմաններում: Մասնավորապես, եթե մեր երկրի առաջնությունում խաղացողներն իրենց թիմերի կազմում հունվար-փետրվար ամիսներին մասնակցում են հավաքների, ապա մարտի 9-ից վերսկսվելու է առաջնությունը: Թուրքմենստանի հետ խաղը կարեւոր էր հենց այն առումով, որ կարելի կլիներ տեսնել ընթացքի մեջ գտնվող թե արտասահմանյան, թե ներքին առաջնություններում հանդես եկող ֆուտբոլիստների խաղային համակցվածությունը:

Մինչեւ մարտի 26-ը Վարդան Մինասյանը պետք է գտնի պաշտպանական եւ կիսապաշտպանական գծերի լավագույն տարբերակները: Դեղին քարտերի պատճառով Չեխիայի հետ խաղին չեն մասնակցելու հենակետայիններ Արթուր Եդիգարյանն ու Կառլեն Մկրտչյանը, ինչպես նաեւ կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյանը: Չնայած Լիտվայի հետ նոյեմբերյան խաղում բազմաթիվ փորձարկումներ եղան նաեւ այս նշանաբանով, սակայն դա, միեւնույնն է, նոյեմբերին էր:

Ընկերական հանդիպումներում սպարինգ-մրցակցի ընտրությունն էլ պայմանավորված է առաջիկա պաշտոնական խաղում հակառակորդի խաղաոճով: Այսինքն, որպես կանոն, ընտրվում է գալիք մրցակցին մարտավարությամբ նման հավաքական: Բնականաբար, Լյուքսեմբուրգն ու Չեխիան խաղամակարդակով անհամեմատելի են. ՖԻՖԱ-ի դասակարգման վերջին աղյուսակում չեխերը 29-րդն են, իսկ Լյուքսեմբուրգը՝ 148-րդը: Բայց մյուս կողմից՝ պետք էլ չէ, որ փորձամրցման ժամանակ Չեխիային միանշանակ հավասարազոր հավաքական լինի, քանի որ գոյությունի ունի տակտիկական դասավորության, խաղային սխեմայի գաղտնիության գործոնը, որը ցանկալի է չբացահայտել մինչեւ պաշտոնական հանդիպումը:

Որքան էլ Լյուքսեմբուրգը համարվի գաճաճ պետություն, պետք չէ թերագնահատել նրա թիմին, քանի որ սրա եւ Լիխտենշտայնի նման հավաքականներն ապացուցել են, որ ունակ են մեծ տհաճություններ պատճառել իրենց մատների արանքով նայողներին: 2010-ին Լյուքսեմբուրգը 0-0 է խաղացել Բելառուսի ու Ալժիրի հետ, 2011-ին 2-1 հաշվով հաղթել է Սլովակիային ու Ալբանիային, անցյալ տարի՝ Մակեդոնիային, Հյուսիսային Իռլանդիայի հետ մրցակցի հարկի տակ 1-1 է խաղացել, Պորտուգալիային էլ պարտվել ընդամենը 1-2 հաշվով: Լյուքսեմբուրգն իր ներուժով մեր ներկա մրցակից Մալթային հավասար թիմ է, չնայած մի փոքր զիջում է նրան, բայց ավելի ուժեղ է, քան նույն Անդորրան, որի հետ բազմիցս խաղացել է Հայաստանի ընտրանին:    

Այս ընկերական խաղում դարպասապահի հարցը կարծես թե կասկածի տեղ չի թողնում. համար մեկ՝ թիմի ավագ Բերեզովսկի: Չնայած չի էլ կարելի բացառել, որ Մինասյանը առաջին անգամ դաշտ դուրս բերի «Գանձասարի» խոստումնալից երիտասարդին՝ Արսեն Բեգլարյանին:

Ամենայն հավանականությամբ, կրկին պաշտպանական գծի փորձարկումներ կտեսնենք, ինչպես եղավ Հայաստան-Լիտվա հանդիպմանը: Բացի Մկոյանի բացակայությունից՝ հարցականի տակ է նաեւ ձախ եզրային Լեւոն Հայրապետյանի մասնակցության հարցը մարտի 26-ի խաղին: Լեւոնը մինչ օրս չի վերականգնվել վնասվածքից: Լիտվացիների հետ խաղում նրա տեղում Կամո Հովհաննիսյանն էր, ով բավականին հասուն խաղ է ցուցադրում: Այն ժամանակ աջում Արտակ Եդիգարյանն էր, ով սովորաբար հենց ձախում է խաղում, իսկ Կամոն՝ աջում: Կենտրոնում առանց Հրայրի տրամաբանական կլինի տեսնել Ռոբերտ Արզումանյանին ու Վալերի Ալեքսանյանին, չնայած գալիք խաղին, ամեն պարագայում, թերեւս կմասնակցի նաեւ հրավեր ստացած Մկոյանը: Հետաքրքիր կլինի տեսնել նաեւ թիմի նորեկ Արտյոմ Խաչատուրովին (Տիրասպոլի «Շերիֆի» ֆուտբոլիստը խաղացել է Մոլդովայի երիտասարդական հավաքականում, եղել թիմի ավագը):   

Կախված մրցակցից՝ մեր հավաքականը խաղում է մեկ կամ երկու հենակետայինով: Չեխիան երիտասարդ ու արագաշարժ թիմ ունի, որի սուր գրոհները լավագույնս կասեցնելու համար, ըստ էության, կընտրվի երկու հենակետայինի տարբերակը: Եդիգարյանի ու Մկրտչյանի բացակայությամբ դրանք կարող էին լինել Դավիթ Մանոյանն ու Մասիս Ոսկանյանը, բայց երկուսն էլ վնասվածքներ ունեն ու չեն հրավիրվել այս խաղին: Հենակետային խաղալու մեծ փորձ ունի Մխիթարյանը, նրա հետ կարող են գործակցել Մարկոսն ու Կարեն Մուրադյանը: Հարձակողական կիսապաշտպանների պակաս Հայաստանի հավաքականը վաղուց չունի. եղած տարբերակներն այժմ լրացրել է Նորայր Ասլանյանը (Մամեդով):

Հարձակման գծում էլ Էդգար Մանուչարյանը, Արթուր Սարկիսովն ու նորեկ Միխայիլ Մարկոսովը կփորձեն այնպես անել, որ չզգացվի Յուրա Մովսիսյանի բացակայությունը: Բնականաբար, Արասի, Հենրիխի, Ղազարյանի ու Մարկոսի աջակցությունը թիկունքից ապահովված կլինի:

Հայ երկրպագուին փետրվարի 5-ին՝ Երեւանի ժամանակով 22:45-ին, հետաքրքիր խաղ է սպասվում:  

Լուս.՝ Հակոբ Բերբերյանի (ffa.am)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter