
Ադիբեկյան. «Մի ստվար զանգված կարող է կարեկցանքից ելնելով իր ձայնը տալ Պարույր Հայրիկյանին»
«Սոցիոմետր» սոցիոլոգիական ընկերության տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ այս պահին հարցումներ են անցկացվում պարզելու համար, թե Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը ինչ ազդեցություն կարող է թողնել թեկնածուների ձայների բաշխման գործում:
«Այս պահին կարող եմ ասել, որ նախկին հարցումների հետ համեմատ էական փոփոխություն չկա: Նման բաները մեկ օրում չեն լինում, առնվազն մեկ շաբաթ է պետք հանրային կարծիքի փոփոխության համար: Դա է պատճառը, որ մասնագետներն էլ հստակ կարծիք չեն կարողանում հայտնել, թե ինչ է կատարվել իրականում եւ ինչ հետեւանքներ կունենա»,- ասաց սոցիոլոգը:
Ահարոն Ադիբեկյանի դիտարկմամբ` այս պահին Պարույր Հայրիկյանն ու Հրանտ Բագրատյանը 3-րդ տեղում են` Սերժ Սարգսյանից ու Րաֆֆի Հովհաննիսյանից հետո, եւ Հայրիկյանի դեմ իրականացվածը կարող է վերջինին հնարավորություն տալ բարձրանալ երկրորդ հորիզոնական, սակայն ոչ ավելին:
Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ եթե նույնիսկ 2 շաբաթով ընտրությունները հետաձգվեն, միեւնույն է. էական փոփոխություններ չեն լինի թեկնածուների դասավորվածության առումով:
«Ընտրողների մի ստվար զանգված կարող է կարեկցանքից ելնելով իր ձայնը տալ Պարույր Հայրիկյանին, ասելով, որ տառապած անձ է եւ այլն, բայց դա բավարար չէ հաղթանակի համար»,- ավելացրեց սոցիոլոգը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել