HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արա Հովսեփյանը թաքցնում է շինընկերության խոտանը

«Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով կառուցվող երրորդ կարգի ջրանցքին Արմավիրի մարզի Հովտամեջ և Ծիածան գյուղերի բնակիչերը երկար են սպասել, քանի որ մեկ տարի է, աշխատանքներն այդպես էլ ավարտին չեն հասցվում: Թվում էր, թե այս ամիս աշխատանքները վերջապես կավարտվեն, և գյուղացիները մարդավարի ոռոգման ջուրը կհասցնեն իրենց հողամասեր, սակայն այս անգամ էլ պարզվեց, որ շինարարական ընկերությունը սխալ է նախագծել և մեծ կիսախողովակների փոխարեն տեղադրել է անհամեմատ փոքր կիսախողովակ:

Երկու գյուղերն իրարից բաժանող ճանապարհը օրեր շարունակ լցված է ջրով: Առվակների ջուրը հոսում է փողոցներով և լցվում գյուղացիների հողերը` պատճառելով զգալի վնասներ:

Գյուղացիների բողոքներից և տարածքային կառավարման նախարարության միջամտությունից հետո կիսախողովակները նորից փոխվում են:

«Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը, ով ամեն առիթով հայտարարում է, թե բաց ու թափանցիկ է աշխատում, այս անգամ ևս փորձում է հասարակական հնչեղությունից հեռու պահել այս խոտանը: Ճիշտ է` «Հազարամյակի մարտահրավերներ» հայաստանյան ծրագրի գրասենյակի լրատվության պատասխանատու Նանե Աճեմյանը հաստատեց, որ խնդիրն առաջացել է նախագծող ընկերության սխալի հետևանքով, սակայն Արա Հովսեփյանի հետ զրուցելուց հետո հրաժարվեց ասել նախագծող ընկերության անունը: Պարզվում է` Արա Հովսեփյանը չի կամենում ամեն ինչ բարդել շինընկերության վրա, և այն «պաշտպանելու» քաղաքականություն է որդեգրել:

Ինչ վերաբերում է կիսախողովակները փոխելու հետևանքով ծախսված հավելյալ գումարների չափին, ապա «Հազարամյակի մարտահրավերներից» դարձյալ տեղեկություն չտրամադրեցին` պատճառաբանելով, թե գումարի չափը դեռ պարզ չէ: Թե ինչու է Արա Հովսեփյանը կոծկում «Երևանշին» ընկերության սխալները, հայտնի չէ:

Հիշեցնենք, որ «Հետքը» դեռ նախորդ տարի էր անդրադարձել այս գյուղերի համար անցկացվող կիսախողովակների խնդրին: Այն ժամանակ էլ շինարարական ընկերության մեղքով աշխատանքները մի քանի ամիս կանգ առան, ինչը պատճառաբանվեց բետոնե կիսախողովակների արանքներում դրվող ռետինե կտորների անորակ լինելով: Անորակությունը նկատել էր ամերիկյան կողմը և պահանջել, որ շինարարը անորակ ռետինները փոխարինի որակյալներով: Այդ ժամանակ նույնպես Արա Հովսեփյանը «Հետքին» պարզաբանում չէր տվել:

Հովտամեջի գյուղապետ Արմեն Սարգսյանը տեղյակ չէր, թե ով է նախագծող ընկերությունը: Գյուղապետը խորհուրդ տվեց դիմել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի ղեկավարությանը:

«Ես չգիտեմ, թե որ ընկերությունն է նախագծման աշխատանքներն իրականացրել: Աշխատանքների ավարտման ժամկետների մասին էլ չգիտեմ: Ծրագիրն արդեն պետք է ավարտված լիներ, պարզապես կիսախողովակների չափերը չէին համապատասխանում պահանջներին. տարածքային կառավարման նախարարի կարգադրությամբ նորից փոխվում են, քանի որ ջուրը մեզ չի հերիքում»,- ասաց համայնքապետը:

«Խոյ» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն էլ ասաց, որ գյուղացիներին ժամանակին ջուր հասցնելու համար կիսախողովակների կողքից` հողի վրա, ժամանակավոր առու են բացել, մինչև կիսախողովակները փոխվեն:

Ս. Սարգսյանի հավաստմամբ` Հովտամեջում շինաշխատանքները կսկսվեն մոտ մեկ շաբաթից, քանի որ հիմա հացահատիկի և կարտոֆիլի ոռոգման եռուն շրջանն է, և ոռոգման ջուրը չեն կարող կտրել, իսկ հունիսի 20-ից արդեն պայմանավորվածություն ունեն, որ «Երևանշին» ընկերությունը սկսի կիսախողովակները փոխելու աշխատանքները:

«Այդ ժամանակ ոռոգման ջրի քանակը կկրճատենք, աշխատանքները մի 5 օրում կավարտենք: Ժամանակին ճիշտ հաշվարկներ չարվեցին, գյուղացիներն էլ պահանջեցին, որ այդ առուներով ջուր տան իրենց, նախագծողներն էլ հաշվարկը խախտեցին, ու արդյունքում այլ որակ ստացվեց»,- պարզաբանեց ՋՕԸ-ի տնօրենը:

Հարևան Ծիածանի համայնքապետ Խաչիկ Գևորգյանն արդեն բավարարված է, քանի որ կիսախողովակներն արդեն փոխվել են` շուրջ 266 մետր: «Առաջ գոհ չէի, բայց հիմա լավ է»,- ավելացրեց գյուղապետը:

«Երևանշին» ընկերությունից պարզաբանում ստանալ չհաջողվեց: Մի քանի օր է, ընկերության հեռախոսներին պատասխանող չկա:

Գյուղացիները դեռ վստահ չեն, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով Հովտամեջ և Ծիածան գյուղերի կիսախողովակների վրա կատարվող աշխատանքները այս անգամ վերջինը կլինեն:

Մեկնաբանություններ (2)

Karine
Erevanshin ynkerutyan heraxosagitsy YerevanJur ynkerutyan ashxatakicneri tetev dzerqov amboxjutyamb ktrvel er, da er patjary, vor heraxosnerin patasxanox chi exel.
rahageets
Take about f--k-ups.. You know these people are skimming off the top and I wouldn't be surprised that the MCC is getting its share.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter