HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արձագանք ՀՀ արտգործնախարարության արձագանքին

Oրերս ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Բալասանյանն ու Տաճատ Վարդապետյանը առաջարկեցին «Օտարերկրացիների մասին» օրենքում կատարել փոփոխություններ, որոնք առնչվում էին Ջավախքի և Հյուսիսային Լոռու հայության` Մայր պետության հետ հարաբերություններին: ՀՀ ԱԳՆ-ն պաշտոնապես մերժեց` բերելով իր հիմնավորումները, այն է` չի կարելի խտրական վերաբերմունք սահմանել բոլոր օտարերկրացիների համեմատությամբ, ընդհանրապես, եւ ծագումով հայ օտարերկրացիների համեմատությամբ` մասնավորապես:

Միանգամից նշենք, որ պնդումներն ամբողջովին անհեթեթ են: Նախ` ամեն երկիր բացարձակ իրավունք ունի որոշելու ում հետ ինչպես վարվել: Վերջերս Եվրամիությունը փորձեր է անում մեղմացնելու վիզային ռեժիմը Վրաստանի հետ, սակայն ոչ թե Վրաստանի բոլոր, այլ` «քաղաքացիների որոշակի խմբերի համար»:

Հարց` սա խտրականությո՞ւն է, թե՞ քաղաքականություն: Ինչ է նշանակում` «չի կարելի խտրականություն ցուցաբերել օտարերկրացիների նկատմամբ»: Այսօր իսկ դա արվում է. ռուսաստանցի օտարերկրացին Հայաստան է գալիս առանց վիզայի, իսկ ֆրանսիացի օտարերկրացին` վիզայով:

Ջավախքի հայության հարցը հանգիստ տեղավորվում է սահմանամերձ բնակչության նկատմամբ հատուկ կարգ սահմանելու միջազգայնորեն ընդունված պրակտիկայի նորմերում:

Երկիրը կարող է տասը սահմանակից հարևան ունենալ և նրանց նկատմամբ իրականացնել տարբեր քաղաքականություն: Օրինակ, ԱՄՆ-ը ունի երկու հարևան (ծովայինը չհաշվենք). Կանադայի նկատմամբ գործում է այլ ռեժիմ, Մեքսիկայի` այլ: Եթե դու ապրում ես Կանադայի` ԱՄՆ սահմանակից շրջանում, ունես մեքենայիդ վրա հատուկ անցաթուղթ-վկայություն, որը ստուգում է համակարգիչը, դու անցնում ես այլ անցակետով (նույն անցակետի շրջանակում) և չես էլ կանգնում:

Մյուս կանադացիները պիտի կանգ առնեն և փատաթուղթ ցույց տան: Հարյուր հազարավոր մարդիկ ամեն օր Կանադայից աշխատանքի են գնում-գալիս ԱՄՆ և հակառակը: Նրանք` որպես սահմանակից բնակիչներ, ունեն այլ կարգավիճակ:

Հայաստանը սեփական երկրում տարբեր մոտեցումներ ունի իր իսկ քաղաքացիների նկատմամբ: Որոշ պաշտոններ զբաղեցնելու համար հինգ կամ տասը տարի պիտի ապրես Հայաստանում: Հիմա դա խտրականությո՞ւն է, թե՞ կարգ:

1990-ական թվականներին Իսրայելը սովետական հրեաների նկատմամբ ավելի հեշտացված քաղաքականություն էր իրականացնում և ավելի մեծ օգնություն էր ցույց տալիս ներգաղթելիս, քան մյուս հրեաների, որովհետև ավելի կարիք ունեն:

Նույնը` գերմանացիները. Արևելյան Գերմանիայի գերմանացիների նկատմամբ այլ քաղաքականություն էր, Ղազախստանի գերմանացիների նկատմամբ` այլ:

Իտալացիները Շվեյցարիայում բնակվող էթնիկ իտալացիների նկատմամբ այլ վերաբերմունք ունեն, Ռուսաստանում բնակվող իտալացիների նկատմամբ` այլ: Նույն ինքը` Վրաստանը, Հյուսիսային Կովկասի ութ ինքնավարությունների քաղաքացիների` Վրաստան մուտքի նկատմամբ վարում է այլ քաղաքականություն, իսկ Ռուսաստանի այլ շրջաններում գրանցված քաղաքացիների նկատմամբ` այլ:

Խտրականությունը միշտ էլ կա, և դա բնական է պետական քաղաքականության մեջ: Հարցն այստեղ հայրենական ԱԳՆ-ի` Ջավախքի և Հյուսիսային Լոռու հայության հանդեպ ցուցաբերած իներտ քաղաքականության անտարբեր վերաբերմունքն է:

Վահե Սարգսյան
«Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter