
Պոչանքները թափվում են Դեբեդ գետը. որտե՞ղ են «վերահսկողների» աչքերը (վիդեո)
«Հետքը» 2012 թ.-ին Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի արտադրության կազմակերպման անբավարար վիճակի, արտադրական վտանգավոր պոչանքների անթույլատրելի հոսքերով Ախթալա գետակն ու Դեբեդ գետը աղտոտելու և այլ հիմնախնդիրների մասին հրապարակել է շուրջ 10 հոդված:
Այդ հրապարակումներից հետո կոմբինատում կատարվել են կադրային որոշ տեղաշարժեր, որոնք, սակայն ոչինչ չեն փոխել կոմբինատի արտադրության կազմակերպման գործում: Հանքահումքային ոլորտից անտեղյակ ԼՀԿ-ի գլխավոր տնօրեն Մադլեն Թաշճյանը այդպես էլ անհրաժեշտ հետևություն չի արել, որ կոմբինատի արտադրության գործի կազմակերպման լավագույն ճանապարհը կոմբինատի հնացած տեխնոլոգիաներից հրաժարվելն ու մասնագետ կադրերի ճիշտ ընտրությունն է: Նրա անհեռատես կադրային քաղաքականության արդյունքում այսօր կոմբինատի տնօրեններից ոչ մեկը հանքահումքային ոլորտի մասնագետ չէ, իսկ ինքը` տիկին Մադլենը, մասնագիտությամբ բուժքույր է:
Փետրվարի 1-ն Ախթալայի ԼՀԿ-ի «Հետքի» աղբյուրը հայտնեց, որ Մադլեն Թաշճյանի կողմից վերջերս ԼՀԿ-ի տնօրեն նշանակված Սեյրան Նիկողոսյանը մասնագիտությամբ ագրոնոմ է: Ստեղծված իրավիճակում ԼՀԿ-ի արտադրության պատասխանատուները չեն կարողանում վերահսկել արտադրական թունավոր պոչանքները: Դրանք մշտապես ուղղում են դեպի Դեբեդ գետ: Հունվարի 31-ի ամբողջ օրը Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի արտադրական պոչանքները թափվել են Ախթալա գետակ, այդտեղից էլ՝ Դեբեդ գետը: Պոչանքային հոսքերը Դեբեդ են լցվեցին նաև փետրվարի 1-ին` մինչև ժամը 17:00:
Ախթալայի Բարիտ թաղամասի երկաթգծի կամրջից ներքև (Ախթալա գետակի՝ Դեբեդին հատվելու տեղանքում) պոչանքային հոսքերի մեր նկարահանումների մասին Դեբեդի հարևանությամբ գտնվող պոմպակայանի աշխատողը անմիջապես ահազանգեց ԼՀԿ-ի անվտանգության աշխատողներին: «Սեյրանին ասեք՝ գետի մոտ նկարահանում են»,- հայտնեց նա: Սեյրան Նիկողոսյանը ԼՀԿ-ի պետն է: Ահազանգին անմիջապես հաջորդեց կոմբինատի անվտանգության աշխատողների անհանգիստ շարժը մեր շուրջ, իսկ 30 րոպե անց պոչանքային հոսքերը սկսեցին նվազել: Փետրվարի 1-ին Դեբեդ էին լցվում նաև ԼՀԿ-ի պոչանքաջրերի մեծ հոսքեր, որոնց խողովակները պայթել էին Ախթալա բարձրացող ճանապարհահատվածի լանջերից մեկում: ԼՀԿ-ից դեպի Ճոճկանի պոչամբար գնացող խողովակները Ախթալայի Բարիտ թաղամասում երկաթե կամրջակով անցնում են Ախթալա գետակի վրայով: Այն տեղադրվել է Սերոբ Տեր-Պողոսյանի կողմից: Կամրջակով անցնող խողովակների վրա փական է տեղադրված, որի բացելու դեպքում բաց խողովակներից մեկով կոմբինատի արտադրական պոչանքների մեծ քանակություն է թափվում Ախթալա գետակ:
ԼՀԿ-ի «Հետքի» աղբյուրը հայտնեց, որ պետի ցուցումով Ախթալա գետակի վրայով անցնող Ճոճկանի պոչամբարի խողովակի փականը սիստեմատիկաբար բացվում է: Կամրջակին հարող լանջերը, Ախթալա գետակի ափամերձ տարածքները ամբողջությամբ ծածկված են պոչանքներով: Այնպես որ ԼՀԿ-ի ղեկավարները այն հերքելու հիմքեր չունեն:
Զավեշտալին այն է, որ ԼՀԿ-ի տնօրինությունը և սեփականատերերը կոմբինատի արտադրական գործունեության հետևանքով Ախթալա քաղաքի շրջակա միջավայրի, այդ թվում նաև՝ Ախթալա գետակի և Դեբեդ գետի հասցված աղետալի վնասների համար իրենց մեղավոր և պարտավորված չեն զգում: Հանքահումքային արտադրությամբ գերբեռնված Թումանյանի տարածաշրջանում ընկերությունների բնապահպանական պարտավորությունների վերահսկումը փաստացի մատնված է անտերության:
Մեկնաբանել