
Կուսակցությունները՝ Հայրիկյանի հետ կատարվածի առթիվ (լրացվող)
ԲՀԿ-ն խորը մտահոգված է
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը իր խորը մտահոգությունն է արտահայտում ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանի հետ տեղի ունացած դեպքի առթիվ: Մարդկայնորեն հայտնում ենք մեր զորակցությունն իրեն, իսկ իրավապահ մարմիններից ակնկալում ենք հնարավորինս արագ և արդյունավետ քննության իրականացում:
ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տ. Ուրիխանյան
Պարույր Հայրիկյանը կհաղթահարի նաև այս փորձությունը
Հ.Յ.Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը դատապարտում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը: Այն ուղղված է մեր պետականության և ինքնիշխանության դեմ, փորձ է սերմանելու վախի եւ անապահովության մթնոլորտ:
Իրավապահ և ազգային անվտանգության մարմինների պարտքն է բացահայտել հանցագործության կատարողներին ու պատվիրատուներին: Պետք է դուրս գալ այն փակ շրջանից, երբ մեր երկրի համար պատասխանատու ժամանակներում նման դեպքեր են արձանագրվում և մնում չբացահայտված:
Պարույր Հայրիկյանը մեծ կենսափորձով և դժվարությունների միջով անցած ազգային-պետական գործիչ է, վստահ ենք՝ նա կհաղթահարի նաև այս փորձությունը: Նրան շուտափույթ ապաքինում ենք մաղթում:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը դատապարտում է
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը դատապարտում է ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը:
Այն ուղղված էր առաջին հերթին Հայաստանի պետականության դեմ, և մարտահրավեր էր բոլոր այն ուժերին, ովքեր պայքարում են Հայաստանում ժողովրդավարության հաստատման համար: Պատահական չէ, որ մահափորձ կատարվեց հենց այն մարդու նկատմամբ, ով կանգնած է Հայաստանի անկախացման և ժողովրավարացման ակունքներում:
Իրավապահ մարմիններից պահանջում ենք գործի արդարացի և արագ քննություն: Ակնկալում ենք, որ շատ կարճ ժամանակում այս հանցագործության մեղավորները և պատասխանատուները կբացահայտվեն և խստագույնս կկրեն իրենց պատիժը:
Պարույր Հայրիկյանին հայտնում ենք մեր զորակցությունը և մաղթում շուտափույթ ապաքինում:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչություն
Միայն թշնամին կարող էր կազմակերպել և կատարել այսօրինակ ստոր և սադրիչ արարք
Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունն իր զայրույթն է հայտնում քաղաքական ականավոր գործիչ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարված մահափորձի կապակցությամբ:
Միայն հայ ժողովրդի և հայոց պետականության թշնամին կարող էր կազմակերպել և կատարել այսօրինակ ստոր և սադրիչ արարքը:
Կասկածից վեր է, որ այս էլ որերորդ անգամ մեր անկախ պետության օրոք նպատակ էր դրված ապակայունացնել երկրի ներքին իրավիճակը և հրահրել խառնաշփոթ, բնական հունից հանելու նախագահական ընտրությունների ընթացքը:
Բարձր գնահատելով մեր քաղաքական գործընկերոջ` Պարույր Հայրիկյանի ներդրումը պետականաշինության, ժողովրդավարացման ասպարեզում, գտնոմ ենք, որ նրա դեմ արձակված փամփուշտն ուղղված էր նաև Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությունը խարխլելու նպատակով:
Դատապարտելով կատարվածը` համոզմունք ենք հայտնում, որ ՀՀ իշխանությունները, իրավապահ մարմինները բոլոր հնարավոր միջոցները կօգտագործեն զազրելի հանցագործությունը շուտափույթ բացահայտելու, կազմակերպիչներին ու կատարողին խստագույնս պատժելու համար:
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության հանրապետական խորհուրդ
Մեկնաբանել