
Մահացել է լեգենդար բռնցքամարտիկ, օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը
Մեծ ցավով տեղեկացանք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում մահացել է լեգենդար բռնցքամարտիկ, օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը:
Վլադիմիր Ենգիբարյանը հիրավի մեծագույն հայ բռնցքամարտիկներից էր, տեխնիկական և տակտիկական փայլուն պատրաստականություն ունեցող մարզիկ, ով դարձել է 1956թ. Մելբուրնի 16-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն, ԽՍՀՄ ժողովուրդների անդրանիկ սպարտակիադայի հաղթող, Եվրոպայի և Խորհրդային Միության եռակի չեմպիոն։ Նրա մենամարտերը բռնցքամարտի շատ մասնագետներ մինչև օրս էլ համարում են ինքնատիպ և անկրկնելի։
Անվանի բռնցքամարտիկը ծնվել է 1932թ. Տավուշի մարզի Սևքար գյուղում, սովորել և ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը և ողջ կյանքի ընթացքում հավատարիմ մնալով մարզիկի իր կոչմանը, ծառայել է սիրած մարզաձևին: Վլադիմիր Ենգիբարյանը 1957թ. դարձել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, 1965թ. արժանացել է վաստակավոր մարզչի, իսկ 1968թ.՝ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի կոչումներին:
Լեգենդար բռնցքամարտիկը 1959-90-ին եղել է Երևանի պատանի բռնցքամարտիկների դպրոցի հիմնադիր-տնօրենը, որը հետագայում անվանակոչվել է նրա անունով:
Հայաստանում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի գործում ունեցած մեծ ավանդի համար նա պարգևատրվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ոսկե մեդալով:
Չնայած Վլ. Ենգիբարյանը կյանքի վերջին տարիներին բնակվում էր ԱՄՆ-ում, սակայն սերտ կապը հայրենիքի և հատկապես հայաստանյան մարզաշխարհի հետ մշտապես եղել է շատ ամուր և անխախտելի: Անվանի մարզիկի, վաստակաշատ մարզիչի, լեգենդար մարդու և պարզապես հիանալի ընկերոջ հիշատակը միշտ վառ կմնա ոչ միայն նրան ճանաչողների, այլ նաև երախտապարտ հայ ժողովրդի հիշողության մեջ:
Մարզաշխարհի բոլոր ներկայացուցիչները սգում են մեծ մարզիկի մահը, ցավակցում նրա ընտանիքին և հայտնում նրանց իրենց զորակցությունը:
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախաձեռնությամբ փետրվարի 3-ին` ժամը 14:00-ին, Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի կունենա վաստակաշատ մարզիկի հոգեհանգստի արարողությունը:
Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն
Մեկնաբանել