HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի ծրագրերը պետք է գաղտնի պահել Թուրքիայից

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր 

Գաղտնիք չէ, որ հայկական համայնքներն ամբողջ աշխարհում զբաղված են բազմաթիվ ծրագրերի մշակմամբ 2015 թվականի Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ: 

Գաղտնիք չէ նաև, որ Թուրքիայի կառավարությունը և նրա գործակալները ուշադրությամբ հետևում են հայտարարված բոլոր հայկական ծրագրերին, որպեսզի Անկարան կարողանա իր հակաքայլերը ձեռնարկել ընդդեմ ակնկալվող հայկական «ցունամիի»: 

Ցեղասպանության հարյուրամյա տարելիցից երկու տարի առաջ իրենց ծրագրերը հրապարակելով, հայերը թուրք ժխտողականներին կապահովեն արժեքավոր տեղեկություններով և բավարար ժամանակով՝ որոշելու, թե ինչպես լավագույնս խափանել հայկական ոգեկոչման միջոցառումները: 

Հայերը պետք է հասկանան, որ իրար հաջորդող թուրքական կառավարությունները Ցեղասպանության ժխտման երկարատև պատմություն են ունեցել: Ըստ էության, Ցեղասպանության ոճրագործությունը և դրա քողարկումը գրեթե մեկ դար առաջ միաժամանակ մշակվել էին երիտթուրքերի վարչակարգի կողմից: Բացի այդ, Թուրքիան, որպես հզոր պետություն, ձգտում է և պատրաստ է իր զգալի միջոցներն օգտագործել ամբողջ աշխարհում հայկական քաղաքական նախաձեռնություններին հակահարված տալու համար: Անկարան պարբերաբար ճնշում է, սպառնում և անգամ շանտաժի ենթարկում բոլոր մարդկանց, կազմակերպություններին և պետություններին, որոնք ճանաչում են Հայոց ցեղասպանության իրողությունը: 

Մի փոքրիկ օրինակ բերեմ, թե ինչպիսի  ժխտական զարգացումներ կարող են լինել ապագայում: Նկարահանման մի խումբ վերջերս հայտարարեց, որ մտադիր է մի կարևոր ֆիլմ նկարահանել Հայոց ցեղասպանության մասին՝ Միշել Ահարոնյան Մարքոմի «Դրախտից երեք խնձոր ընկավ» վեպի հիման վրա: Անցյալ ամիս Ստամբուլ կատարած այցելության ժամանակ Ֆիլմի պրոդյուսեր Սոնա Թաթոյանը հարցազրույց էր տվել թուրքական թերթին, հավանաբար, անտեղյակ լինելով Հայոց ցեղասպանությանն առնչվող թեմաներին թուրքական լրատվամիջոցների տխրահռչակ խեղաթյուրումների մասին: Թաթոյանի բախտը բերել է, որ նա հարցազրույց էր տվել Թուրքիայի հեղինակավոր թերթերից մեկին՝ «Ռադիկալ»-ին, որը հայտնի է Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր ազատական հայացքներով: Սակայն, նույնիսկ այս դեպքում, «Ռադիկալ»-ի նյութում առկա էին որոշ փոքր աղավաղումներ: Դրությունն է’լ ավելի վատ էր Թաթոյանի հարցազրույցի անգլերեն թարգմանությունում, որը կատարվել էր քիչ ճանաչում ունեցող «Al-Monitor» կայքի կողմից, որտեղ լրջորեն խեղաթյուրվել էին նրա տեսակետները: 

Օրինակ, «Ռադիկալ» թերթին Թաթոյանի հայտարարությունը, որ ցեղասպանության զոհերի ոսկորները դուրս էին ցցվել Սիրիայի Դեր Զոր և Ռաս ալ Այն անապատների ավազներից, խեղաթյուրվել էին «Al-Monitor» կայքի կողմից որպես. «Մենք փշրում էինք գանգերը և նետում ոսկորները»: Դրանից ավելի վատ՝ «Al-Monitor-ը կեղծ մեջբերում է արել Թաթոյանից՝ նշելով, որ «Նրանք [հայերը] պետք է մոռանան Ցեղասպանությունը»: Իրականում նա ասել էr. «Խաղաղության կնքումը Անատոլիայի հետ, թուրքերի հետ, չի նշանակում մոռանալ Ցեղասպանությունը կամ հանդուրժել թուրքական ժխտողական քաղաքականությունը»: 

Բնականաբար, Թաթոյանը վշտացած էր Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր խոր համոզմունքների աղավաղումների համար: «Ասպարեզ» թերթին տված իր հարցազրույցում, նա կտրականապես հերքել էր, որ երբևէ հայերին ասած լինի մոռանալ Ցեղասպանությունը. «Ես նման հայտարարություն չեմ արել: Ինչպե՞ս կարող էի: Ինչպե՞ս կարող էի նման բան ասել հարցազրույցում Հայոց ցեղասպանության ֆիլմի մասին, երբ  ինքս եմ օգնում դրա ստեղծմանը»: 

Քանի որ «Al-Monitor» կայքի հոդվածը եղել է անգլերեն լեզվով, ապա օտար ընթերցողների մեծ մասը կարդացել էր Թաթոյանի հարցազրույցի աղավաղված տարբերակը, որը լայնորեն տարածվել էր համացանցում: Շատ ընթերցողներ ահավոր հիասթափություն էին ապրել՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նրա անունից ներկայացված հայացքների պատճառով: Սա լուրջ հարված է Թաթոյանի ջանքերին, քանի որ մեծ ֆիլմերի ստեղծումը շատ ծախսատար է, որը հսկայական ներդրումներ է պահանջում: Երբ հավանական ֆինանսական աջակիցները երես թեքեն, դա կործանարար ազդեցություն  կարող է ունենալ նրա ծրագրի իրագործման վրա: 

Սակայն Թաթոյանը շարունակում է հավատարիմ մնալ իր ֆիլմի ծրագրին: Նա գիտակցում է, որ «ֆիլմի արտադրության ժամանակ մշտապես փորձեր են արվելու մեր ուշադրությունը շեղել Հայոց ցեղասպանության մասին պատմական ծավալուն կարևոր ֆիլմ նկարահանելու նպատակից: Նման փորձերին դիմակայելու լավագույն ուղին ֆիլմի վրա կենտրոնանալն է և այն աշխարհին ցույց տալու համար նկարահանելը: Ֆիլմը խոսում է իր մասին», ասել է նա «Ասպարեզին»: 

Պարզ չէ, թե արդյոք Թաթոյանի հարցազրույցի աղավաղումը վատ թարգմանության հետևանք է, թե միտումնավոր է արվել Հայոց ցեղասպանության մասին պատմող կարևոր կինոնկարը վարկաբեկելու նպատակով: Այնուամենայնիվ, այսօրվանից մինչև 2015 թվականի Ապրիլի 24-ը, հայերը կարող են բախվել բազմաթիվ թուրքական չարակամ ծրագրերի՝ Թուրքիայից արդարություն պահանջող հայկական նախաձեռնությունները տապալելու համար: 

Հայերը զգոն և շրջահայաց պետք է լինեն Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ իրենց ծրագրերը հրապարակելիս: Հատուկ միջոցառումների և ծրագրերի նախաձեռնման փուլերում շատ քիչ մանրամասներ պետք է բացահայտել հանրությանը: Պետք է թուրքական կառավարությանը հնարավորինս հեռու պահել նախատեսված հայկական միջոցառումների մասին տեղեկացված լինելուց, որպեսզի Անկարան վաղօրոք տեղեկություններ և ժամանակ չունենա դիմակայել ու վարկաբեկել հայկական արդար պահանջները՝ մարդկության դեմ գործած 20-րդ դարի ամենանողկալի ոճրագործություններից մեկի 100-ամյա տարելիցի կապակցությամբ: 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Մեկնաբանություններ (1)

Rose
Comment...Wow! Thanks to our diamond rich and so-called patriotic government in Armenia, we have been begging politics to make Turks accept the term ‘genocide’ and discussing our issues on Facebook, YouTube, private blogs, Kim’s web page or at the news stands instead of having a legitimate case just like Nuremberg Trials!...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter