HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Որ պատերի տակին վեր թափած լինենք, ո՞նց կլինենք» (վիդեո)

Լոռու մարզի Գոգարան գյուղի մշակույթի տան եւ մանկապարտեզի շենքերն ավերվել են 1988թ.-ի երկրաշարժի ժամանակ: Անցած 25 տարիներին աղետի գոտու պետական ծրագրից դուրս է մնացել երկրաշարժից տուժած գյուղում  մշակույթի տուն ու մանկապարտեզ կառուցելու հարցը:

Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սիլվա Թորոսյանը տեղյակ չէր, թե անցնող տարիներին մշակույթի տան եւ մանկապարտեզի նոր շենքերի կառուցումն ինչու է դուրս մնացել աղետի գոտու պետական ծրագրերից: Սակայն հայտնեց, որ  նշված ծրագրով նախատեսվել է երկրաշարժից անօթեւան մնացած գոգարանցիների համար կառուցել 50 անհատական բնակարան, որոնց մի մասը դեռեւս չի ավարտվել:

Իրականացվող անհատական բնակարանային շինարարության  ընթացքի մասին «Հետքին» «Գլենդել Հիլզ» շինարարական կազմակերպությունից հայտնեցին, որ Գոգարանում 1988թ.-ի  երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների համար բնակարանաշինությունն իրականացվում է պետական ծրագրով:

Առ այսօր գյուղում շահագործվել է 35 անհատական բնակարան, 3-ը եղել է անավարտ, 15 անհատական բնակարանների  շինարարությունն ընթացքի մեջ է: «Գլենդել Հիլզ»-ից տեղեկացնում են, որ գյուղում այս պահին շինարարության ընթացքը դադարեցվել է եղանակային պատճառով:

Գոգարանցիներն իրենց ամենամեծ խնդիրը գործազրկությունն են համարում: «Գյուղացին աշխատանքը սիրում ա, պայմաններ չկա»,- ասաց հաշվապահ Գրիշա Ղազարյանը: Գոգարանը 640 հա վարելահող ունի, որից գյուղացիների ասելով հազիվ 10%-ն են մշակում:

«Գյուղացին, որ էդքան հող ունենա, ինքը խանութից ալյուր առնի, էլ ուրիշ հարց կարելի՞ է տալ»,- հայտնեց գյուղամիջում գլուխ-գլխի հավաքված տղամարդկանցից Սարգիս Պետրոսյանը: Վերջինս ներկայացրեց  նաեւ գյուղի անգործ երիտասարդների  վիճակը: «Դուք առավոտից էստեղ լինեք՝ կտեսնեք, էստեղ հավաքվում են գյուղի մոտ 200 երիտասարդ, սաղ աշխատող ձեռք`պարապ պատի տակին նստած: Որ պատերի տակին վեր թափած լինենք, ո՞նց կլինենք: Իրա հողը, ով մի երկու մետր ցանում ա, դրանով յոլա է տանում իրա ընտանիքը»,- ասաց  Սարգիս Պետրոսյանը: 

Գոգարանցիները գյուղում ապագա չեն տեսնում: Նրանց մոտ 80%-ն արտագնա աշխատանքի է մեկնում: Գոգարանցի Ռոբերտ Գասպարյանն ասաց, որ 1 հա հողի վրա 200 հազար դրամ է ծախսվում, դրա արդյունքներն ստանալիս էլ հույսը դնում է Աստծո վրա:

Սիլվա Թորոսյանը Ռոբերտ Գասպարյանը

«Ես տարեկան 6 հա հողի վրա 1 մլն դրամ եմ ծախսում, ինչքան հնարավոր է արդյունքը ստանում եմ»,- ասաց  Ռոբերտը: Գյուղը խմելու եւ ոռոգման ջրի խնդիր չունի: Ինչպես գյուղացիներն են ասում՝ ամեն ինչ կա, փող չկա: «Լոդր ժողովուրդ չենք, աշխատող ժողովուրդ ենք, բայց գումար չկա, որ հողի վրա դնենք ու ստանանք: Մի քանի հոգի են գյուղում: Մեկի տղան Ռուսաստանից փող ա ուղարկում հնարավորություն է ունենում հողը մշակելու, բայց որի տակն էլ փախած ա, չեն կարողանում հողը մշակել»,- բացատրեց Ռոբերտը: 

Գոգարանն ունի 1472 բնակիչ, 338 ծուխ, որոնցից 269-ն ընդգրկված են «Փարոս» համակարգում: Նրանցից 175-ը նպաստառուներ են: Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սիլվա Թորոսյանի ասելով գյուղի ընտանիքների 50%-ը սոցիալապես խիստ անապահով են: Հաշվապահ Գրիշա Ղազարյանն էլ ավելացրեց, որ համայնքապետ Գալոյանը համայնքի 30 մլն դրամ բյուջեից 3 մլն դրամ նախատեսել է սոցիալապես անապահով ընտանիքներին օգնելու, 1,7 մլն դրամ էլ ուսանողների ուսման վարձի վճարմանն աջակցելու համար:

Սարգիս Ռուշանյանի ընտանիքը

Սարգիս Ռուշանյանի տունը 15 օր առաջ հրդեհ էր բռնկվել եւ այրվել էր երեխաների ամբողջ հագուստը, մի քանի օր հետո էլ սատկել էր միակ ձին: Սարգիսի 6 երեխաներին օգնության ձեռք են մեկնել բարեկամներն ու հարեւանները՝ երեխաներին հագուստ են տրամադրել: «Սակայն համայնքապետից որեւէ աջակցություն չստացա»,- ասում է Սարգիսը: 

Համայնքապետարանի հաշվապահից խնդրեցի Գոգարանի 2013թ.-ի բյուջի մեկ օրինակ: «Դուք ինձ մի թուղթ կտա՞ք, որ պահանջել եք բյուջեի մի օրինակը»,- հարցրեց հաշվապահ Գրիշան: Նկատելով զարմացած հայացքս Սիլվա Թորոսյանը բացատրեց. «Գիտե՞ք ինչու է թուղթ ուզում, մեզ վճարում են տեղեկատվություն հաղորդելու համար, բայց դուք մի վճարեք, պետք չի»:

Ս. Թորոսյանը տրամադրեց գյուղի 2013-2016 թթ.-ի զարգացման քառամյա ծրագիրը, որով համայնքապետ Արթուր Գալոյանը նախատեսել է կառուցել 20 բնակարան, դպրոցի մարզադահլիճ, մշակույթի տուն եւ համայնքային կենտրոն: Համայնքապետը նախատեսել է վերանորոգել նաեւ Գոգարանի խմելու ջրի ներքին ցանցը, բարելավել գոգարանցիների սոցիալ-տնտեսական պայմանները, բարեկարգել համայնքի ներքին ճանապարհները:

Քառամյա ծրագրում նախատեսված խնդիրների իրագործման ֆինանսական որեւէ աղբյուր չի հիշատակվում, որի պատճառով բազմահոգս Գոգարանի զարգացման քառամյա ծրագիրն իրենից անարժեք թուղթ է ներկայացնում: 

Մեկնաբանություններ (1)

Aram
Why are these people still voting for the same politicians. What will it take for these people to rise up?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter