HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Արա Ղազարյան. «Դատավոր Ափինյանը համաչափ մոտեցում է ցուցաբերել»

«Թեեւ արգելանքի միջնորդության անհրաժեշտություն չկար»,- ասում է իրավաբան Արա Ղազարյանը

Պրն Ղազարյան, այսօր «Ժողովուրդ» օրաթերթը բողոքի ակցիա էր կազմակեպել՝ ընդդեմ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ թերթի գույքի վրա 3 մլն դրամի չափով արգելանք դնելու որոշման: Մասնավորապես՝ թերթը վիճարկում է որոշման իրավաչափությունը: Ըստ Ձեզ՝ որքանո՞վ է իրավաչափ դատավոր Ափինյանի կայացրած որոշումը:

Նախ՝ նման միջնորդությունները պետք է բերվեն անհրաժեշտության դեպքում: Օրինակ՝ եթե հայցվորը կասկած ունի, որ պատասխանողը կարող է ոչ իրավաչափ վարքագիծ դրսեւորել, օրինակ՝ իր գույքը վաճառել մինչեւ դատաքննության ավարտը: Հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունները դրան են ուղղված: Վերջերս հաճախակի են դարձել լրատվամիջոցների դեմ նման միջնորդությունները, մեծ մասը՝ անհարկի: Որովհետեւ եթե հայտնի լրատվամիջոց է, նա հո գաղտնի կերպով չի՞ վաճառելու իր գույքը ու դիմի փախուստի երկրից, որ նման միջնորդություն է բերվում: Այսինքն՝ հայցվորը պետք է հաշվի առնի, որ նման կերպ ինքը հանրային կարծիքն ուղղում է իր դեմ: Այսինքն՝ պետք է խիստ անհրաժեշտ լինի: Ես չգիտեմ, թե այս պարագայում հայցվորն ինչ փաստեր է ներկայացրել, որ դատարանը բավարարել է միջնորդությունը, որոշման մեջ նման փաստեր նշված չեն:

Բայց նայենք նաեւ դատարանի տեսանկյունից. միջնորդության մեջ երեք պահանջ է եղել՝ ֆինանսական միջոցների վրա արգելանք դնել, գույքային միջոցների վրա արգելանք դնել եւ արգելել, որ խնդրո առարկայի վերաբերյալ մինչեւ դատաքննության ավարտը նյութ հրապարակվի: Այս երեքից դատավոր Ափինյանը ընտրել է այն պահանջը, որը նվազ միջամտության բնույթ ունի թերթի գործունեությանը: Այսինքն՝ նա հավատարիմ է մնացել իր սկզբունքներին այն իմաստով, որ համաչափ մոտեցում է ցուցաբերել, որպեսզի եւ հայցվորի միջնորդությունը բավարարի, եւ լրատվամիջոցին չզրկի գործելու հնարավորությունից: Այնպես չստացվի, որ լրատվամիջոցը չկարողանա իր գործունեությունն իրականացնել: Իսկապես դա այդպես է: Նպատակը ո՞րն է արգելանքի. կրկնում եմ՝ ոչ իրավաչափ գործունեությունը կարգավորելը:

«Ժողովուրդի» գույքի վրա 3 մլն դրամի չափով արգելանք է դրել, որպեսզի նա չվաճառի, չօտարի գույքը, այլ ոչ թե չօգտագործի: Այսինքն՝ թերթը կարող է հանգիստ, նախկինի պես օգտագործել իր գույքը՝ համակարգիչ, սեղան, աթոռ եւ այլն: Այս իմաստով «Ժողովուրդ» թերթի գործունեությանը սպառնացող որեւէ  վտանգ ես չեմ տեսնում: Խմբագրության հայտարարությունները ես կարդացել եմ, բայց հիմնավորում չեմ տեսել:

Որքանո՞վ է հիմնավոր թերթի գլխավոր խմբագրի այն մտահոգությունը, որը ԴԱՀԿ-ն ցանկացած պահի կարող է մտնել խմբագրություն եւ կալանքի վերցնել գույքը:

Հարկադիրը չի կարող մտնել եւ գույքը առգրավել: Հարկադիրը կարող է մտնել գույքագրում անել: Այսինքն՝ ստանալով դատարանի որոշումը՝ ԴԱՀԿ-ն կարող է մտնել խմբագրություն, որոշել, թե ոն գույքն է 3 մլն դրամի չափով բավարարում, բայց իրավունք չունի մատով անգամ դիպչել գույքին կամ տեղաշարժել այն: Գույքը պատկանում է սեփականատիրոջը: ՍԴ որոշում կա՝ անձը պետք է իր հայեցողությամբ կարողանա օգտվել իր գույքից: Միեւնույն ժամանակ, Մարդու իրավունքների եւ ազատությունների մասին եվրոպական կոնվենցիան սահմանում է, որ պետությունը կարող է վերահսկել գույքը որոշ վճարումներ ապահովելու համար: Այս դեպքում «Ժողովուրդը» մնում է իր գույքի սեփականատերը՝ իր հայեցողությամբ գույքը օգտագործելու իրավունքով, ԴԱՀԿ-ն էլ կատարում է գույքի վրա որոշակի վերահսկողության գործառույթներ՝ առանց միջամտելու իր գույքից անարգել օգտվելու՝ «Ժողովուրդ» օրաթերթի իրավունքին: Իսկ այն, որ կարող են մտնել եւ գույքն առգրավել, աբսուրդ է, այդպիսի բան չի կարող լինել:

Պրն Ղազարյան, դատավորն ունե՞ր նման պարտավորություն՝ նախապես ստուգել եւ համոզվել, որ հայցի ապահովման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել դատական ակտի կատարումը:     

Սրա հետ ես համաձայն եմ: Ափինյանը մեկ-երկու շաբաթ առաջ նման որոշում է կայացրել Տիգրան Ուրիխանյանի գործով ու մերժել է գույքի վրա արգելանք դնելու որոշումը՝ գրելով, որ հայցվորը չի հիմնավորել: Այս դեպքում չգիտեմ՝ դատարանի որոշման մեջ հիմնավորում չեմ տեսել, բայց մյուս կողմից՝ դատարանը որոշել է, որ եթե 3 պահանջ է ներկայացնում, մեկը բավարարեմ, որը որ չի վտանգի լրատվամիջոցի աշխատանքը: Արդյոք հայցվորը հիմնավորե՞լ է, թե՞ ոչ, չեմ կարող ասել, հայցը չեմ տեսել: Բայց «Ժողովուրդը» կարող է վիճարկել դատաքննության ժամանակ այդ որոշումը՝ միջնորդություն ներկայացնելով: Սակայն պետք է հիմնավորի, որ, իսկապես, վտանգված է իր աշխատանքը, որովհետեւ գույքի օգտագործման վրա որեւէ մեկը արգելանք չի դրել եւ չի էլ կարող դնել, որովհետեւ դա արդեն սահմանադրականության հարց է:

Եթե հիշում եք, նախորդ տարի «Հրապարակ» թերթի դեմ տարբեր հայցերով 2 նման միջնորդություն ներկայացվեց, որոնք նույնպես բավարարվեցին:

Այո, «Հրապարակի» վրա դրվեց արգելանք, բայց «Հրապարակը» շարունակեց իր գործունեությունը: Ուրիշ բան, եթե դրամական միջոցների վրա դրվի: Անգամ այն դեպքում, եթե թերթի վրա դրվի 3 մլն դրամի արգելանք, բայց նա ունենա 10 մլն-ի դրամական միջոցներ, 7 մլն դրամի մասով կարող է շարունակել գործունեությունը: Թեեւ սա դիտվում է որպես միջամտություն թերթի գործունեությանը: Արգելանքի որոշումներ դատարանները բազմիցս են կայացնում: Սակայն մյուս կողմից՝ եթե լրատվամիջոցի մասին է խոսքը, հայցվորները պետք է հասկանան, որ պետք է խխիստ հիմնավոր պատճառ լինի նման միջնորդություն ներկայացնելու: Ես չտեսա նման անհրաժեշտություն:

«Ժողովուրդը» այն իրավաբանական անձը չէ, որը մի գիշերվա մեջ կփակի խմբագրությունը եւ փախուստի կդիմի: Այստեղ դիլլեմա կա. մի կողմից նման միջնորդության անհրաժեշտությունը չկար, մյուս կողմից դատարանը արգելանքի որոշում է կայացրել, որը լրատվամիջոցի գործունեությանը միջամտություն չի իրականացրել: Պետք է կոչ անել հանրությանը, որ եթե դատի եք տալիս հայտնի կազմակերպության, այն էլ՝ լրատվամիջոցի, որը ծառայում է հանրային շահին, միտք չունի նման միջնորդություն ներկայացնել, որովհետեւ լրատվամիջոցը փախուստի չի դիմի: Գործարարը պետք է հասկանա, որ եթե լրատվամիջոցի դեմ հայց է ներկայացնում, մտնում է հանրային դաշտ եւ հայտնվում հանրության ուշադրության կենտրոնում: Ուստի նա, թեկուզ ստրատեգիական, տակտիկական նկատառումներից ելնելով՝ չպետք է այնպիսի գործողություն կատարի, որ հանրային կարծիքն իր դեմ տրամադրի:

Արգելանքի որոշումից սկսած՝ ամեն օր հայցվորը պարտվում է, որովհետեւ «Ժողովուրդն» օգտագործում է իր ամբիոնը ու հանրային կարծիք ձեւավորում: Այս դեպքում հայցվորը սխալ է արել՝ նման անհարկի միջնորդություն բերելով: Եթե դրա անհրաժեշտությունը չկա, նշանակում է կա քողարկված այլ նպատակ, որը կարող է լինել լրատվամիջոցին ճնշելը, որպեսզի դատը շահի: Բայց քանի որ սա հանրային տիրույթում գտնվող գործ է, այս ամբողջը կարող է իր դեմ դուրս գալ եւ հանրային կարծիքն իր դեմ աշխատել:

Մանավանդ որ դատավոր Ափինյանը մինչ այս մամուլի դեմ բերված բոլոր գործերով, եթե չեմ սխալվում, շատ հավասարակշռված որոշումներ է կայացրել:

Այո, Ափինյանը մինչեւ անգամ ՍԴ որոշումը մամուլի դեմ բերված գործերով աննախադեպ որոշումներ է կայացրել: Նա շատ լավ տիրապետում է ՍԴ, ՎԴ եւ ԵԴ նախադեպերին: Իր դեմ դրված է եղել 3 պահանջ, որոնցից 2-ը նա համարել է լրատվամիջոցի գործունեությանը միջամտող եւ չի բավարարել:

Արեւմուտքում հաստատված տեսություն եւ նախադեպային իրավունք կա, որ շատ զգուշորեն պետք է կիրառել նման միջոցները, որպեսզի լրատվամիջոցների գործունեությանը միջամտություն չլինի:  Ընդհանրապես արգելանք չի կարող կիրառվել գրքերի, տարբեր հրատարակությունների տարածման վրա: Կարծում եմ՝ Ափինյանը զգուշորեն է կիրառել, հանրությունը չի տուժում, հանրությունը վաղը, մյուս օրն էլ կարող է կարդալ «Ժողովուրդ» օրաթերթը:

Հ.Գ. Մինչ հարցազրույցը պատրաստում էինք հրապարակման, տեղեկացանք, որ այսօր Սահմանադրական դատարանը, քննելով ՄԻՊ դիմումը  «Հարկերի մասին» օրենքի 30.2-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ մասերի սահմանադրականության վերաբերյալ, կարծիք է հայտնել, որ գույքի վրա արգելանքը պետք է կիրառվի ծայրահեղ դեպքում: Մեր զրուցակից Արա Ղազարյանի կարծիքով՝ թեեւ այս որոշումը կայացվել է «Հարկերի մասին» օրենքի վերաբերյալ, սակայն կիրառելի է նաեւ լրատվամիջոցների դեմ բերված արգելանքի միջնորդությունների պարագայում:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter