HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի դատավորները դատավարությունների հրապարակայնության սեփական սկզբունքներն են կիրառում

Սառա Պետրոսյան
Լիլիթ Աբրահամյան

ՀՀ դատարանների նախագահների խորհրդի (ԴՆԽ) նախագահ Արման Մկրտումյանին ուղղված գրությամբ խնդրել էինք հայտնել, թե ե՞րբ եւ ինչպե՞ս պետք է լրագրողները դիմեն դատավորին` դատական նիստում լուսանկարելու եւ տեսանկարահանելու թույլտվություն ստանալու համար:

ԴՆԽ-ի ղեկավարի առաջին տեղակալ Նորա Կարապետյանը պատասխան գրությամբ մեզ տեղեկացնում է, որ ԴՆԽ-ն օրենքների կիրառման խորհրդատվական բնույթի պաշտոնական պարզաբանումներ է տալիս միայն դատական պրակտիկայի ամփոփման հիման վրա: Միաժամանակ տեղեկացվում է, որ յուրաքանչյուր կոնկրետ գործով լուսանկարահանում եւ տեսանկարահանում կատարելու համար անհրաժեշտ է դիմել գործը քննող դատարան:

Միանգամից նշենք, որ լրագրողներն այդպես էլ անում են` դիմում են գործը քննող դատավորին եւ իրենց խնդրանքը հիմնավորում են անգամ օրենքին հղում կատարելով, քանի որ դատական նիստերի հրապարակայնությունը սահմանված է օրենքով:

Այսպես. Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 114 հոդվածի  3-րդ կետի համաձայն` «Գործին մասնակցող անձինք եւ դռնբաց դատական նիստին ներկա գտնվողներն իրավունք ունեն կատարել գրառումներ, սղագրություն եւ ձայնագրություն: Դատական նիստի կինո եւ լուսանկարահանումը, տեսաձայնագրումը, ինչպես նաեւ հեռարձակումը ռադիոյով ու հեռուստատեսությամբ կատարվում են կողմերի համաձայնությամբ` գործը քննող դատարանի թույլտվությամբ»:

Քրեական գործերով այս հարցի լուծումը վերապահված է նախագահող դատավորին, որի կայացրած որոշման համար կողմերի կարծիքը որոշիչ չէ: 2003 թ. ԱՄՆ իրավաբանների ընկերակցությունը հրատարակեց մի ձեռնարկ` «Դատական լրագրողի ուղեցույց» (հեղինակներ` Մ. Խաչատրյան եւ Դ. Խաչատուրյան), որտեղ «Ի՞նչ կարգով է լրագրողը դիմում դատական նիստը ձայնագրելու կամ նկարահանելու թույլտվություն ստանալու համար» հարցը այսպես է մեկնաբանվում.

«Լրագրողը նման խնդրանքով դիմում է դատարանին` մինչեւ դատական նիստը կամ դրա ընթացքում: Ամեն դեպքում, նկարահանելու թույլտվության հարցը պետք է քննվի դատական նիստում, եւ այդ մասին ընդունած որոշումը վերջնական է»:

Ներկայացնենք մի քանի թարմ օրինակ մեր դատարաններում օրենքի կիրառման պրակտիկայից, որը, հուսով ենք, ապագայում ԴՆԽ-ին կօգնի դատական պրակտիկայի ամփոփումների ժամանակ տեսակետ ունենալ նաեւ այս հարցի վերաբերյալ: Հատկապես, երբ նշված դեպքերում դատավորները հենց դատավարական օրենսգրքի խախտումներ են թույլ տվել` առանց կողմերի կարծիքը հարցնելու եւ առանց որոշում կայացնելու հայտարարել են, որ արգելում են լուսանկարել կամ տեսանկարահանում կատարել: Ընդ որում, դա արվում է` դատաքննության արձանագրության մեջ չմտցնելով, կամ միայն դրանից հետո է միացվում ձայնագրությունը:

Այսպես` Վարչական դատարանում դատավոր Արգիշտի Ղազարյանի նախագահությամբ մայիսի 11-ին քննվում էր ««Մելտեքս ՍՊԸ»-ն ընդդեմ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի» գործը, որի ժամանակ լրագրողները դիմեցին դատավորին` տեսանկարահանելու թույլտվություն ստանալու համար:  Դատավորը պատասխանեց. «Դուք դատավարության կողմ չեք` մի խանգարեք, ընդամենը կարող եք նստել ու լսել»:

Նույն գործով հունիսի 10-ի նիստում լրագրողները դարձյալ կրկնեցին իրենց խնդրանքը, եւ դատավորը նախորդ նիստում տված իր պատասխանին հավելեց հետեւյալը. «Միգուցե ձեր մասնագիտական գործունեության ընթացքում ուզենաք նկարահանել նաեւ ինչ-որ մեկի ննջասենյա՞կը»:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մայիսի 24-ին դատավոր Նունիկ Պողոսյանի նախագահությամբ (քաղաք Հրազդան)  ընթանում էր Արտավազ համայնքի բնակիչների դեմ «Էյ Ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ-ի ներկայացրած հայցերի քննությունը` սեփականատերերից նրանց սեփականությունն օտարելու պահանջի մասին: Դատավոր Ն. Պողոսյանից լուսանկարելու թույլտվություն խնդրեցինք, իսկ նա պատասխանեց` «ես ձեզ արգելում եմ ձայնագրել»:

Դատավորին հիշեցրի, որ դատական նիստը ձայնագրելու իմ իրավունքը սահմանված է օրենքով, որի համար դատավորի թույլտվությունը պետք չէ: Նույն միջնորդությունը դատարանին ներկայացրեց պատասխանողի ներկայացուցիչը, սակայն դատավորը առանց հայցվորի ներկայացուցչի կարծիքը լսելու հայտնեց. «Քանի որ հանրության ներկայացուցիչներ չկան դատարանում, նպատակահարմար չեմ համարում լուսանկարահանումը»:

Նույն մարզի դատարանի Աբովյանի նստավայրում դատավոր Հրայր Սարգսյանը հունիսի 6-ին քննում էր ամբաստանյալ Անդրանիկ Կիտուրյանի քրեական գործը, որը տեսանկարահանելու թույլտվություն խնդրեց «Հետաքննություն» հեռուստահաղորդաշարի հեղինակը` հղում կատարելով օրենքի համապատասխան հոդվածին: Դատավոր Հ. Սարգսյանն իր մերժումը «առավել» պատճառաբանված ներկայացնելու համար ընթերցեց Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի` «Ուղղված Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին լրատվամիջոցների կողմից քրեական դատավարության վերաբերյալ տեղեկատվություն հաղորդելու մասին» 13 Հանձնարարականի (2003 թ.) հավելվածի 14-րդ սկզբունքը.

«Ուղիղ հեռարձակումը եւ նկարահանումը լրատվամիջոցների կողմից դատական նիստերի դահլիճներում չպետք է թույլատրվի, բացառությամբ այն դեպքերի, երբ դա բացահայտորեն թույլատրված է օրենքով կամ համապատասխան պաշտոնյաների կողմից: Տեղեկատվության մատուցման այս եղանակը չպետք է թույլատրվի միայն այն դեպքերում երբ դա տուժողների, վկաների, քրեական դատավարության մասնակից կողմերի, երդվյալների կամ դատավորների վրա անցանկալի ազդեցության լուրջ վտանգ է ներկայացնում»:

Մեր նշած դեպքերից ոչ մեկում «անցանկալի ազդեցության լուրջ վտանգ» առկա չէր, իսկ եթե կար, դատավորը պետք է հիմնավորեր նաեւ այդ ազդեցությունը: Բայց, նախ այն մասին, որ ինչպես այս փաստաթղթին կից մեկնաբանությունների 6-րդ կետում է գրված` «Նախարարների կոմիտեի յուրաքանչյուր հանձնարարական քաղաքական պատրաստակամության փաստաթուղթ է, այլ ոչ թե իրավաբանորեն պարտադրվող փաստաթուղթ»: Հետեւաբար, տեղին չէր լրագրողի խնդրանքը մերժելիս հղում կատարել այդ փաստաթղթին, երբ կա ներպետական օրենսդրություն, որը նույնպես ցանկացած որոշում պատճառաբանելու հնարավորություն է տալիս:

Սակայն, ելնելով այն հանգամանքից, որ դատավորների շրջանում այսուհետ կարող է միջազգային փաստաթղթերին հղում կատարելով իրենց խոսքն առավել «հեղինակավոր ու ազդեցիկ» դարձնելու պրակտիկա ձեւավորվել` մենք նույնպես անդրադառնալով հիշյալ փաստաթղթին` նշենք, որ Նախարարների կոմիտեի 2003 թ. հուլիսի 10-ին ընդունած այս փաստաթուղթը 18 սկզբունքներ է սահմանում քրեական գործերը լուսաբանող լրագրողների համար, եւ եթե ՀՀ դատավորները որոշել են կիրառել այն, ուրեմն պետք է ընթերցել ու կիրառել ամբողջությամբ:

Ի դեպ, այս փաստաթղթում լրագրողների ներկայությունը դատարանի դահլիճում դիտարկվում է որպես հանրության ներկայություն եւ նշվում է. «Հաշվի առնելով, որ համաձայն հանրության տեղեկատվություն ստանալու իրավունքի` լրատվամիջոցներն իրավունք ունեն հանրությանը տեղեկատվություն հաղորդել, այդ թվում` հասարակական հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվություն, համաձայն Կոնվենցիայի 10-րդ հոդվածի, եւ նրանք մասնագիտական պարտավորություն ունեն դա կատարելու»:

Նախարարների կոմիտեն Հանձնարարականի հավելվածում սահմանել է նաեւ քրեական գործերով դատաքննության վերաբերյալ լրատվամիջոցների կողմից տեղեկատվություն հաղորդելու սկզբունքները եւ անդամ երկրներին առաջարկում է Հանձնարարականը ներկայացնել հատկապես դատական եւ իրավապահ մարմինների ուշադրությանը, ինչպես նաեւ դրանք մատչելի դարձնել իրավաբանների ներկայացուցչական մարմինների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների համար:

Հանձնարարականի հավելվածի սկզբունք 1-ը սահմանում է. «Հանրությունը պետք է հնարավորություն ունենա լրատվամիջոցների միջոցով տեղեկատվություն ստանալ դատական եւ իրավապահ մարմինների գործունեության մասին: Ըստ այդմ, լրագրողները պետք է հնարավորություն ունենան ազատորեն լուսաբանելու եւ մեկնաբանելու քրեական դատավարության գործընթացը` ենթարկվելով միայն ներքոհիշյալ սկզբունքներով նախատեսված սահմանափակումներին» (դրանք թվարկվում են):

Փաստաթղթի 6-րդ սկզբունքը դատավարությունների հրապարակայնությունն ապահովելու պարտավորություններ է սահմանել նաեւ անդամ երկրների համար:  «Հանրային հետաքրքրություն ներկայացնող կամ հանրության հատուկ ուշադրությանն արժանացած քրեական գործերի համատեքստում դատական եւ իրավապահ մարմինները պետք է լրատվամիջոցներին տեղյակ պահեն իրենց կողմից կատարված էական գործողությունների մասին, այնքանով, որքանով որ դա չի վնասի քննության գաղտնիությանը, չի դանդաղեցնի կամ խաթարի քննության ելքը: Երկար ժամանակ ընթացող քրեական դատաքննությունների վերաբերյալ այդպիսի տեղեկատվություն պետք է տրվի պարբերաբար»:

Միգուցե այս փաստաթղթի մյուս սկզբունքները նույնպես որդեգրեն դատավորներն ու դատական համակարգի պատասխանատուները:

Մեկնաբանություններ (1)

W. Wallace
Հեղինակներին շնորհակալություն հետաքրքիր հոդվածի համար: Դուք նպաստում եք իրավագիտակցության բարձրացմանը: Փորձելով անտեսել արդարադատության առկա մակարդակը (ինձ թվում է գաղտնիք չէ, թե ովքեր եւ ինչպես են դառնում դատավորներ, զբաղեցնում այլ պետական պաշտոններ եւ առաջարկում մի հետաքրքիր նախաձեռնություն՝ փորձել հայտնաբերել ՀՀ դատավորների դիպլոմների միջուկները եւ տեսնել, թե ինչպես են սովորել:))՝ հայտնում եմ իմ կարծիքը եւ առաջարկությունները առկա իրավիճակի վերաբերյալ, հուսով եմ, որ հեղինակների եւ բոլոր հետաքրքված անձանց համար օգտակար կլինի. 1. Արյդո՞ք ԴՆԽ նախագահի առաջին տեղակալի գրությունը կարելի է համար պաշտոնական պատասխան Ձեր հարցմանը: Չի կարելի արդյո՞ք հետագա գրություններում պահանջել անձամբ պատասխանել հարցումներին, քանի որ բոլորիս հայտնի են իրավիճակներ, երբ վերադասը կարող է հրաժարվել ստորադասի պնդումներից, կամ նույնիսկ պաշտոնատար անձը իր իրավանախորդի խոսքերից («դա նախորդ պետի ժամանակ է եղել, դրա համար էլ հանել են, հիմա կարգի պիտի բերենք…») 2. Օրիորդ Կարապետյանին հարկավոր է գրություն ուղարկել, որ Ձեր հարցման նպատակը չի եղել ԴՆԽ-ի գործառույթների պարզաբանումը կամ էլ դատավարական օրենսգրքից քաղվածք ստանալը: Հարցը թերեւս կարելի է էլ ավելի հստակեցնել, նշելով որ այն վերաբերում է հենց դատական պրակտիկայի ամփոփմանը, թե ինչպես պետք է լուծվի թույլտվության տրամադրման հարցը, թե ինչպես պետք է գործը քննող դատարանը հարցը քննի եւ որոշում կայացնի: 3. Դատարաններում հանդես գալուց, նույնիսկ թույլտվություն ստանալու համար դիմելուց պարտադիր իրականացնել ձայնագրում, ապացույց ունենալու համար: 4. Դատավորների հետ զրույցների ժամանակ պարտադիր հղում կատարել ՀՀ դատական օրենսգրքի ՝ դատավորի էթիկային վերաբերող կանոններին / վարքագծի կաննոներին: 5. Նման անգրագետ արտահայտությունները պարտադիր արձանագրել եւ ուղարկել ՀՀ արդարադատության նախարարին, արդարադատության խորհուրդ՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ: 6. Բոլոր կարգապահական վարույթներով որոշումները հրապարակվում են Պաշտոնական տեղեկագրում, հետեւել եւ հրապարակել որոշումները – կարծում եմ, կարգապահական վարույթներով առանձին բաժին կարելի է ունենալ թերթում, որպեսզի երեւա, թե նման հիասքանչ արտահայտություններիս որքանի համար են ենթարկվում պատասխանատվության, գոոոոնե նկատողություն ստանում: 7. Եվրոպական պրակտիկային մեջբերումները, այնուամենայնիվ, ողջունելի են եւ նման դեպքերում կարելի է դատավորներին հարցնել, թե արդյո՞ք եվրոպական իրավունքի բոլոր նորմերին են իրենք այդպես հետեւում: Իրավաբանական ուժի հարցն ակնհայտ է, բայց կարծում եմ պետք չէ շահարկել, քանի որ եվրոինտեգրման ձգտումը բավականին ուժեղ փաստարկ է: 8. Ամեն դեպքում, եթե հղում են կատարում, ապա թող ամբողջ դրույթը մեկնաբանեն: - Նախ, հնարավորությունը նախատեսված է օրենքով: - եթե իրենց համարում են համապատասխան պաշտոնյա, ապա դա չի նշանակում, որ իրենք ունեն բացարձակ հայեցողություն այդ հարցում, քանի որ արգելքը պետք է հիմնավորվաշ լինի: ՀՀ դատական նախադեպը (վճռաբեկի) բազմիցս նշում է դատական ակտերի հիմնավորվածության հարցը: - եթե արգելում են վտանգի առկայության հիմնավորմամբ, ապա պետք է հիմնավորեն, թե ինչու է առկա վտանգ, այլ ոչ թե ստեղծեն մտացածին, շինծու պատրվակներ, օրինակ մեղադրյալի հարեւանը կտեսնի վկային, հետո կգնա վրեժ առնելու…. 9. Կրկնողություն – բայց կարծում եմ դատավորների անսանձելիությունը եւ իրենց համար թվացյալ բացարձակ ազատության սահմանափակման ամենաարդյունավետ տարբերակը ԲԱՑԱՀԱՅՏ սխալների, էթիկայի խախտման դեպքերի լուսաբանումը, հանրության իրազեկումը եւ կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար անելանելի փաստերի տրամադրումն է համապատասխան մարմիններին…

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter