Սերժ Սարգսյանը հույս ունի, որ իր թիմակիցները նորից օրինակելի կլինեն
Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հունվարի 29-ին երեկոյան Ալավերդու մշակույթի պալատի փակ դռների հետևում հանդիպեց իր առաջնորդած Հանրապետական կուսակցության Լոռու մարզի Թումանյանի տարածքային կառույցի անդամների, այդ թվում նաև՝ տարածաշրջանի համայնքապետերի, հիմնարկերի ղեկավարների ու աշխատողների հետ: Հիշեցնենք, որ դեռ հունվարի 14-ին «Հետքի» հետ զրույցում Լոռու մարզպետ, Հանրապետական կուսակցության Լոռու մարզային կառույցի ղեկավար Արթուր Նալբանդյանը հայտնել էր. «… Անկախ նրանից, թե նախագահական ընտրություններին ով կմրցակցեր Սերժ Սարգսյանի հետ, Հանրապետական կուսակցության առաջնորդը ձայների բացարձակ մեծամասնությամբ հաղթելու և ընտրվելու է հանրապետության նախագահ»:
Սերժ Սարգսյանը այս ֆոնի վրա երեկ շրջանցել էր լոռեցի շարքային ընտրողներից ուղղակիորեն ձայն խնդրելու կարևորությունը: Նա դա թողել էր իր թիմին: Մինչդեռ Լոռու մարզի համայնքների աղքատ բնակչության ստվար մասը ձևական գործընթաց է համարում նախագահական այս ընտրությունները, շատերը գտնում են, որ առանց իրենց ընտրության էլ Սերժ Սարգսյանը ընտրված է և անիմաստ են համարում ընտրություններին իրենց մասնակցությունը: Այս տեսակետից էլ Լոռու մարզի հատկապես գյուղական աղքատ համայնքերում փետրվարի 19-ի ընտրություններին վտանգված է ընտրողների ակտիվ մասնակցությունը:
Ալավերդիում Սերժ Սարգսյանը առաջին հերթին անդրադարձավ իր՝ նախագահի թեկնածու առաջադրվելու դրդապատճառներին: Նշեց, որ անցած 5 տարիների ընթացքում հնարավոր չէր հասնել երկրի բոլոր հիմնախնդիրների լուծմանը, սակայն գտնում էր, որ երկիրը ճիշտ ուղիով է տարել: Գործող նախագահը իր պաշտոնավարման 5 տարիների կարևոր ձեռքբերում համարեց խոսքի ազատության ոլորտում իրականացրած բարեփոխումները. «Նույնիսկ այս վերջին երկու հանդիպումների ընթացքում Բերդում և Նոյեմբերյանում, երբ մենք անցանք երկխոսության, մեր գործընկերներից ոմանք, փորձում էին կշտամբել, որ, պարոն նախագահ, միգուցե, մենք այս ոլորտում մի քիչ չափն անցնում ենք, միգուցե ազատության աստիճանը մեծ է, դա հետո կարող է խանգարել և այլն, պատերազմող երկիր ենք: Իմ կարծիքն է` ոչ, մենք պետք է այս ուղղությամբ ձեռք բերվածը ոչ միայն պահենք, պահպանենք, այլ պետք է խորացնենք»:
Թեկնածուն իր խոսքում կարևորեց իրավապահ մարմինների նկատմամբ հանրային վստահության բարձրացումը, նրանց թափանցիկ աշխտանքի ապահովումը, դատաիրավական համակարգի բարեփոխումները: Ալավերդիում նոր աշխատատեղերի ստեղծումն ու տնտեսության զարգացումը Սերժ Սարգսյանը տեսնում է զբոսաշրջության քաղաքականության իրականացման և հանքարդյունաբերության ոլորտում: «Մենք պետք է շատ զգուշորեն, շատ հոգատար վերաբերմունք ցուցաբերենք բնության նկատմամբ, ամեն ինչ պետք է անենք, որ չապականենք, որպեսզի մենք հաջորդ սերնդին չփոխանցենք ավերակներ և աղտոտված մի երկիր»,- ասաց նախագահը, ում բնապահպանական կարծիքներում տեղի ունեցած այս էվոլուցիան պետք է դիտել Հայաստանի բնապահպանաական շարժման մեծ հաղթանակ:
Այսուհանդերձ, իր պաշտոնավարման 5 տարիներին արտագաղթի ծանր հետևանքերը անտեսած երկրի նախագահը իր նախընտրական ծրագրում նախատեսել է, որ գալիք 5 տարիները լինելու են աշխարհով մեկ սփռված հայերին տուն վերադարձնելու և կանաչ Հայաստան կառուցելու տարիներ: «Այսօրվա առաջին կեսի իմ այցելություները մի անգամ էլ ասացին, որ իրոք այս խնդիրը շատ արդիական է, այս խնդիրը մարդկանց անհանգստացնում է, և հենց Մովսես գյուղից սկսած՝ մարդիկ խոսում էին, որ պետք է այնպես անել, ինչպես իրենք են ասում, «ըրեխաները ետ գյան»»,- ասաց նա: Անդրադառնալով հանրապետության կաթվածահար վիճակում հայտնված գյուղատնտեսությանը՝ Սերժ Սարգսյանը ասաց, որ գյուղացին առաջին հերթին պետք է զբաղվի գյուղատնտեսությամբ: Հակառակ պարագայում ի՞նչ իմաստ ունի այդ գյուղում ապրելը:
Շնողի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մարիետա Չիլինգարյանը Սերժ Սարգսյանին հայտնեց, որ երկրի պարենային անվտանգության ապահովումը հասարակությանը մտահոգող կարևորագույն խնդիրներից մեկն է. «Եթե Դուք վերընտրվեք, գյուղատնտեսության ոլորտի ներուժի արդյունավետ օգտագործման ի՞նչ ուղիներ եք նախատեսում»: Սերժ Սարգսյանի տեսանկյունից՝ ամեն ինչ արվում է գյուղատնտեսության զարգացման համար. «Մենք մեր գյուղացիներին շուկայականից 30 տոկոս ցածր գներով վառելիք ենք տրամադրում, շուկայականից 30 տոկոս ցածր գներով պարարտանյութ ենք տրամադրում, մատչելի վարկեր ենք տրամադրում, սերմացու ենք տրամադրել, մնացել է ընդամենը տեխնիկայի խնդիրը լուծել, ես վստահ եմ, որ մենք այս տարի այդ խնդիրն էլ ենք լուծելու»:
Գործողը նախագահը տեղյակ չէր, որ ծայրահեղ աղքատության մեջ հայտնված լոռեցի գյուղացիները ի վիճակի չեն անգամ գնելու շուկայականից 30 տոկոս էժան առաջակված պարարտանյութը, դիզվառեիքն ու սերմացուն: Հանդիպման ավարտին նա խնդրեց դահլիճում նստածներին ամեն ինչ անել՝ օրինակելի ընտրություններ անցկացնելու համար. «Մեր երկրին օդ ու ջրի պես անհրաժեշտ են արդար, մաքուր ընտրություններ: Մեզ սկուտեղի վրա մատուցում են արդար ընտրություն անցկացնելու հնարավորությունը: Եթե մենք այս հնարավորությունը չօգտագործենք, մենք դավաճ կլինենք մեր երկրի նկատմամբ»: Որքան էլ զավեշտալի էր, Սերժ Սարգսյանը հույս հայտնեց, որ նախկին տարիների նման իր թիմակիցները լինելու են օրինակելի:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել