HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». փոխհատուցում վնասված հայելու համար

Երեկ «ՀԺ» թղթակիցը Երեւանի Պարոնյան-Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկի մոտ ականատես է եղել, թե ինչպես են ոստիկանները «լարում», հետո բռնում մի տարեց կնոջ: Ո՞րն է եղել ոստիկանական այդ օպերացիայի պատճառը:

Կինը չնախատեսված տեղով փողոցն անցնելիս է եղել, երբ քաղաքացիական համարանիշներով «Ֆոլցվագենը» գրեթե վրաերթի է ենթարկել նրան` հայելիով հարվածել է կնոջ ձեռքին եղած պայուսակներին: Դրա հետեւանքով ջարդվել է մեքենայի հայելին:

Բարեբախտաբար, կինը մարմնական վնասվածքներ չի ստացել: «Ֆոլցվագենի» ղեկին եղել է ոստիկան` ոստիկանության ավագի կոչումով: Եվ հենց նա էլ սկսել է հետապնդել կնոջը:

«Էս հայելին 30 հազար դրամ արժի»,- գնահատել է ոստիկանը ու պահանջել, որ կինը փոխհատուցի իր կրած վնասը: Վրաերթից մազապուրծ եղած կինը թերթի թղթակցի աչքի առաջ խնդրել է ներել իրեն: Նկատելով «ՀԺ» թղթակցին, որն արդեն հասցրել էր կադրեր անել, կնոջը պատի մոտ խրոխտ կեցվածքով բռնած ոստիկանը փոխել է իր գործողությունների հիմնավորումը՝ ասելով, թե ուզում է համոզվել, որ կինը մարմնական վնասվածքներ չի ստացել, ու որ պետք է իր հետ գնա ոստիկանական բաժանմունք բացատրություն գրելու: Իսկ բացատրություն գրելու անհրաժեշտությունը ոստիկանը հիմնավորել է նրանով, որ հետագայում փոխհատուցման պահանջ կինը չներկայացնի:

Այդ ընթացքում իրենց գործընկերոջը «օգնության են հասել» Կենտրոնի ոստիկանության մի քանի աշխատակիցներ, այդ թվում նաեւ ղեկավար կազմից: Դե, երեւի պետք չէ նշել, որ նրանք «ՀԺ» թղթակցից փորձել են խլել ֆոտոապարատը, պահանջել են, որ լրագրողի փաստաթուղթ ներկայացնի եւ այլն:

Այդ ընթացքում դեպքի վայրին է մոտեցել ճանապարհային ոստիկանության մեքենա, սակայն տեսնելով, որ մի տեսակ խառը իրավիճակ է, արագ «թռել է»: Ի վերջո, օգնության հասած համեմատաբար բարձրաստիճան պաշտոնյաների ջանքերով կինը համաձայնել է գնալ ոստիկանական բաժանմունք բացատրություն գրելու, իսկ ոստիկանները թղթակցին հավաստիացրել են, որ կինը ընդամենը պետք է գրավոր փաստի, որ ինքը մարմնական վնասվածք չի ստացել եւ ոստիկան վարորդից պարտք ու պահանջ չունի:

Ինչով է ուշագրավ այս միջադեպը: Խնդիրն այն է, որ մեկ անգամ եւս համոզվում ենք, որ ոստիկանները բոլորովին չեն տիրապետում ՀՀ-ում գործող օրենքներին եւ ըստ ցանկության անում են այն, ինչ ուզում են՝ օգտվելով իրենց համազգեստից: Թե ինչ պետք է աներ վարորդ ոստիկանը տվյալ իրավիճակում, չենք ասի: Թող գնան մեկ-մեկ էլ օրենք կարդան: Ոստիկանի համար դա շատ օգտակար է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter