HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հանրային պաշտպան ունանալու մասին տեղեկացված չէր. ինչո՞ւ դատավորը չտեղեկացրեց ամբաստանյալին

Հունիսի 20-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում, դատավոր Վահե Խալաթյանի նախագահությամբ, քննվեց Արշալույս գյուղի բնակիչ Գարսևան Ասատրյանի դեմ հարուցված քրեական գործը:

Ըստ մեղադրական եզրակացության' «Գարսևան Ասատրյանը 2010 թ. հունիսին, իր տնամերձ հողամասում տեսնելով վայրի ձևով աճած կանեփ տեսակի բույս, այն խնամել է և 2010 թ. հուլիսի վերջերին դրա տերևները քաղելով չորացրել, մանրացրել և առանց իրացնելու նպատակի, իր օգտագործման համար պատրաստել է խոշոր չափի' 5.5 գրամ քաշով չորացված «մարիխուանա» տեսակի թմրամիջոց»:

Գարսևան Ասատրյանը, 0.4 գրամը լցնելով ծխախոտի գլանակի մեջ, ծխելու եղանակով գործածել է, իսկ իր բաճկոնի գրպանում պահել է մնացած 5.1 գրամը, որն այս տարվա մարտի 25-ին' անձնական խուզարկության ժամանակ, հայտնաբերել են ոստիկանության Մեծամորի բաժնի աշխատակիցները:

Գարսևանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նա իրեն մեղավոր է ճանաչել և խնդրում էր իր նկատմամբ մեղմ վարվել:

Ամբաստանյալը քրեական գործի նախաքննության շրջանում պաշտպան չի ունեցել, դատարանի դահլիճում նույնպես հրաժարվեց պաշտպան ունենալուց: Մեր հարցին ի պատասխան' Գ. Ասատրյանը հայտնեց, որ սկզբում «ախպեր տղերքն» իրեն խորհուրդ են տվել պաշտպան ունենալ, սակայն փաստաբաններից մեկն իրենից 100 դոլար է պահանջել, ինչն իրեն հետ է պահել փաստաբան ունենալուց:

«Հետո քննիչն ասաց, որ համաներման տակ եմ ընկելու, դրա համար էլ գլուխ չդրի»,- ավելացրեց նա: Նա առաջին անգամ մեզնից լսեց, որ կարող էր հանրային պաշտպան ունենալ: «Անվճար փաստաբա՞ն էլ կա, ես չգիտեի»,- զարմացավ Գարսևանը:

Դատավոր Խալաթյանը նիստի ժամանակ հետաքրքրվեց ամբաստանյալից, թե արդյոք պաշտպան չունենալը կապվա՞ծ է նրա նյութական վիճակի հետ: Գարևան Ասատրյանն, առանց հասկանալու դատավորի հարցը, հայտարարեց, թե նյութականը կապ չունի պաշտպան չունենալու հետ:

Դատավորը մինչ այդ հետաքրքրվեց նաև ամբաստանյալի ընտանեկան կարգավիճակով, և պարզեց, որ Գարսևանի խնամքին են 2 անչափահաս երեխա, հիվանդ մայր և գործազուրկ կին:

Ինքը նույնպես չի աշխատում, զբաղվում է հողագործությամբ և վճարունակ չէ: Այդ ամենով հանդերձ, դատավոր Խալաթյանը հստակ չասաց, որ ամբաստանյալը կարող է հանրային պաշտպան ունենալ:

Պաշտպանի կարիքը զգացվեց հատկապես այն ժամանակ, երբ համաներում կիրառելու մասին միջնորդություն պետք է ներկայացվեր դատարանին, իսկ Գարսևան Ասատրյանը հանգիստ նստած էր և չգիտեր, որ նման միջնորդություն պետք է ներկայացներ: Նա չգիտեր անգամ, որ նման միջնորդության իրավունք ունի:

Վիճակը շտկեց դատավոր Խալաթյանը: Նա 5 րոպե ընդմիջում հայտարարեց, որպեսզի այդ հարցերը հստակեցվեն: Այդ ժամանակ էլ մեղադրող Դավիթ Բարոյանն ու դատավորը փորձում էին որոշել, թե իրենցից ով պետք է հուշի համաներման մասին այն ժամանակ, երբ նիստերի ձայնագրառման համակարգը միացվի: Որոշվեց, որ այդ գործը պետք է անի դատավորը, իսկ մեղադրողը առարկություն չի ներկայացնի:

Գարսևան Ասատրյանն ունի միջնակարգ կրթություն, սակայն դատարանում հայտարարեց, որ գրագետ չէ: Դա ապացուցվեց, երբ 20 րոպեում 2 նախադասությամբ գրավոր դիմում գրեց, թե խնդրում է իր նկատմամբ համաներում կիրառել և հարուցված քրեական գործը կարճել:

Վերջում դատավոր Վահե Խալաթյանը «Հետքին» պարզաբանեց, թե արդեն գիտեին, որ Գարսևանի նկատմամբ համաներում պետք է տարածվի, և քանի որ դատաքննությունը չէր շարունակվելու, հանրային պաշտպանի ծառայությունից օգտվելու իրավունքը չմանրամասնեց ամբաստանյալի համար:

«Եթե համաներումից հրաժարվեր կամ գործի քննությունը շարունակվեր, անպայման գործում կներգրավվեր հանրային պաշտպան»,- ավելացրեց դատավորը:

Մեկնաբանություններ (1)

Արս
Ամոթա, ամոթ ես ինչ շոու են խաղում մեր ձիու գողերին թողած հավի գողի են բռնել ու սենց շախով շուխով դատում են արա ամաչեք, ամոթա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter