
Շիրակ Թորոսյանին թույլ չեն տվել հատել վրացական սահմանը
Հունիսի 19-ին ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանին վրացի սահմանապահներն արգելել են մուտք գործել Վրաստանի տարածք:
Պատգամավորը «Հզոր հայրենիք» կուսակցության նախագահ Վարդան Վարդապետյանի, ՀՀ վարչապետի ԱՊՀ հարցերով նախկին խորհրդական Ստեփան Մարգարյանի և ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանի հետ գերմանական «Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամ»-ի առաջարկությամբ և ձեռք բերված պայմանավորվածությամբ Վրաստանում պետք է հանդիպումներ ունենար պաշտոնյաների, հասարակական գործիչների, լրագրողական շրջանակների հետ` քննարկելու Ջավախքի խնդիրները և հայ-վրացական հարաբերությունները:
Մասնավորապես, ֆոնդի ներկայացուցիչը Թբիլիսիում պայմանավորվել էր Ռեինտեգրացիային փոխնախարարի, արտգործնախարարի խորհրդականի, «Ռեզոնանսի» թերթի գլխավոր խմբագրի և մի շարք կուսակցական, հասարակական գործիչների հետ:
Հունիսի 19-ին երեկոյան ժամը 20:00-21:00-ի սահմաններում Սադախլո սահմանային հատվածում պատվիրակության մյուս անդամները առանց որևէ խոչընդոտի անցել են բոլոր ձևակերպումները և հատել սահմանը: Սակայն Շիրակ Թորոսյանի հետ խնդիրներ են առաջացել: «Իմ տվյալները համակարգիչ մուտք անելուց անմիջապես հետո սահմանապահները կարծես թե խառնվեցին իրար, ասացին` մի փոքր սպասել, իբրև ճշտում են անում: 5-10 րոպե անցավ, Թբիլիսիի են զանգում: Ես ցույց եմ տալիս նաև իմ դիվանագիտական անձնագիրը: Ասում եմ նաև, որ պատգամավոր եմ: Բայց դա ընդհանրապես կապ չունի, քանի որ ես որպես քաղաքացի կարող եմ սահմանն անցնել»,-«Հետքին» պատմեց Շիրակ Թորոսյանը:
Ավելի քան մեկ ժամ անց սահմանապահները, ստանալով ևս մեկ զանգ Թբիլիսիից, հայտարարել են, որ Շիրակ Թորոսյանին արգելված է մուտք գործել Վրաստան: Սահմանապահները չեն կարողացել որևէ պատճառաբանություն ներկայացնել, միայն ասել են, թե վերադասի հրամանն է:
Շիրակ Թորոսյանը պնդել է, որ իրեն տան գրավոր տեղեկանք, թե ինչ պատճառաբանությամբ չեն թողնում հատել վրացական սահմանը: Սակայն դա էլ չեն տվել:
Շիրակ Թորոսյանն այդ ընթացքում կապվել է Թբիլիսիում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանի հետ, տեղեկացրել դեպքի մասին: Դեսպանը դիմել է Վրաստանի արտաքին գործերի և ներքին գործերի նախարարություններին: Դեպքի մասին տեղեկացրել են նաև ՀՀ ԱԳՆ-ին: Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը խոսել է իր վրացի գործընկերոջ հետ, բայց ոչ մի հստակ բացատրություն չեն կարողացել ստանալ:
Պատվիրակության բոլոր անդամները, ի նշան բողոքի, նույնպես ետ են վերադարձել` չկարողանալով դիվանագիտական ճանապարհով հարթել իրավիճակը: Վերադարձի ճանապարհին Շիրակ Թորոսյանին է զանգահարել Հայաստանում Վրաստանի դեսպանի պաշտոնակատարը և ասել, որ «գուցե նորից ետ վերադառնան, գուցե արդեն կթողնեն»:
«Բնականաբար, մենք այլևս չէինք կարող վերադառնալ, քանի որ ճշտված համաձայնեցվածություն չկար, և դեսպանը «գուցեներով» էր խոսում, որ իբր թյուրիմացություն է եղել, բայց թյուրիմացություն իսկապես չկար, որովհետև ավելի քան 1 ժամ սպասեցնելուց հետո հերթափոխի պետը հայտարարեց` «Ձեզ արգելում են մտնել Վրաստան»»,- ասաց պատգամավորը:
Շիրակ Թորոսյանը կարծում է, որ պատճառն իր հրապարակային գործունեությունն է: «Եթե պատճառը դա է, ապա կոպտորեն խախտվում է խոսքի ազատության իրավունքը: Եթե ես խոսում եմ ջավախքահայության իրավունքների պաշտպանության մասին, և այդ առումով քննադատում վրաց իշխանությունների քաղաքականությունը` կոչ անելով միջազգային իրավունքի նորմերին համապատասխան և միջազգային կառույցների առջև ստանձնած պարտավորությունների ոգով ստանձնել ջավախքահայության իրավունքների պաշտպանությունը, այդ դեպքում տարբերություն չկա, ես շարունակելու եմ դա անել: Միևնույն է, ես պայքարելու եմ, որպեսզի հարգվեն ազգային փոքրամասնությունների իրավունքները Վրաստանում»,- հավելեց Շիրակ Թորոսյանը:
Պատգամավորն ասաց, որ վերջին անգամ, երբ հատել է վրացական սահմանը, Նինոծմինդայի անցակետում դարձյալ խնդիրներ են առաջացել` իբրև համակարգիչն է փչացել, բայց այդ ժամանակ որոշակի «պայքարից» հետո պատգամավորին հաջողվել է անցնել Ջավախք:
Սակայն նա համոզած է, որ հունվարից հետո տեղի ունեցած բողոքի ակցիան և հրապարակային ելույթները կարող էին վրաց իշխանությունների նյարդերի վրա ազդել, այդ պատճառով էլ հրաման են տվել իրեն թույլ չտալ հատել սահմանը:
«Որպես անձ` ես որևէ խնդիր չունեմ, բայց դա վիրավորանք է մեր պետության հասցեին: Ի վերջո, ես պատգամավոր եմ և կառավարող կուսակցության ֆրակցիայի ներկայացուցիչ»,- ասաց պատգամավորը:
Շիրակ Թորոսյանը տեղեկացրեց, որ երեկ ՀՀ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Վրաստան:
Հիշեցնենք, որ Շիրակ Թորոսյանը ծնունդով Ջավախքից է, և նրա հարազատներից շատերն ապրում են այնտեղ:
Մեկնաբանել