
Րաֆֆի Հովհաննիսյան. «Պետք է հարկել «ստվերում» մնացած օլիգարխներին, չմսխել բյուջեն «ատկատներով»»
Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այցելեց Արարատի մարզ: Հովհաննիսյանը եղավ Դվինում, Սուրենավանում, Տափերականում, իսկ Մարմարաշենում բնակիչներին հանդիպելուց հետո այցելեց գյուղապետարան, ողջունեց գյուղապետին և արդար ընտրություններ մաղթեց: Նա նաև մոմ վառեց Սուրբ Գևորգ եկեղեցում:
Նախագահի թեկնածուն բոլոր այդ բնակավայրերում հանդես եկավ ելույթներով՝ երկրում ստեղծված իրավիճակը գնահատելով անընդունելի: Քննադելով գործող նախագահ և նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին, նա ասաց. «Պետությունն ունի բավարար փող գյուղացուն աջակցելու համար: Ընդամենը պետք է հարկել «ստվերում» մնացած օլիգարխներին, չմսխել բյուջեն ուռճացված գներով գնումներով և «ատկատներով»: Այդժամ մենք կարող ենք հարստացնել և ծաղկեցնել գյուղը, որը մեր ազգային անվտանգության անկյունաքարերից է»:
Րաֆֆի Հովհաննիսյանը ևս մեկ անգամ շեշտեց ոռոգման ջրի գինը մինչև 90%-ով սուբսիդավորելու անհրաժեշտությունը և անընդունելի համարեց, որ գյուղացին չի կարողանում լիարժեքորեն օգտվել բնական այդ բարիքից, որը շատ դեպքերում անօգուտ հոսում է երկրի սահմաններից դուրս:
Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց փետրվարի 18-ին ակտիվորեն մասնակցել նախագահի ընտրությանն և ազատ, խղճի մտոք քվեարկել նախընտրելի թեկնածուի օգտին:
Այս մասին հայտնում է Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբը:
Մեկնաբանել