
Պարզաբանումներ Ծիծեռնակաբերդի խճուղու մասին հրապարակման վերաբերյալ
Օրեր առաջ մենք հանդես էինք եկել հրապարակմամբ, որում ասվում էր, որ ընդամենը մի քանի տարի առաջ կառուցված Ծիծեռնակաբերդի խճուղու լայնությունը չի համապատասխանում ստանդարտներին:
Հաշվի առնելով, որ հրապարկման մեջ առկա էին ոչ ճշգրիտ ձևակերպումներ, հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը.
Համաձայն ԳՈՍՏ 52289-2004-ի` Ծիծեռնակաբերդի խճուղու նման փողոցների երթևեկության յուրաքանչուր գծի լայնությունը պետք է լինի 3.5 մետր: Այսինքն` ամբողջ փողոցի լայնությունը պետք է լինի 3.5 մետր * գոտիների քանակ (այս դեպքում` 4) + 0.2 մետր եզրագծերից յուրաքանչուրի համար և + 0.2-0.3 մետր հոծ գծի համար: Այսպիսով, յուրաքանչուր ուղղությամբ երթևեկության երկու գոտի ունեցող Ծիծեռնակաբերդի խճուղու ասֆալտապատ մակերեսի լայնությունը պետք է լինի առնվազն 14.6 մետր + մայթերը:
Իսկ խնդրո առարկա փողոցի վրա փաստացի ասֆալտի լայնությունը միջինում 13.9-14.0 է, ինչի արդյունքում գծերի միջին լայնությունը ստանդարտում ամրագրված 3.5 մետրի փոխարեն 3.3 է` որոշ տեղերում նվազելով միջև 2.8 մետր:
Միջպետական ստանդարտներում հստակ ամրագրված է, որ նորմաներին համապատասխանող փողոցների գծանշման ժամանակ երթևեկության գոտիների լայնությունը պետք է համապատասխանի շինարարական նորմերին (այն է` 3.5 մետր): Միայն այդ նորմերից շեղումով կառուցված փողոցների երթևեկության գծերի լայնությունն է, որ կարող է տարբերվել 3.5 մետրից, միաժամանակ այն չի կարող լինել 3 մետրից պակաս մարդատար և բեռնատար մեքենանների և 2.75 մետրից պակաս միայն մարդատարների երթևեկության համար:
Այսինքն՝ այն, որ երթևեկության գոտիների միջին լայնությունը մոտ 3.3 մետր է, ենթադրում է, որ ճանապարհը չի համապատասխանում ստանդարտներին, իսկ այն, որ երթևեկության ձախ գոտին հիմնականում 3 մետրից բարակ է, նշանակում է, որ այն նախատեսված չէ բեռնատարների համար, սակայն, համապատասխան արգելքի նշանը բացակայում է, ինչը կրկին վկայում է խախտումների մասին:
Այսպիսով, կրկին հստակեցնում ենք, որ շուրջ 12.5-13 մետր է ոչ թե ամբողջ ասֆալտապատ մակերեսի լայնությունը, այլ դրա` երթևեկության գոտիների զբաղեցրած մակերեսի գումարային լայնությունը (14 մետրի փոխարեն):
Թեև մեզ հայտնի չէ, թե կոնկրետ ում մեղքով են ամեն օր հազարավոր վարորդներ անհարմարություններ զգում, սակայն ակնհայտ է, որ երթևեկության գոտիների գումարային լայնության վրա «խնայվել» են ահռելի գումարներ:
Ներողություն ենք խնդրում նախորդ հրապարակման մեջ ոչ հստակ և ոչ ճշգրիտ ձևակերպումների համար:
Մեկնաբանել