HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել է «Բնակելի շենքերում էներգաարդյունավետության բարձրացում» ծրագիրը

ՀՀ քաղաքաշինության նախարարությունը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) աջակցությամբ իրականացնում է «Բնակելի շենքերում էներգաարդյունավետության բարձրացում» ծրագիրը, որի արդյունքների քննարկման նպատակով հունվարի 31-ին կայացավ հանդիպում քաղաքաշինության նախարարության, ՎԶԵԲ-ի, ինչպես նաեւ շահագրգիռ այլ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին քաղաքաշինության փոխնախարար Ավագ Հակոբյանը կարեւորեց Հայաստանում բնակելի շենքերի էնեգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացումը, շեշտելով, որ  էներգաարդյունավետությունը ամենաարագ եւ ամենաէժան ուղին է բնակչության տնտեսական բեռը մեղմացնելու համար: Իր հերթին ՎԶԵԲ Երեւանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը պատրաստակամություն հայտնեց նպաստել Հայաստանի բնակելի շենքերում էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերին: Նա ընդգծեց, որ պատշաճ համագործակցության շնորհիվ իրականացվող ծրագրերը ոլորտը կդարձնեն առավել կայուն:

Հիշեցնենք, որ «Բնակելի շենքերում էներգաարդյունավետության բարձրացում» ծրագրի շրջանակներում բանկի կողմից ընտրված «Էներգախնայողության դաշինք» խորհրդատվական կազմակերպությունը դեռեւս անցած տարվա օգոստոսից մշակում էր առաջարկություններ` բնակարանային ֆոնդի պահպանման եւ էներգաարդյունավետության բնագավառների օրենսդրական դաշտի կատարելագործման եւ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ռազմավարական ուղղությունների վերաբերյալ: Ներկայացնելով նշյալ առաջարկությունների փաթեթը` նշվեց, որ գնահատվել է շենք-շինություններում էներգաարդյունավետության պոտենցիալը եւ այն ընդունվել է որպես գերակա խնդիր աշխարհի շատ երկրներում: Էներգախնայողության եւ վերականգնվող էներգիայի ազգային ծրագիրը Հայաստանում շենք-շինությունների ոլորտում էներգիայի խնայողության պոտենցիալը գնահատել է 40 տոկոս:

Հանդիպման մասնակիցները շենքերի էներգաարդյունավետության ծրագրի իրականացման համար կարեւորեցին օրենսդրական դաշտի բարելավումը, ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդումը, ֆինանսական ռեսուրսների առկայությունը, ինչպես նաեւ հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացումը: Այս մասին հայտնում է ՀՀ քաղաքաշինության նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter