
ՀՀ օրենսդրությունը տարածվո՞ւմ է Ֆրանսիական համալսարանի վրա
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին նամակ է գրել` Ֆրանսիական համալսարանի դասախոսների բաց նամակի հետքերով: Ստորև ներկայացվում է Անահիտ Բախշյանի նամակը:
««Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի hամաձայն` «բարձրագույն ուսումնական հաստատության կառավարումն իրականացվում է ՀՀ օրենսդրությանը և բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան, ինքնակառավարման հիման վրա` միանձնյա ղեկավարման և կոլեգիալության սկզբունքների զուգակցմամբ, բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի, գիտական խորհրդի և ռեկտորատի գործառույթների իրականացմամբ»:
2011թ. հունիսի 6-ին «Լրագիր» լրատվական միջոցում մի խումբ դասախոսների ինձ ուղղած բաց նամակի հրապարակումից տեղեկացել եմ, որ Ֆրանսիական համալսարանում չի գործում Գիտական խորհուրդ: Միևնույն ժամանակ համալսարանի կայքում հանդիպեցի մի շարք փաստաթղթերի, որոնցում հիշյալ մարմնի առկայությունը նշված էր, իսկ կազմակերպության կառուցվածքի սխեմայում գիտխորհուրդը նշված էր որպես ոչ մշտական կառույց:
Արդյոք Ֆրանսիական համալսարանում փաստացի գործո՞ւմ են «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքով սահմանված մարմինները, և որքանո՞վ է նրանց գործունեությունը համապատասխանում ՀՀ օրենսդրությանը:
Համաձայն «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի` «բարձրագույն ուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ուսումնական հաստատության գործադիր մարմինը՝ ռեկտորը: Պետական բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորն ընտրվում է ՀՀ օրենսդրությամբ և բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով՝ ուսումնական հաստատության խորհրդում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում»:
Իսկ նույնի 7-րդ մասի համաձայն` «բարձրագույն ուսումնական հաստատության պրոռեկտորները (մասնաճյուղի տնօրենի տեղակալները) նշանակվում են ռեկտորի (մասնաճյուղի տնօրենի) հրամանով, և նրանց հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր»:
Նշվածից բխում է, որ ամեն 5 տարին մեկ պետք է անցկացվի Համալսարանի ռեկտորի նոր ընտրություն, իսկ նոր ռեկտորը իրականացնի պռորեկտորների նշանակում, նրանց հետ կնքի աշխատանքային պայմանագիր: Այսինքն` ամեն 5 տարին մեկ պետք է կնքել նոր պայմանագիր պռորեկտորի հետ` աշխատանքի ներգրավելով նոր պռորեկտոր կամ երկարացնելով աշխատանքային հարաբերությունները հին պրոռեկտորի հետ:
Նույն աղբյուրից տեղեկացել եմ, որ Համալսարանի պրոռեկտոր պարոն Արայիկ Նավոյանը իրականացնում է պրոռեկտորի անժամկետ գործառույթներ, ինչպես նաև նշանակվել է հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչը արդեն իսկ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի խախտում է»:
Լուսանկարը` ufar.am-ից
Մեկնաբանել