Կարեն Կարապետյանը հանձնարարել է Երևանը մաքրել կրպակներից
Երևանի վարչական շրջաններում շարունակվում են ապօրինի և պայմանագրային ժամկետները լրացած կրպակների ապամոնտաժման աշխատանքները: Այս մասին զեկուցվել է այսօր` քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
Երկրորդ փուլով բոլոր վարչական շրջաններում գույքագրված կրպակներից արդեն ապամոնտաժվել է 157-ը: Մինչև հուլիսի 1-ը, ըստ վարչական շրջանների ներկայացրած տեղեկատվության, կապամոնտաժվի ևս 245 կրպակ:
Քաղաքապետ Կարեն Կարապետյանը շեշտել է, որ մայրաքաղաքը պետք է մաքրել կրպակներից, և սիզամարգերի, մայթերի ու բանուկ այլ հատվածների հաշվին կրպակների տեղադրման թույլտվություն չի տրվելու: Նա հանձնարարել է հետևողականորեն շարունակել և կարճ ժամկետում ավարտել գործընթացը:
Կարեն Կարապետյանը հանձնարարել է, շրջակա տարածքի բարեկարգման և կանաչապատման գործընթացը կանոնակարգելու նպատակով, մշակել մայրաքաղաքի կանաչ գոտիներում առևտրային կամ տնտեսական գործունեություն ծավալող տնտեսվարողների հետ պայմանագրի համապատասխան ձև:
Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետին հանձնարարվել է ուսումնասիրել և առաջարկություն ներկայացնել մայրաքաղաքի ճարտարապետական նշանակություն ունեցող շենքերի և շինությունների ճակատային մասերում օդորակիչներ տեղադրելու խնդիրը կանոնակարգելու ուղղությամբ:
Ըստ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի զեկույցի` հիմնականում ավարտվել են վերնիսաժի տարածքի բարեկարգման աշխատանքները: «Դատելով հասարակական արձագանքից` վիճակը դեռևս բավարար չէ»,- նշել է քաղաքապետը` հանձնարարելով մեկ անգամ ևս ճշտել տրված հանձնարարականի կատարման արդյունքները:
Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ` ընդառաջելով օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի շրջակա տարածքում տնտեսվարող սուբյեկտների խնդրանքին` քաղաքապետը հանձնարարել է ժամը 10:00-ից 11:00-ն ընկած ժամանակահատվածում օպերայի հարակից տարածքում թույլատրել մատակարարող տրանսպորտային միջոցների կայանումը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել