HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բոտուլիզմի դեպք՝ Մասիսում. 6 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Հունվարի 28-ին Արարատի մարզում արձանագրվել է սննդային թունավորման՝ բոտուլիզմի 1 դեպք՝ 6 տուժածով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված շուշանի պահածոյի օգտագործումն է:

Արարատի մարզի Մասիսի բնակիչները հունվարի 26-ին և 27-ին սննդում օգտագործել են տնային պայմաններում պատրաստված շուշանի պահածո: Ուտելուց 12 ժամ անց հիվանդների մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ հետևյալ ախտանշանները` թուլություն, գլխացավ, գլխապտույտ, փորկապություն, ռնգախոսություն, երկտեսություն, կլման ակտի խանգարում:

Հիվանդներից 3-ը հոսպիտալացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, 3-ը` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց: Հոսպիտալացված հիվանդներից մեկի վիճակը գնահատվում է ծանր, իսկ մյուսներինը` միջին ծանրության:

Հիվանդները ստացել են հակաբոտուլինային շիճուկ: Բուժումը շարունակվում է:

Հունվարի 18-ին Արցախում ևս արձանագրվել է բոտուլիզմի դեպք՝ մահվան ելքով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի պահածոյի օգտագործումն է:

Արցախի Քաշաթաղի շրջանի Սարատակ գյուղի բնակիչ Գեորգի Սարգսյանը (65տ.) հունվարի 17-ին սննդում օգտագործել է տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի պահածո: Ուտելուց 12 ժամ անց հիվանդի ինքնազգացողությունը վատացել է, ունեցել է թուլություն, գլխացավ, գլխապտույտ, որի համար դիմել է Ստեփանակերտի բժշկական կենտրոն: Այնուհետեև հիվանդի մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ` մշուշոտ տեսողություն, երկտեսություն, ռնգախոսություն, կլման ակտի խանգարում:

Հիվանդը ստացել է հակաբոտուլինային շիճուկ, սակայն վիճակը գնալով ծանրացել է և հունվարի 25-ին ծայրահեղ ծանր` կոմատոզ վիճակում տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ և հաջորդ օրը մահացել է:

Բոտուլիզմից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին զգուշացնում է.

            • խուսափեք տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից

            • տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկեք ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե

            • մի գնեք տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից:

            • Առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմեք բժշկի:

ՀՀ առողջապահության նախարարություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter